Հինգօրյա ուսուցում. լա՞վ է, թե՞ վատ

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Սեպտեմբերի առաջին երկու շաբաթը, եթե չեմ սխալվում, համարվում է հետարձակուրդային դեպրեսիայի շրջան: Այս արտահայտությունը միշտ ինձ շատ զվարճացրել է: Իհարկե, մի քիչ դժվար է պարապ սրտիդ ուզածն անելուց հետո միանգամից անցնել դասերին, բայց, այնուամենայնիվ, դա դեպրեսիա չէ: Եթե, իհարկե, 12-րդ դասարանցի չես: Իսկ ես այս տարի հենց 12-րդ դասարանցի եմ, և դեպրեսիա բառը հենց ինձ էր վերաբերվում, որովհետև դասերի հետ սկսվեցին նաև պարապմունքներս: Ամեն օր դասերից հետո, իսկ շաբաթ օրը առավոտյան և երեկոյան, միասին վերցրած` առավոտից երեկո ես պարապմունքի եմ: Հանգստյան օր մնում է միայն կիրակին, այն էլ այնքան տնայիններով, որ շատ «ուրախ» է անցնում: Շաբաթ օրն ամենածանրաբեռնվածն է, և չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե շաբաթ օրերն էլ դպրոցն աշխատեր: Ամեն օրվա 1 ժամ շուտ վերջացրածը մեզ ոչնչով չէր օգնի, իսկ 1 ամբողջ ազատ օրը շատ օգտակար երևույթ է: 5 օր դպրոց գնալը հիմա մեր կրթական համակարգի երևի միակ բանն է, որ ինձ դուր է գալիս: Իսկ ինչ վերաբերվում է մասնավոր պարապմունքներին, առանց դրանց հիմա հնարավոր չէ ընդունվել: Չնայած ստեղծված հոսքերին, միևնույնն է` դպրոցի ժամանակը քիչ է լավ պարապելու համար, եթե, իհարկե, բարձր բալեր ես ուզում ստանալ: Իսկ դպրոցում անցածով կարելի է ընդունվելու համար բավարար ստանալ, կամ էլ միջին: Շատ առարկաների շտեմարաններում դպրոցական ծրագրից տարբերություններ կան, այսինքն` ինչպես էլ լինի, մասնավոր պարապմունքը անհրաժեշտ է: Մի հարց էլ կա. դպրոցներում դասերի ժամանակ չենք օգտագործում շտեմարանները, կամ էլ շատ քիչ ենք օգտագործում: Ուրեմն ինչի՞ համար են շտեմարանները: Ավելո՞րդ են լույս տեսնում, թե՞ այն կազմողները և հրատարակողները հենց նախատեսել են մասնավոր պարապմունքերի համար: Շատերն ասում են, որ շտեմարանները մեզ վարժեցնում են, որ կարելի է դրանք անգիր անել և քննությունը լավ հանձնել: Բայց, ինչպես ասում է իմ մաթեմատիկայի կրկնուսույցը, եթե ինչ-որ մեկը կարողանա 3 շտեմարանները բոլոր լուծումներով անգիր անել, նա արդեն տաղանդավոր է և արժանի է ընդունվելու:

Չգիտեմ` լա՞վ է մասնավոր պարապելը, թե՞ ոչ, բայց առանց դրա հիմա քննությանը բարձր միավորներն ստանալն ուղղակի անհնար է: