nane eghiazaryan

Հինը և նորը

Եղբայրս երեկ եկել է մեր տուն:  Համակարգիչն էր սարքում, որովհետև փչացել էր: Այդ ընթացքում արդեն փոքր եղբայրս ինչ-որ բան բերեց և ասաց, որ միացնենք հոսանքից, որպեսզի նա դրանով խաղա: Մեզ համար այդ սարքը նորություն էր: Դա հաշվիչ էր, բայց չէր աշխատում: Երբ մենք նրան ասացինք, որ չի աշխատում, նա գնաց, և անկեղծ եմ ասում, չգիտեմ որտեղից, ինչ-որ լար բերեց, և մենք հետաքրքրությունից դրդված այն միացրինք հաշվիչին և հոսանքի աղբյուրին: Պարզ դարձավ, որ աշխատում է: Փորձեցինք աշխատեցնել, և պարզվեց, որ կարող է հաշվել նաև sin-ը, կամ cos-ը: Դե, մենք անկեղծ ասած, շատ էինք ուրախացել: Սկսեցինք համակարգիչը թողած հաշվիչով զբաղվել, ու եղբայրս էլ փոշմանեց, որ բերել և մեզ ցույց է տվել հաշվիչը, որովհետև իրեն հերթ չէր հասնում: 

Հարցը հաշվիչը չէր: Մենք ամեն օր էլ մեր հենց հեռախոսներով, թեկուզ ինչ-որ հասարակ բաներ կարող ենք հաշվել: Հարցն այն էր, որ մենք մինչ այդ պահը չէինք լսել էլեկտրոնային հաշվիչի մասին և չէինք էլ կարող պատկերացնել, որ այդպիսի բան գոյություն ունի, այնպես ինչպես 19-րդ դարի սկզբին մարդիկ գաղափար չունեին, թե ինչ է համակարգիչը:

Պատմությանս իմաստը այն է, որ մենք զբաղված էինք համակարգչով, որը 21-րդ դարի հիմնականում ավելի շատ օգտագործվող բանն է, իսկ երբ հայտնվեց այն հաշվիչը, որով պապիկս և տատիկս առաջ աշխատել են (2-ն էլ եղել են հաշվապահ և աշխատել են իրենց մասնագիտությամբ), մենք զարմացանք և բացահայտեցինք նոր իր: Հիմա կասեք` դրա մեջ ի՞նչ կա որ, իսկ ես կպատասխանեմ, որ ինչքան էլ գիտությունը և ընդհանրապես ամեն ինչը զարգանա և առաջ շարժվի, մենք միշտ պետք է հիշենք, որ առանց հնի նորը չէր լինի: Եվ դա վերաբերում է ոչ միայն գիտությանը, այլ ամեն ինչին՝ եթե չունենաս հին ընկեր, նա քեզ չի ծանոթացնի իր ընկերների հետ, և դու չես ունենա նոր ընկերներ, կամ եթե ուսուցիչդ իր ժամանակ չսովորեր, դու էլ հիմա չէիր սովորի: Ես կարող եմ այսպիսի էլի շատ օրինակներ բերել, բայց ուզում եմ կարճ ասել, որ ինչքան էլ նորը ունենք, մի՛ մոռացեք նաև հնի մասին, որովհետև նորն էլ մի օր կհնանա: Մի՛ մոռացեք նաև նրա համար, որովհետև հնի հիման վրա է սեղծվում նորը՝ ավելի լավը…