hripsime baloyan

Հին 17-ցին

Ողջույն, եթե 17․am-ի նորեկներից ես, դժվար թե ինձ ճանաչես կամ հիշես, բայց վստահ եմ, որ հին անդամներից անկասկած ինձ հիշողներ կլինեն, ինչպես ես չեմ մոռացել նրանց իմ երկար բացակայության ընթացքում:

5 տարի առաջ էր, երբ 17․am-ն իր անձնակազմով այցելեց մեր դպրոց՝ սեմինարներ անցկացնելու։ Ես և ընկերուհիս` Անին, հպարտ-հպարտ, մեզանից գոհ-գոհ գնացինք դահլիճ սեմինարին մասնակցելու համար, մեզ հետ էին համադասարանցիներս նույնպես։

Ես և Անին լուրջ, առանց մի խոսք ասելու լսում էինք 17․am-ի թիմին, մեզ փորձում էինք պահել հասուն 20-25 տարեկանի պես, փորձում էինք թաքցնել մեր բարբառը և խոսել այնպես, ինչպես 17-ի թիմը:

-Աղջի ջան, հանկարծ ըսքանի մոտ մեր Լեննականի բարբառով չխոսաս, խայտառակ էղնինք:

-Հա, սուս, հենց հարց տան, իրանց պես կպասխանենք, Երևանի բարբառով՝ խոսում ա, ասում ա, գալիս ա, գնում ա:

-Պայմանավորվանք: Դե արի հմի իրար հետ պարապինք, որ չխառնվինք: Ես հարց կուդամ, դու էլ պատասխանե իրանց ձևով:

Հիշում եմ ամեն ինչ՝ հատ առ հատ ինչ խոսել և արել ենք այդ երանելի 4 օրերին: Իսկ գիտե՞ք՝ ինչ անհամբերությամբ էինք սպասում հաջորդ օրվան: Պլանավորում էինք՝ ինչ հագնել, ինչպես դահլիճ մտնել, ինչպես ողջունել, որպեսզի ուշադրություն գրավենք և մեզ էլ խմբի հետ ուղարկեն հեռու տեղեր կամ Գյումրու տեսարժան վայրեր ֆոտոներ անելու, որպեսզի մեզ էլ անհատական ֆոտոխցիկներ տան: Այդպես էր, մենք միշտ ապահովված էինք ֆոտոապարատներով: Սկզբում առանց հասկանալու՝ ինչ տեսնում էինք, նկարում էինք՝ քար, խոտ, մարդ, աղբ, պոկված լարեր, լքված շուն, սոխի կամ կարտոֆիլի կեղև, իսկ հետո, երբ հասկացանք, որ օրիգինալ, հետաքրքիր կադրեր է պետք նկարել, սկսեցինք էլ ավելի շատ պոկված լարեր նկարել, պոկված տերևներ, գետնին ընկած թղթեր, ծխախոտի տուփեր և նման մեր պատկերացմամբ շատ օրիգինալ և տարբերվող բաներ: Այո, 4-5 տարի առաջ ես և ընկերուհիս շատ օրիգինալ ֆանտազիա ունեինք, որով լցնում էինք 17․am-ի ֆոտոխցիկների հիշողությունը:

-Ա՜ն, արի հլը տես՝ ինչ եմ գտել նկարելու: Քնած շուն, արի նկարենք:

-Հա լավ կադր է, արի երկուսս էլ նկարենք:

-Արի էն մեծ քարն էլ նկարենք, Երևանում դժվար սպես մեծ քար էղնի:

Հիշում եմ նաև մեր ընդմիջումները, երբ միասին բրդուճներ, քաղցր գաթաներ էինք ուտում։ Ես և ընկերուհիս առաջին օրը ամաչում էինք ուտել, բայց հաջորդ օրվանից մեզ լիովին թիմի անդամ զգացինք:

Չեմ խաբում, հիմա, հենց այս պահին, երբ նյութս եմ շարադրում, կարոտով եմ հիշում այդ օրերը: Հիմա կկրկնվեմ շատերի նման: Չեմ լինի օրիգինալ ու կասեմ անհնարին մի արտահայտություն՝ երանի հետ գային այդ օրերը: