Հիշողություններ քառօրյա պատերազմից

Ապրիլյան քառօրյա մարտերի մասնակից, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի բնակիչ Գարիկ Ամիրյանը բանակ զորակոչվել է 2016 թվականի հունվարի 18-ին։ Ծառայել է Մատաղիսում՝ կրտսեր սերժանտ կոչումով։ Քառօրյա պատերազմի սկզբից մինչև ավարտը եղել է նախ Մատաղիսի, ապա Թալիշի դիրքերում։

-Ապրիլի 1-ի գիշերը` ժամը մոտ 2:30-ին, Թալիշում սկսվեցին կրակոցները,- պատմում է Գարիկը,- ապրիլի 2-ին զորամասից մեզ տարան թաքստոցներ, երկու օր հետո, գիշերով, թշնամու համար աննկատ, կարճ ճանապարհներով գնացինք Թալիշ, որտեղ երկրորդ գծում պաշտպանությունն իրականացնելուց բացի՝ նաև առաջին գծում ինժեներական աշխատանքներ ենք կատարել։ Ռմբակոծվում էին հրամանատարական շենքերը, մեր թաքստոցները, ուսումնական գումարտակը, բատալյոնները։ Առաջին օրվանից մեզ միացան կամավորները, որոնց թվում նաև գավառցիներ էին։ Սկզբում բոլորս խուճապահար էինք, վախենում էինք, որովհետև մեր ապրելու հավանականությունը գրեթե 20% էր, ու երբ հասկանում ես, որ գուցե մեռնես, միշտ գերադասում ես առանց վախենալու մեռնել։ Մահը հանկարծակի է գալիս, անկոչ հյուրի նման գալիս է ու հաճախ տանում մտերիմ դարձած զինակից ընկերներիդ, և ամեն անգամ նման դեպքեր հիշելիս՝ ակամա շունչդ կտրվում է, իսկ ողջ ընթացքում քեզ ուղեկցող տագնապն ու գիտակցումը, որ քեզ տանը սպասում են, ստիպում են ամեն գնով ապրել։

-Երբ լուրերով լսեցինք, որ հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակ է, ես ու ամուսինս տեղներս չէինք գտնում,- ասում է Գարիկի մայրը,- ամեն րոպե համացանցով հետևում էինք դեպքերի զարգացմանը։ Ամուսինս սկզբում ուզում էր կամավորների հետ Ղարաբաղ գնալ, բայց համոզեցինք, որ մնա ու պետք եղած դեպքում անհրաժեշտ իրեր հասցնի։ Քառօրյա պատերազմի ընթացքում սպաները իրենց հեռախոսներով թույլատրում էին հաճախակի զանգել տուն։ Զրույցների ժամանակ ամուսինս գլխի ընկավ, որ ջրի պակասություն կա, ու որոշեց ջուր հասցնել։

Հիշողություններով տարված` Գարիկը շարունակում է.

-Քանի որ ամբողջ օրը թշնամին կրակում էր, մեքենաներով ջուր, սնունդ հաջողվում էր միայն գիշերվա ընթացքում հասցնել։ Իսկ մեկ մեքենայով բերված ջուրը պետք էր բաժանել 4 վաշտերի միջև։ Օրվա ընթացքում մեկ բաժակ ջրով բավարարվում էինք։ Փոքր տարիքում պապիցս սովորել էի, որ փշի որոշ տեսակներ, դորդոփի թուփը իր մեջ ջուր է պարունակում, և ուտելով՝ կարող ես ծարավը հագեցնել, այդ կերպ փորձեցինք ես ու ընկերներս, իսկ քաղաքներից եկած զինվորները հրաժարվեցին՝ վախենալով թունավորվել։

Ապրիլի 2-ին վիրավորվել էր մեր բուժակը, ու վիրավորներ ունենալու դեպքում մեկս մյուսին մեր իմացածի չափով առաջին օգնություն էինք ցույց տալիս։ Քանի որ մայրս բուժքույր է, ես բավականին լավ եմ տիրապետում առաջին բուժօգնության կանոններին։ Նման դեպքերում հասկանում ես, որ մարդասիրությունն ու հայրենասիրությունը միշտ փոխկապակցված են։

Ծառայությունն ավարտելուց հետո Գարիկ Ամիրյանը կրթությունը շարունակում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, սակայն ի տարբերություն իր մարտական ընկերներից շատերի՝ չի օգտվում քառօրյայի մասնակիցներին տրված ուսման վարձի 50% զեղչման արտոնություններից, քանի որ նրա զինգրքույկում մարտական հերթապահությունից բացի՝ նշված չէ քառօրյայի մասնակցի կարգավիճակը։

Գարիկը կարծում է, որ հայրենասիրությունը երեխայի մեջ պետք է սերմանվի շատ վաղ հասակից, որպեսզի տարիներ հետո հայրենիքի պաշտանությունը ոչ թե պարտականություն, այլ փոքր ներդրում համարի իր հայրենիքի հզորացման գործում։