Sargis մելքօնյան

Հին կյանքի նոր պատմությունը…

Հարցազրույց տատիկիս՝ Լենա Մելքոնյանի հետ

-Տատիկ ջան, խնդրում եմ պատմիր քո մանկության մասին:

-Ես ծնվել եմ Արագածոտնի մարզի (էն ժամանակ` Աշտարակի շրջան էր կոչվում) Օրգով գյուղում: Լեռնային գյուղ է՝ Բյուրականից հյուսիս- արևմուտք, Աղձքից հյուսիս: Ես էլ քո պես երեխա եմ եղել: Իմ մանկությունը անցել է պատերազմական շրջանում: Այն ժամանակ Սովետական Միության վրա հարձակվել էր ֆաշիստական Գերմանիան: Մեր ծնողները լացում էին: Մենք չէինք հասկանում, թե ինչի էին լացում: Դե փոքր էինք, շատ էինք փոքր: Նայում էինք իրանց, մենք էլ էինք լացում: Իսկ երբ արդեն պատերազմը վերջացավ, բոլորս իսկապես ուրախ էինք ու աշխատում էինք կոլտնտեսությունում:  Յոթ-ութ տարեկանից սկսել եմ աշխատել: Իմ հասակակիցները, բոլորը աշխատում էին: Օգնում էինք կոլտնտեսությանը: Ոչ թե ծանր աշխատանք էինք անում, այլ օգնում էինք մեծերին: Մենք կոլխոզի աշխատանքից բացի հարկ էինք մուծում: Ձու պիտի տայինք պետությանը, յուղ, ցորեն, ամեն ինչ, որ մեր պետությունը բարգավաճեր:  Մենք չունենալով կոշիկ, գուլպա էինք գործում ու տալիս որբ մանուկներին: Մենք ուրախ էինք անում այդ ամենը: Կար մեծ մարդասիրություն:

-Որտեղի՞ց էին քո ծնողները, ինչպե՞ս էիք ապրում:

-Մայրիկս Արևմտյան Հայաստանի Մշո գավառից է՝  Արտամերտ գյուղից: Էնտեղ լավ խնձոր է աճել: Հայրս Վասպուրականից է՝  Մոկսից: Նրանք հանդիպել են Արևելյան Հայաստանում գաղթելուց հետո,  1924  թվականին ու ամուսնացել են: Ծնվել ենք 7 երեխա: Բոլորս աշխատել ենք, սովորել ենք: Մեր գյուղի դպրոցը յոթնամյա էր: Էն ժամանակ չկար լուսավորություն, մոմի լույսի տակ էինք սովորում: Երբեմն նավթով լամպ էինք վառում: Լամպի լույսի տակ մեր ծնողներն ամեն ինչ անում էին, մենք էլ սովորելով նրանցից, ամեն ինչի ընդունակ դարձանք: Բոլորս աշխատում էինք, որ մեր պետությունը վերականգնվեր: Երիտասարդները մեկնել էին ռազմաճակատ, օգնում էինք նրանց ծնողներին, փորձում էինք վիճակը մեղմել:

-Իսկ ի՞նչ խաղեր էիք խաղում…

-Մենք խաղալու ժամանակ չունեինք, գնում էինք երեխեքով կոլտնտեսություն: Էն ժամանակ կամով էին ցորենը մանրացնում: Մենք օգնում էինք ցորենը լցնել պարկերի մեջ: Կոլխոզում մի մեծ կալ կար. երկու տարբեր բրիգադներ մրցույթ էինք անում, թե ով շուտ կավլի, կմաքրի հատակը: Օգնում էինք դաշտից ոլոռը, սիսեռը, լոբին բերողներին:

