Հնգօրյա ուսուցում, յոթժամյա դասացուցակ

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

-Վաղը ուրբա՞թ է,- հարցրի ես:
-Հա,-պատասխանեց դասընկերս:
-Ախր, ի՞նչ դաս, հատկապես տասներկուսներիս համար:
-Դե, ի՞նչ անեմ:
-Չեմ գալու, ինչ ուզում են` թող անեն:
-Ութսուն բացակա, և վերաքննություն ես տալու:
-Մեկ է, չեմ գալու:

Գնացի տուն ու սկսեցի մտածել հնգօրյա և յոթժամյա դասերի մասին: Ի՞նչ իմաստ ունի մեկ օրվա մեջ ունենալ  յոթ դաս, որից երկուսն` անգլերեն, երեքը` գրականություն, մեկը` հանրահաշիվ, մեկը` ռուսերեն: Ծանրաբեռնված ռեժիմ, ու դրան էլ գումարած` պարապմունք կրկնուսույցի մոտ: Հիմա ուսուցիչներս կկարդան ու կմտածեն, որ իրենց  դեմ եմ դուրս գալիս: Բայց այդպես չէ, ուղղակի ասում եմ ճշմարտությունը: Հնգօրյա ուսուցումը մի կողմ, բայց ամենադաժանն  այն է, որ յոթժամյա դասացուցակ է: Օրինակ բերեմ հենց ինձ վրա: Դժվար ինձ գտնեք դպրոցում յոթերորդ ժամին, հատկապես հիմա, երբ համարյա շրջանավարտ եմ, բայց եթե լինեմ էլ յոթերորդ ժամին, ապա այդ օրը իմ ամենադաժան օրն է: Յոթ ժամ դաս, գնում եմ տուն, արագ պարապմունք եմ անում ու վեցն անց կես վազում պարապմունքի: Երկու ժամ այնտեղ, և ութն անց կես հետ գալիս: Մինչև հասնում եմ, դառնում է ինը, հաց եմ ուտում, մի քիչ հանգստանում, դարձավ արդեն տասը: Դե արի, այսքանից հետո դաս արա վաղվա համար: Էլ ի՞նչ դաս, այնքան հոգնած եմ լինում, որ նստածս տեղը քնում եմ: Դե, ես մեկ առարկա եմ պարապում, մի քիչ թեթև է, բայց պատկերացրեք դասընկերներիս վիճակը, որոնք մեկ օրվա ընթացքում երկու պարապմունք են ունենում: Ուղղակի տանջանք: Գնաս դպրոց` «երկուս» կստանաս, չգնաս` բացակա, իմաստը ո՞րն է:
Հա, ավագ դպրոց-վարժարաններ հարաբերությունների մասին: Ի՞նչ իմաստ ունի փոքրիկ քաղաքում պահել երկու իրար հավասարազոր դպրոցներ: Վայքում հենց այդ վիճակն է: Կա երեք դպրոց. մեկ ավագ դպրոց , մեկ քաղաքային վարժարան, մեկ հիմնական դպրոց: Վարժարաններն ունեն նույն իրավունքները, ինչ ավագ դպրոցները: Թեև սովորում եմ ավագ դպրոցում ու միշտ հպարտ եմ նրանով, որ Վայքի ավագ դպրոցի սանն եմ (սա էլ գովազդի նման մի բան), բայց մեկ է, իմաստ չեմ գտնում «ավագ դպրոց» համակարգի մեջ: Ի՞նչ է, մեր ծնողները կամ հենց նույն համակարգը ստեղծողները լավ չե՞ն սովորել կամ չե՞ն ընդունվել համալսարան: Կամ հենց մեր ուսուցիչները. սովորել են միջնակարգ հանրակրթական դպրոցներում  և ընդունվել համալսարաններ: Այս համակարգը մի բացասական կողմ ևս ունի` դպրոցները սկսում են իրարից երեխա «փախցնել»` մեկ դասարան ավել բացելու համար: Մի խոսքով, ինչ գլուխներդ ցավեցնեմ, ես դեմ եմ ավագ դպրոց համակարգին, դեմ եմ հնգօրյա ուսուցմանը, որի «շնորհիվ» դասերը յոթ ժամ են տևում: