Լուսանկարը` Հեղինե Սարկիսյանի

Հիրուր խեդի ու մեր խմբի մասին

Ողջույն, սիրելի ընթերցողներ։ Այսօր ուզում եմ պատմել մի պարի խմբի մասին, որի անդամն եմ ես։ Արդեն մոտ երեք տարի է, ինչ «Հրայրք» ավանդական պարի խմբի անդամ եմ, ու այն ինձ համար ուղղակի պարի խումբ չէ՝ որտեղ հաճախում են պարել սովորել ցանկացողները։ Այն մի մեծ ընտանիք է, որտեղ հավաքվել են միմյանցից շատ տարբեր, սակայն միևնույն ժամանակ, շատ նման մարդիկ, ովքեր սիրում ու ցանկանում են ծանոթանալ ազգային մշակույթին։ Ավելի պարզ լինելու համար կասեմ, որ «Հրայրք»-ը «Կարին» ավանդական պարի խմբի շառավիղն է Շիրակի մարզում, ավելի կոնկրետ՝ Գյումրիում։ «Հրայրք»-ը իր վրա պարտականություն է վերցրել ավանդական պարերը, երգերը, մի խոսքով, մշակույթը վերադարձնել Շիրակի մարզի ազգաբնակչությանը։

Լուսանկարը` Մարիամ Գրիգորյանի

Լուսանկարը` Մարիամ Գրիգորյանի

Միշտ մտածել եմ, թե ինչու հայերը իրենց հարսանիքներին վրացական են պարում, մի՞թե հայկական պարեր չկան, կամ այդքան վա՞տն են, որ չեն ցանկանում պարել, և հասկացել եմ, որ պարզապես հայերը հայկական պարեր չգիտեն։ Հաճախելով «Հրայրք», շատ բան եմ սովորել հայերի, հայկական մշակույթի, հայոց պատմության ու ընդհանրապես Հայաստանի մասի, ու համարում եմ, որ ամեն հայ մարդ պետք է ճանաչի իր հայրենիքը: Չէ՞ որ հայրենասիրությունը սկսվում է հայրենագիտությունից։ Չէ, ես չեմ ասել այս խոսքերը, Րաֆֆին է ասել, բայց համաձայնեք, որ շատ ճիշտ խոսքեր են։ Ու իմ կարծիքով ոչ միայն պետք է ճանաչի, այլ նաև իր մեջ կրի այդ արժեհամակարգը։

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

«Հրայրքը» ինձ շատ բան է տվել, ու ոչ միայն գիտելիքներ, այլ նաև շատ գաղափարակից ընկերներ, նոր ծանոթություններ ու շրջապատ։ Երեք տարի առաջ միացա «Հրայրքին», ու ես չգիտեմ, թե ինչպիսին կլինեի այսօր, եթե երեք տարի առաջ «Հրայրք» ոտք չդնեի։

Ընդամենը  չորս տարի է, ինչ «Հրայրք»-ը հիմնադրվել է ու արդեն մեծ ճանաչում ունի Շիրակի մարզում։ Այս տարի մեծ փառատոն կազմակերպեց Գյումրիում՝ մրցանակային տեղերով, որին մասնակցում էին մի շարք դպրոցներում պար առարկան անցնող երեխաները: Մրցույթին մասնակցում էին ոչ միայն Գյումրու, այլ նաև գյուղերի դպրոցների երեխաները։ Առաջին տեղ զբաղեցրեց Սառնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղ զբաղեցրեցին Աշոցք գյուղի միջնակարգ դպրոցի երեխաները, երրորդ տեղը` Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի երեխաները։

Լուսանկարը` Հեղինե Սարկիսյանի

Լուսանկարը` Հեղինե Սարկիսյանի

Մեր խումբը շատ միջոցառումներ ու համերգներ է անցկացրել այս ընթացքում, բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Դուք դա կարող եք «Հրայրքի» ֆեյսբուքյան էջից էլ իմանալ: Ուզում եմ խոսել այն մասին, թե ինչպես երկու բառը կարող է իր շուրջ համախմբել հարյուրավոր և հազարավոր մարդկանց։ «ՀԻՐՈՒՐ ԽԵԴ». ահա այն, համոզված եմ շատերը չեն հասկանա այդ բառակապակցության իմաստը: Ես էլ, երբ առաջին անգամ լսեցի, չհասկացա ու հարցրեցի, թե ինչ է նշանակում: Իմացա, որ Կարինի բարբառից թարգմանաբար նշանակում է՝ Իրար հետ, որը  միասնականության խորհուրդը ունի իր մեջ, իսկապես կարողացել է իր շուրջ համախմբել շատ շատերին։

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը` Հովհաննես Սարգսյանի

Մեր խմբում էլ ամենատարբեր մարդիկ են հավաքվել, բայց բոլորն էլ մեկ գաղափարի շուրջ. հայրենասիրությունը սկսվում է հայրենագիտությունից, ու առանց մշակույթին, պատմությանը ծանոթ լինելու հնարավոր չէ պահպանել տեսակը:

Այսօր էլ Գյումրիում ողջ ազգով Հիրուր խեդ…