elyanora balyan

Հնագիտական պեղումներ Կալավանում

Գեղարքունիքի մարզի իմ փոքրիկ Կալավան գյուղում հուլիսի 3-ին սկսվել են հնագիտական պեղումներ «Կալավան 2» հայտնի քարեդարյան հուշարձանի տարածքում, որը թվագրվում է մոտ 30 հազար տարով: Այս հուշարձանն առաջինն անգամ ուսումնասիրվել է մոտ 10 տարի առաջ՝ հայ-ֆրանսիական համագործակցության շնորհիվ: Այս անգամ աշխատանքները վերսկսվել են հայ-գերմանական համագործակցության շնորհիվ, ունենք հնագետներ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Գերմանիայի և Երուսաղեմի համալսարաններից: Հայկական կողմի ղեկավարն է Բորիս Գասպարյանը, իսկ գերմանական կողմինը՝ Արիել Մալինսկին: Հնագետներին Կալավանում դիմավորել է «Time Land» գիտաուսումնական հիմնադրամի հիմնադիր-ղեկավար և հնագետ Ռոբերտ Ղուկասյանը:

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նեանդերթալյան մարդու հետքեր. նրա կողմից պատրաստված գործիքներ, ինչպես նաև վերացած կենդանիների ոսկրային մնացորդներ, որոնք նախնական տվյալներով պատկանում են խոշոր եղջերավոր կենդանիների՝ բիզոնի և բրածո եղջերուի, նաև կան մանր կրծողների ոսկորներ: Հուշարձանը հետաքրքիր է այն առումով, որ ժամանակագրորեն համապատասխանում է այն ժամանակահատվածին, երբ նեանդերթալյան մարդուն փոխարինել է homo sapiens-ը՝ ժամանակակից բանական մարդը: Ըստ հնագետների՝ հնարավոր է, հնագիտական աշխատանքների արդյունքում ի հայտ գան այնպիսի փաստեր, որոնք կարող են բացահայտել, թե ինչպես և ինչ պայմաններում են անհետացել նեանդերթալցիները:

Ըստ ակնկալիքների՝ կատարվելիք աշխատանքները տևելու են մի քանի տարի և հետագայում ընդգրկելու են նաև ամբողջ Գետիկի տարածքը: