Kristina Epremyan

Հիշողություններ իմ Մայիսյանից

«Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը»: Այսպես է սկսում Րաֆֆին Արարատյան դաշտի նկարագրությունը և էլ ավելի գեղեցիկ շարունակում այն. «Արևի առաջին ճառագայթների ներքո՝ Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողերով, որ աչք էին շլացնում: Արագածի պսակաձև գագաթը չէր երևում: Նա դեռ պատած էր ձյունի ճերմակ մշուշով, որպես մի ամոթխած հարսիկ, որ սքողում էր իր դեմքը անթափանցիկ շղարշով: Կանաչազարդ դաշտավայրը, ցողված մարգագետիններով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով: Փչում էր մեղմ հովիկը, ծաղիկները ժպտում էին, դալար խոտաբույսերը ծփում ու ծածանվում էին, և դաշտի խաղաղ տարածությունը օրորվում էր սքանչելի ալեկոծությամբ: Գեղեցիկ էր այդ առավոտը»:

Այս դրախտային Արարատյան դաշտավայրում էլ գտնվում է իմ հայրական գյուղը՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղը: Փոքրիկ, բայց մեծանուն այս գյուղն արդեն ութսունչորս տարեկան է: Ինչո՞ւ մեծանուն, որովհետև նրա անունն իսկ արդեն հզորություն է խորհրդանշում:

«Մայսիյան»՝ մայիս ամսի, հաղթանակի ու աշխատավորի անունն է կրում իմ մի բուռ գյուղը…

Կյանքիս տասնութ գարուններն անցել են այս գյուղում: Ծնվել, մեծացել, կրթվել և դաստիարակվել եմ այստեղ: Այժմ հանգամանքների բերումով օրերիս մեծ մասն անցկացնում եմ գյուղից հեռու, և կարծես սա խթան լինի, որ ավելի շատ սիրեմ այն, կարոտեմ ու անհամբերությամբ սպասեմ տուն գալուս օրվան:

Ահա և հանգստյան օրեր են: Վերադարձել եմ տուն և չգիտեմ ինչպես առնեմ կարոտս գյուղից…

Առավոտ էր, Մայիսյանի լուսապայծառ առավոտներից մեկը: Չնայած անցած օրվա հոգնածությանս՝ զարմանալիորեն շուտ էի արթնացել, այնքան շուտ, որ գյուղում դատարկություն էր տիրում (բոլորն այդ ժամին քնած են լինում): Որոշել էի շրջել գյուղով, ես էլ չգիտեմ՝ ինչու… Դուրս եկա և քայլում էի անհայտ ուղղություններով: Ընկել էի հիշողությունների գիրկը և հանկարծ հասկացա, որ քայլերս ինձ բերել են իմ դպրոց: Ոչ ոք չկար դպրոցում, բացի տնօրենից: Նա չէր ազատվել իր վաղեմի սովորությունից՝ դասերը սկսվելուց երկու ժամ շուտ էր գալիս դպրոց (ապրում է ք. Արմավիրում, բայց մեր գյուղի լիիրավ բնակիչն է): Տեսնելով նրան, շատ ուրախացա…

-Հիշում եք, ընկեր Պետրոսյան, միշտ ուշանում էի դասերից, և միշտ Ձեր դիտողությանն արժանանում: Տեսեք՝ այսօր ինչ շուտ եմ եկել՝ բոլորից շուտ,-ասացի ու երկուսս էլ ծիծաղեցինք:

Քայլում էինք դպրոցում, հիշում լավ օրերը:

Բակում արդեն երևան էին գալիս վազվզող երեխաներ, դասի ժամն էր մոտենում: Դպրոցի ռադիոն առաջվա նման երգում էր: Ամեն ինչ նույնն էր, միայն մենք չկայինք…

Դուրս եկա դպրոցից ահագին թեթևացած:

Արդեն կեսօր էր, արևը փայլում էր երկնքում և ջերմացնում շրջապատը: Այն սկսել էր ջերմացնել նաև իմ կարոտած սիրտը:

Գյուղում արդեն շարժ կար, մարդիկ իրենց առօրյա գործերով էին: Նրանց համար դա սովորական օր էր, իսկ ինձ համար… Ես կարծես այդ օրը ուրիշ լինեի:

Երեխաները դպրոցից տուն վերադառնալուն պես, գցել էին պայուսակները ու վազել դուրս: Խաղում էին, վիճում, երբեմն իրար չէին հասկանում… Ակամայից հիշեցի ինձ, եղբորս: Հասնում էինք տուն թե չէ, առանց որևէ բան ուտելու դուրս էինք վազում: Խաղում էինք մինչև մութն ընկնելը, և երբ արդեն մթից իրար չէինք տեսնում, այդ ժամանակ միայն վերադառնում էինք տուն:

Արևը քիչ-քիչ մայր էր մտնում, օդի մեջ արդեն դուրեկան սառնություն կար, և հենց դա ինձ սթափեցրեց ամբողջ օրվա դյութանքից: Հասկացա, որ շատ ուշ է, պետք է տուն վերադառնալ: Չէի էլ նկատել՝ ինչպես էր ժամանակն անցել, ինչպես էի ամբողջ գյուղը ոտնատակ տվել: Բայց մի բան հստակ գիտեմ՝ չէի ուզում այդ օրը վերջանար: Ես կարծես գտել էի ինձ և չէի ուզում նորից կորցնել…

Այսպես ամեն անգամ գյուղ վերադառնալիս հիշողությունները լցնում են օրերս: Ժամանակս թռչում է, և չեմ էլ հասցնում մի կարգին հագեցնել կարոտի ծարավս:

Մի բան անհերքելի է. այստեղ, թե այստեղից հեռու, ես սիրում եմ գյուղս և հպարտ եմ, որ ծնվել եմ այստեղ: