Հիշարժան ուսումնական պրակտիկա

Հունիսի 28-ին Շիրակի Պետական Համալսարանի աշխարհագրության ամբիոնը, ինչպես ամեն տարի, կազմակերպել էր հետաքրքիր երթուղի՝ աշխարհագրության, սերվիսի և քարտեզագրության ուսանողների համար։ Երթուղին՝ Գյումրի-Ստեփանավան-Գյումրի։ Հագեցած ու հետաքրքիր օր էր մեզ սպասվում, որովհետև մեր կողքին էին իրենց գործում իսկապես լավագույնները։

Առավոտյան ժամը 9-ին շարժվեցինք Շիրակից դեպի Լոռի, ինձ համար ամենագեղեցիկ ճանապարհներից է Գյումրիից դեպի Լոռու մարզ ձգվող ճանապարհը, բարձրադիր սարերն ու գեղատեսիլ անտառները քեզ հետ են ողջ ճանապարհին, ու դու չես էլ հասցնում մի քիչ հոգնել, քիչ է մնում՝ մեքենայից իջնես ու ոտքով անցնես ողջ ճանապարհը, ագահաբար շնչես այն մաքուր օդը, որը քեզ պարգևում են այդ կանաչ ու խիտ անտառները։ Բառերը ոչինչ են նկարագրելու Լոռվա ողջ հմայքը։

Մեր առաջին կանգառը Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում էր՝ Դենդրոպարկում՝ Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա, Երևանից 155 կմ հյուսիս, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա։ Մեզ հրաշք բնական տեսարան էր սպասվում, զբոսնում էինք այգում ու կարծես աշխարհից կտրված լինեինք, հրաշք էր բնությունը, էլ չեմ ասում մեզ հանդիպած հազվագյուտ ծառերի ու բուսատեսակների մասին։ Ես վստահորեն ասում եմ՝ Լոռի այցելողը առաջինը պետք է կանգ առնի Դենդրոպարկում։

dav

Դենդրոպարկից շարժվեցինք դեպի Լոռի բերդ։ Միջնադարյան այս փառահեղ ամրոցը գտնվում է Ձորագետի ձախ ափին՝ Ստեփանավան քաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Այս զարմանալի ամրոցը ևս փաստում է միջնադարյան մարդու մտքի անծայրածիր թռիչքի մասին։ Զարմանալի տեսարան էր մեր առաջ բացվում, զարմանում էինք, թե միջնադարում չունենալով հատուկ տեխնիկա՝ ինչպես էին նման հսկա քարերով այսպիսի հսկա ամրոց կառուցել։

Ճիշտ էին ասում, որ բնությունը զարմանալի ու անակնկալներով լի է։ Ասածս հավաստում է Լոռի բերդում մեր առաջ բացված բնական տեսարանը՝ Ձորագետ գետի կիրճը։ Մենք դրանից մոտ 2 կմ-ից ավելի բարձրության վրա էինք կանգնած, ինչ գեղատեսիլ տեսարան էր, շոյում էր մարդկային աչքը, երանի թռչուններին, որ կարող են անվերջ թռչել ու լիարժեք վայելել այս հրաշք տեսարանները։

Լոռի բերդից վերադարձանք քաղաք Ստեփանավան՝ այցելելու Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը։ Սա իմ երկրորդ այցելությունն էր այստեղ։ Առաջին անգամ փոքր երեխա էի, դեռ դպրոցական էլ չէի, ոչինչ չէի հասկանում, իսկ երկրորդ անգամ այցելեցի արդեն որպես համալսարանական, արդեն դիտում ու նայում էի շուրջս իսկապես որևէ նոր բան տեսնելու ու սովորելու ակնկալիքով։

Թանգարանում տեսանք, ուսումնասիրեցինք ու լսեցինք՝ ինչ հնարավոր էր։ Հիանալի ու հետաքրքիր էր ականավոր գործչի տուն-թանգարանը։ Յուրաքանչյուր դետալ խնամքով ու ուշադրությամբ էր պահպանվում թանգարանում։ Թանգարանում տեսանք գրապահարանը, պահպանված մի շարք գրքերով ու հոդվածներով՝ սոցիալիստական շնչով, պահպանված էր անգամ թղթախաղի սեղանիկը, որի վրա Ստեփան Շահումյանը, ինչպես նշեց թանգարանի աշխատակիցը, սիրում էր թղթախաղ խաղալ աներոջ հետ։

Մեր հաջորդ մի փոքր կարճատև կանգառը Ամրակից գյուղում էր, գնացել էինք տեսնելու ռուսական եկեղեցին՝ կառուցված գոթական ոճով։ Այն հմայող գեղեցկություն ուներ, ասես հեքիաթից վերցված մի դղյակ լիներ, ափսոս, որ վթարային վիճակում էր, շատ մոտենալ չէր կարելի, բայց հեռվից էլ անչափ գեղեցիկ էր։

Եվ վերջին կանգառը Փամբակ գետի ափին էր, այստեղ արդեն մենք հանգստանում էինք, կիսվում օրվա տպավորություններով և պատրաստվում ուղևորվել դեպի Գյումրի։ Գյումրու ճանապարհին մեզ դիմավորեց հորդառատ անձրևը, բայց մեր քաղաք հասնելուն պես արևը արդեն պայծառ շողում էր, փողոցները ողողված էին ջրով։

Ահա այսպիսի հիշարժան օր էին կազմակերպել դասախոսները մեզ համար։