Ani Harutyunyan

Հիշո՞ւմ ես ինձ

Տարբեր մարդիկ ինձ տարբեր անուններով են կոչել, բայց դրանից իմ էությունը չի փոխվել: Ես գալիս եմ հազարամյակների խորքից, այնտեղից, որտեղ մնացին իմ թշնամիներից ու բարեկամներից շատերը, մնացին, կործանվեցին, մոռացվեցին, բայց ես շարունակեցի քայլել ու կանգուն մնացի: Դժվար էր, հավատացեք: Ես՝ մեկը, անընդհատ ճնշողները՝ շատ:

Հաճախ ես էլ չէի հասկանում՝ որտեղից ինձ այդքան ուժ, այդքան կամք ու սեր դեպի կյանքը:

Ես մեծ էի, բայց, փոխանակ ավելի մեծանալուն, փոքրանում էի: Հակառակ բնության բոլոր գրված ու չգրված օրենքներին՝ ես փոքրանում էի: Ինձ սեղմում էին, վիրավորում, վերքեր հասցնում: Արյունաշաղախ ես շարունակում էի քայլել: Հաճախ ոչ ոք չէր էլ բուժում վերքերս: Ես ուժ էի գտնում՝ մտածելով ապագայում ինձ սպասողների մասին: Նրանց տեսնելով իմ երազներում՝ ես հաղթահարում էի ամենացավալի ու ծանր հարվածները: Բայց լինում էին պահեր, երբ ես հավաքում էի իմ ուժերն ու ցույց տալիս, թե ինչի եմ ընդունակ: Ես կռվում էի, պաշտպանվում էի, պաշտպանում էի այն, ինչ իմն էր ու նորից շարունակում էի քայլել:

Ես լսում եմ՝ ինչպես են միշտ խոսում իմ մասին: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են միշտ ինձ լքում ու հեռվից փառաբանում, կարոտի խոսքեր ասում ու չեն գալիս ինձ գրկելու: Իմ մասին միշտ երգեր են գրում ու երգում, բայց երբեք իրենց երգածներն իրականություն չեն դարձնում: Ինձ միշտ բանաստեղծություններ են նվիրում, բայց երբ երկարատև հիվանդանում եմ, խնամքի, օգնության կարիք եմ ունենում, ոչ ոք ականջիս չի շշնջում բանաստեղծություններն ու սփոփանքի խոսքերը: Բոլորն ինձ սիրում են, բայց քչերն են հոգ տանում իմ մասին:
Ես անկախ երիտասարդ եմ կամ երիտասարդ անկախություն, բայց եռանդս չի հերիքում օդանավակայանումս չվերթի իրենց հերթին սպասող ընտանիքին մտափոխելու համար:

Ես տեսել եմ՝ ինչպես են թալանում, սպանում հայրերիս, ցավով հետևել եմ ու ի զորու չեմ եղել օգնելու նրանց: Ես չեմ կարողանում փրկել որդիներիս ու թեև հավերժ գրկում եմ նրանց, բայց ցանկանում եմ պահել կողքիս:
Խնդրում եմ, դադարեք ինձ խեղդել ձեր խոսքերով, ուղղակի լուռ պայքարեք, օգնեք ազատվել ինձ ներսից մաշողներից, օգնեք հանգստություն ու իրոք անկախություն գտնել:

Բարև, մի մոռացիր ինձ, իմ անունը Հայաստան է: