nina arsutamyan portret

Հիշիր և մի ամաչիր

Երբ կյանքից դեռ շատ բան չէի հասկանում, կարծում էի, թե մարդիկ չեն կարող, ինչ-որ քաղաք գնալով, իրենց բնավորությունը փոխել:

Սակայն տարիները ինձ հասկացրին, որ կարող են:
Գյուղում իմ ընկերական շրջապատը փոքր է, բայց լի է սիրով: Իմ այդ փոքր շրջապատում այնպիսի մարդիկ կային, ովքեր մեծ-մեծ խոսում էին, թե որ գնան քաղաք, իրենց բնավորությունը չեն փոխի, ով որ գյուղին կամ գյուղում ապրող ինչ-որ մեկին փնովի, ապա իրենք նրան կարող են ասել, որ գյուղը ուրիշ է, գուղում բոլորը պարզ են և հասարակ, հասարակ են իրենց ապրելու ձևով…
Սակայն վատը գիտե՞ք՝ որն է, որ հենց այդ մեծ-մեծ խոսողը, երբ գնում է քաղաք, միանգամից 180 աստիճանի փոխվում է, սկսում է փնովել մեզ՝ գյուղում ապրող թե երեխաներին, և թե մեծահասակններին: Անգամ այն մարդը, ում հետ շատ մոտ էինք, միանգամից մեզ մոռանում է և չի համարում իր ընկերուհին:
Սակայն ուզում եմ դիմել այս մարդկանց, (անուններ չեմ տա). եղեք այն, ինչ կաք: Երբեք մի ամաչեք, որ ծնվել և մեծացել եք գյուղում, որ կյանքից, այսպես ասած, շատ բան չեք հասկացել: Հիմա գնացել եք քաղաք, ունեք ավելի մեծ շրջապատ, փորձեք հպարտանալ, որ գյուղից եք, երբեք գլուխ մի կախեք, որ գյուղացի եք, որ մեծացել եք հողով ու ջրով խաղալով, այլ ոչ թե հեռախոսը ձեռքիդ կամ էլ…
Ու մի բան էլ, մի մոռացեք այն մարդկանց, ովքեր ձեր կողքին են եղել միշտ: Ու երբ ունեք մեծ շրջապատ, մի փորձեք թաքնվել մեզնից, ընդհակառակը, հպարտացեք, որ ունեցել եք հավատարիմ ընկերներ, ում հետ մեծացել եք, ում հետ մտել եք ուրիշի այգին ու գողացել մորիները, անգամ գազարները, ուղղակի մի մոռացեք, որ գնում էինք ձեր տուն ու հայրիկից կամ մայրիկից թույլտվություն խնդրում, որ ձեզ հետ մինչև ուշ երեկո խաղանք: Այդպես կարող եմ անվերջ թվել:
Ծիծաղս գալիս է, երբ հիշում եմ, թե ինչպես էինք այն ժամանակ իրար հետ, իսկ այժմ…
Ուղղակի ես չեմ կարողանում հասկանալ՝ քաղա՞քն է մարդուն փոխում, թե՞ մարդիկ: