laura sekoyan

Հիմա էլ ճտերը

Ամռանը Սոլակում երբեք անգործ չես մնում, միշտ մի հետաքրքիր զբաղմունք կարելի է գտնել։ Այդ ամառային զբաղմունքների շարքում կարելի է նշել ճտեր գնելն ու պահելը։ Այս ամսվա սկզբից ավելի հաճախակի են դառնում ավտոմեքենաների ազդանշանների ձայները։ Դրանք ոչ միայն միրգ և բանջարեղեն վաճառող ավտոմեքենաների ձայներն են, այլ նաև հավի ճտեր վաճառող։ Ինչպես միշտ՝ բոլորը գովում են իրենց բերած ճուտիկներին այնպես, կարծես աշխարհում դրանցից բացի ուրիշը չկա։ Բայց իրենց գոված ճտերն ունեն շատ «գովելի» գներ։ Վերջերս էր, որ տատիկս ճտեր գնեց մի մեքենայից, ու կարծես թե գոհ է իր վճարած գնից։ Հետաքրքիր է գյուղում ականատես լինել, թե ինչպես են գնորդները փորձում ճտերի գինն իջեցնել ու իրենց գրպանին համար գին ասել։ Բայց առավել հետաքրքիր ու զվարճալի է այն պահը, երբ գինն իջեցնում են ու կանչում իրենց հարևաններին ու բարեկամներին, որ էժան գնով գնեն։ Գնելուց հետո բերում են տուն, մի լավ զննում, ուրախանում իրենց արած գործի վրա ու մտածում, թե որտեղ պահեն ճտերին։ Տղամարդիկ էլ արդեն մտածում են, թե ինչ առիթով են մորթելու դրանց ու մի լավ ճաշկերույթ կազմակերպելու։ Բայց այդ նպատակին հասնելու համար պետք է ճտերին պահելու համար վանդակներ սարքեն։ Դա այնքան էլ երկար չի տևում։ Ընդամենը մեկ ժամ, և ճտերն արդեն ապրելու տեղ ունեն։ Կողքից դիտելով՝ սկսում ես մտքերով գնալ հեռուն ու հասկանում ես, թե ինչքան աշխատասեր են գյուղացիների ձեռքերը։ Տեսնում ես, թե ինչպես է գյուղացին իր ձեռքերով իր այգու մեջ փոքրիկ ֆերմա կառուցում։

Ճտերի համար ապրելու տեղ ստեղծելուց հետո հարևաններն սկսում են «պայքարել», որ իրենց ճտերը չափերով ավելի մեծ լինեն, քան մյուսներինը։ Դրա համար բոլորը կերակրում են նրանց արհեստական կերերով, իսկ մի փոքր փարթամանալուց հետո՝ տնական թեփով, ցորենով ու գարիով։ Հաճելի է նստել դրսում ու լսել ճտերի, փոքրիկ բադերի, հնդկահավերի ձայները։ Ճտերը, բադերն ու հնդկահավերը հաճախ են դառնում սուրճի սեղանի շուրջ խոսելու ու քննարկելու թեմա։