Հիշի՛ր, Հայաստանը միշտ քեզ է նայում

Լուսանկարը՝ Ջոանն Բեմիշի

Բարև՜, Հայաստան։ Արդեն բավականին ժամանակ է, ինչ նյութեր չեմ գրում, չնայած որ շատ եմ ցանկանում։ Երևի հարց առաջացավ, թե ինչու։ Մոտ երկու ամիս է, ինչ ԱՄՆ-ում եմ ՖԼԵՔՍ ծրագրով:  Բայց մի՞թե ԱՄՆ-ում գտնվելը պատճառ է նյութեր չգրելու համար։ Իրականում պատճառը այստեղի հագեցած առօրյան է: Եթե հայ դեռահասները մտածում են, որ իրենց առօրյան շատ հագեցած է ու ծանրաբեռնված, ապա կարող եմ վստահեցնել, որ այստեղ դեռահասների առօրյան շատ ավելի ծանրաբեռնված է, քան կարող եք պատկերացնել։
Մի փոքր նկարագրեմ թինեյջերների (դեռահասների) առօրյան ԱՄՆ-ում։ Նրանք սովորաբար շատ շուտ են արթնանում քանի որ դասերն այստեղ ավելի վաղ են սկսում, քան Հայաստանում։ Աշակերտների հիմնական մասը դպրոց է գնում դպրոցական ավտոբուսով (school bus)։ Եվ հավատացեք, որ ամենահաճելի բաներից մեկը դա դպրոցական ավտոբուսով դասի գնալն է: Չնայած ես առիթ չեմ ունեցել դպրոց գնալ այդ ավտոբուսով, քանի որ բավականին մոտ եմ ապրում դպրոցին։ Բայց դպրոցական ավտոբուսը նախատեսված չէ միայն երեխաներին դասի տանելու ու դասից բերելու համար։ Ուրիշ ինչի՞ համար կարող է նախատեսված լինել այն։ Չգուշակեցի՞ք։ Դե իհարկե, դպրոցական սպորտի թիմերին  տարբեր մրցույթների տեղափոխելու համար։ Սրան մի քիչ ավելի ուշ կանդրադառնամ։ Հիմա խոսենք դպրոցի մասին։ Դպրոցները այստեղ բավականին տարբեր են։ Եթե համեմատեմ Հայաստանի դպրոցների հետ՝ սարեր ձորերի տարբերություն։ Բայց ինչպես սովոր են ասել փոխանակման ծրագրի աշակերտները՝ ոչ ավելի լավ է, ոչ ավելի վատ՝ ուղղակի տարբեր է։ Ամերիկյան ավագ դպրոցում պարտադիր առարկաները հիմնականում  չորսից ավելի չեն լինում։ Մնացած առարկաները կարող ես ընտրել քո ցանկությամբ։ Իմ կարծիքով դա իրականում շատ ավելի լավ տարբերակ է։

Երբ ինձ այստեղ հարցնում են, թե ինչպիսինն է կրթական համակարգը Հայաստանի դպրոցներում, իմ պատասխանից հետ շատ են զարմանում։ Ամերիկացիների համար բավականին դժվար է երկրորդ լեզու սովորելը, այդ պատճառով նրանց համար նույնպես զարմանալի է, թե ինչպես են մեկ այլ երկրի աշակերտները  երկուսից ավելի լեզուների տիրապետում։

Դասերը ժամը 15։00-ից շուտ չեն ավարտվում, իսկ եթե ինչ-որ սպորտի թիմում ես, ապա շատ հնարավոր է,որ դասերից անմիջապես հետո միանգամից գնաս մարզումներին մասնակցելու։ Իմ դեպքում այդպես է։ Ես որպես սպորտ ընտրել եմ վազքը, որը հեշտ թվացող, բայց իրականում ամենաբարդ սպորտաձևերից մեկն է։ Ամեն օր դասերից հետո պետք է մնամ ու մասնակցեմ մարզումներին և հիմնականում 17:00 կամ 18:00-ից շուտ տուն չեմ կարող գնալ։

Տուն գալուց հետո ճաշում ես, որից հետո պետք է ավարտես տնային հանձնարարություններդ։ Որոշ աշակերտներ անգամ աշխատում են, որպեսզի կարողանան ապահովել իրենց առօրյա ծախսերը։ Այս ամենից հետո էլ էներգիա չի մնում: Այնպես որ, միանգամից ուզում ես քնել։ Ամենաշատ էներգիան սպառվում է մարզումների վրա։ Ինչպես հասկացաք, ԱՄՆ-ում սպորտին շատ մեծ տեղ են տալիս, և սպորտը ոչ միայն աշակերտների, այլ տարբեր տարիքի մարդկանց առօրյայի ու կյանքի մեծ մասն է կազմում։

Երբեք չեմ հասկացել սպորտի նշանակությունն ու կարևորությունը, բայց այստեղ գտնվելով հասկացա, թե ինչ մեծ ու կարևոր նշանակություն ունի այն։ Սպորտը մարդուն չի կոփում միայն ֆիզիկապես, այն կոփում է նաև հոգեպես։ Այն ստիպում է, որպեսզի անես ավելին, քան մտածում ես, որ կարող ես անել։ Ստիպում է միշտ պայքարել ու երբեք չհանձնվել և վերջապես սպորտը բացահայտում է մարդու անհատականությունը։ Շատ կցանկանայի, որ Հայաստանի դպրոցներում էլ սպորտին մեծ նշանակություն տային, քանի որ ամենավառ անհատականությունները հենց սպորտի շնորհիվ են ձևավորվում։

Երկու օր առաջ ընկերներիցս մեկը հարցրեց, թե ինչ ենք անում դպրոցում ֆիզկուլտուրայի ժամին։ Ու այս հարցը ինձ մտածելու տեղիք տվեց։ Երբեք ֆիզկուլտուրային որպես լուրջ առարկա չեմ վերաբերվել, բայց հիմա կարծիքս փոխվել է։ Շատ եմ ափսոսում, որ Հայաստանի շատ դպրոցներում, ինչպես նաև իմ դպրոցում, նորմալ պայմաններ չկան երեխաներին մարզելու  համար։ Բայց հուսով եմ, որ ապագայում ամեն ինչ կփոխվի։

Այսքան շատ խոսեցի սպորտի մասին, բայց չասացի, որ ոչ միայն մարզվում ենք կոփվելու, այլ նաև մրցույթներին մասնակցելու և հաղթելու համար։ Ամեն շաբաթ բոլոր սպորտային թիմերը մրցումներ են ունենում։ Երեկ վազքի մրցարշավներից մեկն էր, որին ես էլ էի մասնակցում։ Չնայած մռայլ եղանակին, մեր թիմը մարտական էր տրամադրված, իսկ մարզչի խոսքերը էլ ավելի էին քաջալերում և ուժ տալիս.

-Սոնա՛, իմ հայ ընկեր, պատրա՞ստ ես։ Հիշի՛ր, Հայաստանը միշտ քեզ է նայում։

Ա՛յ, այսպիսի խոսքերն են, որ քաջալերում են ինձ ու դարձնում էլ ավելի պատասխանատու։

Ահա իմ ամերիկյան առօրյայից մի փոքրիկ պատառ, հուսամ հետաքրքիր էր։ Կփորձեմ ձեզ ինչքան հնարավոր է շատ բան պատել ԱՄՆ-ի մասին չնայած այս ծանրաբեռնված առօրյային։

Դե, ինչպես ասում են՝ սի յու սուն (շուտով կհանդիպենք): Հուսամ՝ ինձ շատ չեք կարոտի։