-Ի՞նչ արտառոց դեպք է եղել քո կյանքում…

-Արտառոց դեպքեր իմ կյանքում շատ են եղել: Մի անգամ, երբ երեխաներով դաշտ էինք դուրս եկել մեր ծնողներին օգնելու, մի ցնցում եղավ: Մենք չէինք հասկանում, թե ինչ բան էր երկրաշարժը: (Մեր ճանապարհներն անանցանելի էին: Գյուղացի կանայք ու տղամարդիկ էին հարթեցնում հողը, որ սայլերով դաշտից ռայոն մի բան տանեին կամ բերեին):  Մենք շատ զարմացանք ու շատ վախեցանք երկրաշարժի ժամանակ, մանավանդ որ մեծ-մեծ մեքենաներ եկան մեր գյուղ: Բերեցին զինվորական վրաններ ու խփեցին հողամասերում, որ գիշերեինք այդտեղ: Երկու- երեք օր վրանի տակ անցկացրինք, որ հետցնցումներից ոչ ոք չտուժի:

-Ի՞նչ արեցիր յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո…

-Յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո ավագ դպրոցի համար վարձ էինք մուծում՝ 150 ռուբլի՝ 75 ռուբլի առաջին կիսամյակում, 75 ռուբլի՝ երկրորդում: Ութերորդ, իններորդ, տասներորդ դասարանները սովորել եմ Բյուրականում: Տեղերից, Օրգովից, Անտառուտից (չորս- հինգ հոգի), մասամբ Ագարակից  ( Օշականում էլ ավագ դպրոց կար, ավագը ո՞րն ա, բարձր դասարանները, էլի: Հա, կեսը  այնտեղ էին գնում, կեսը՝ Բյուրական: Աղձքից, Բյուրականից ձորերի միջով ոտաբոբիկ գնում էինք, որ կրթություն ստանայինք: Բավականին աշակերտներ կային: Ութերորդ դասարանը «ա, բ, գ, դ» ուներ, երեսուն հոգի ամեն դասարանում: Սովորեցինք, ավարտեցինք տասներորդ դասարանը և մեզանից շատ քչերը կարողացան բարձրագույն կրթություն ստանալ: Ես գնացել եմ, բայց թերի մնաց, ես չկարողացա շարունակել, որովհետև մայրիկս վնասվել էր պատահարից՝ քաղաքում ավտովթարից գլխուղեղի ցնցում էր ստացել: Ես մնացի մայրիկիս խնամելու: Երեք օր եմ գնացել ինստիտուտ…

-Ինչպե՞ս եղավ որ ամուսնացար…

-Շատ դժվար ա ինձ համար էդ մասին պատմելը, որովհետև ես, լինելով միջին խավից, ամուսնացել եմ ծայրահեղ աղքատ ընտանիքի տղայի հետ: Ու փառք Աստծո, կարողացել ենք իրար թև ու թիկունք լինել ու դարձել ենք գյուղի միջինից բարձր խավի ընտանիք: Ունեցել ենք  5 երեխա՝ 4 աղջիկ, 1 տղա: Ես չեմ հասել իմ նպատակին, չեմ ստացել բարձրագույն կրթություն, բայց Աստծու հաջողությամբ, իմ մուրազը կատարեցին  իմ երեխաները՝ ստացան բարձրագույն կրթություն: Մեծ աղջիկս՝ Սուսաննան, սովորեց համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Արմենս՝ իրավագիտական, Ռուզաննաս՝ լուսահոգի՝ բժշկական… Իմ թոռնիկներն էլ հիմա բարձրագույն կրթություն են ստանում պետպատվերի համակարգում՝ Մարիաս, Նելլիս, Ջուլիետաս… Ինձ հետ ապրող թոռներս գերազանցիկ են, ու ես հպարտ եմ դրանով:

-Ի՞նչ կմաղթես բոլորին:

-Ցանկանում եմ, որ ամեն մարդ արժանի  լինի «մարդ» կոչմանը: Խաղաղություն եմ մաղթում մեր ժողովրդին ու մեծ ուժ, կորով ու առողջություն դիրքերի տղերքին…

Հարցազրույցը վարեց` Սարգիս Մելքոնյանը