amalya harutyunyan

Հոգեբան-լրագրող Ամալյա Հարությունյան

Եթե աշակերտ ես կամ ուսանող, հավանաբար քեզ էլ են հազարերորդ անգամ տվել օգոստոսյան ամենատարածված հարցը.

-Պատրաստվո՞ւմ ես սեպտեմբերին:

Գուցե դու հիշել ես ամենադաժան օրերը ու պատասխանդ «ոչ» է եղել: Կամ էլ երջանկացել ես, որ սկսվելու են հետաքրքիր օրերը ու դրական պատասխան տվել:
Իսկ ես ամեն անգամ պատասխան հարց կտամ.
-Հոգեպե՞ս, թե՞ ֆիզիկապես:
Կասես.
-Երկուսն էլ հարցնում եմ:
Ես էլ կպատասխանեմ.
-Ֆիզիկապես` այո, հոգեպես՝ ոչ:
Հա, որ գաս մեր տուն, կտեսնես՝ դարակիս ամենակարևոր անկյունում սեպտեմբերմեկյան հագուստս եմ դրել, պահարանում՝ կոշիկներս:
Պայուսակս իր իրերով պատրաստ դրել եմ, բայց ինձ համոզել, որ դպրոց չեմ գնալու, դեռ չեմ հասցրել:

Դեռ ոչինչ չեմ պատկերացնում: Չեմ պատկերացնում, որ ոչ թե 5 րոպե քայլելով հասնելու եմ դպրոց, այլ 30 րոպե երթուղայինով երթևեկելուց հետո՝ համալսարան, որ ոչ թե ունենալու եմ դասասենյակ, այլ լսարան, ոչ թե դասարան, այլ կուրս, դասերը լինելու են ոչ թե 45 րոպե, այլ 90:
Մասնագիտությունս էլ ընտրել եմ, բայց թե ոնց եմ սովորելու, նույնիսկ դա չեմ պատկերացնում:
7-րդ դասարանում էի, երբ հարցրին՝ ինչ եմ դառնալու: Երկար մտածելուց հետո ասացի.
-Հոգեբան կամ լրագրող:
Հետո 5 տարվա ընթացքում է՛լ բժիշկ դարձա, է՛լ դիվանագետ, պատմաբան ու արևելագետ, մանկավարժ ու բանասեր: Բայց երբ 12-րդ դասարանում նորից հարցրին՝ ինչ եմ դառնալու, իմ պատասխանը նույնն էր՝ հոգեբան կամ լրագրող:
Որպես մասնագիտություն հոգեբանությունն ընտրեցի: Որոշել եմ՝ պիտի շատ-շատ լավ հոգեբան լինեմ: Բայց եթե հարցնես՝ ոնց եմ պատկերացնում այդ ճանապարհը, չեմ կարողանա պատասխանել: Անկեղծ ասած՝ ընդհանրապես չեմ պատկերացնում:
Ու կյանքիս ամեն մի քայլից առաջ էսպես է: Երևակայությունս լարում եմ ու ինքս ինձ հազարավոր պատկերներ կառուցում, բայց իրականությունը երբեք չեմ պատկերացնում:
Եթե ճիշտն ասեմ՝ վախենում եմ, վախենում եմ նոր միջավայրից, մարդկանցից, նոր ծանոթություններից ու նոր հանդիպումներից: Վախենում եմ նոր շրջապատում սխալվելուց, նույնիսկ խոսելուց եմ վախենում:
Ավագ դպրոցի առաջին օրերն էլ էին էսպես: Եթե միայն իմանաք, թե քանի նկատողություն ու անբավարար գնահատական եմ ստացել այն պատճառով, որ ամաչել եմ խոսել նոր դասարանիս մոտ: Վախենում եմ, որ նույնը կլինի:
Մարդիկ ֆոբիա ունեն մթությունից, բարձրությունից, փակ տարածքից, իմն էլ փոփոխություններից է, այն ամենից, ինչ նոր է կյանքումս, դրան էլ նեոֆոբիա են կոչում:
Բայց ես մի բան էլ գիտեմ. ես ամենահետաքրքիր ու ամենաբազմաբովանդակ տարիներս պիտի անցկացնեմ համալսարանում, որոշել եմ, որ ուսանողական կյանքս պիտի անսահման լավ անցնի: Եթե իմ առաջ նպատակ եմ դնում, ինձ ոչինչ երբեք չի կանգնեցնի, նույնիսկ նեոֆոբիան:
Ու հիմա դու կարող ես ինձ նորից հարցնել, թե ինչ եմ դառնալու:
Կասեմ.
-Հոգեբան-լրագրող (գծիկը՝ չմոռանաս):
Ամենամեծ ձգտումս էլ ուսանողական կյանքում և հետագայում 2 մասնագիտությունները համատեղելն է: Կապ չունի, թե ինչ կսովորեմ համալսարանում, ես երբեք չեմ դադարի ինձ լրագրող համարել:
Ես նպատակ ունեմ, ուրեմն ամեն ինչ կարող եմ: