Kristina Epremyan

Հոգով երիտասարդը

-Պա՛պ, քա՞նի տարեկան ես:

-Տասնհինգ:

-Չէ՜, պա՝պ, լուրջ եմ հարցնում:

-Է՜, բալա ջան…

Մնացածը հայացքից հասկացա: Ըստ երևույթին, բովանդակալից կյանք էր ապրել, գուցե դժվարություններ էլ էր տեսել, հաստատ չգիտեմ, բայց մի բան հստակ էր՝ շատ խելացի էր, ու կյանքն էր նրան այդպիսին դարձրել:

Հետո ուրիշներից իմացա, որ ութսունվեց տարեկան է: Բայց իր կենսունակությամբ, աշխուժությամբ իր ասած այդ «տասնհինգին» չէր զիջում:

-Պա՛պ, կարո՞ղ եմ քեզ մի քանի հարց տալ: Կպատմե՞ս քո մասին:

-Ի՞նչ պատմեմ, ա՛յ բալա:

-Մի ամբողջ կյանք ես ապրել, հաստատ պատմելու բան կունենաս,- ասացի…

Իր այդ խոսուն  հայացքով մի անգամ էլ նայեց վրաս ու գնաց:

Մի քանի բառ հասցրի փոխանակել պապի հետ, բայց այնքան տպավորվեցի՝ անասելի է: Մի քանի հարց կարողացա տալ, պատասխանեց կարճ ու կոնկրետ, հետն էլ` կիսատ:

Բաց գույնի աչքեր ուներ: Կապույտ էր թե կանաչ, չհասցրի էլ հասկանալ,  ու այնքան էլ խորություն կար դրանց մեջ: Կարելի էր սուզվել ու  հասնել չգիտես թե ուր… Միջահասակ մարդ էր, հագին հին, մաշված զինվորական համազգեստ: Մաշված էր, բայց շատ մաքուր: Գլխին էլ գլխարկ էր, որ սպիտակած մազերը անձրևից չթրջվեին: Չնայած տարիքին, անընդհատ ժպտում էր, ու շատ հաճելի էր, որ երջանիկ ծերություն է ապրում:

Անձրևն ու քամին միախառնվել ու քաոս էին առաջացրել շուրջբոլորը, բայց դա նրան չխանգարեց, որ հարցերիցս խուսափելով՝ թողներ ինձ ու քայլեր դեպի իր «հոլիկը»: Մի քիչ աներեսություն էր թվում, բայց հետաքրքրությունս շատ մեծ էր, ուզում էի, որ անպայման խոսեր ինձ հետ, պատմեր դրվագներ իր կյանքից: Վեր կացա ու վազեցի նրա հետևից… Ուսերիս նրա բրդյա վերարկուն էր գցած: Ցուրտ էր, բայց դրանով սառնություն չէի զգում:

Հասա այդ «հոլիկին», երկաթներով ու թիթեղներով պատրաստված ինչ որ բան էր, գետնից բարձր՝ քարերի վրա: Յոթ-ութ փայտե աստիճան, ու կհայտնվեի դրա ներսում: Ձայն տալով բարձրանում էի.

-Պա՛պ, ա՛յ պապ, էստե՞ղ ես:

-Հա:

-Բա ի՞նչ ես անում:

-Գործիքներս եմ դասավորում,- ասաց ու վրաս էլ չնայեց:

Ներսում ամեն ինչ այնքան մաքուր էր ու դասավորված: Անկողին կար` կոկիկ հավաքված, վստահ եմ՝ ինքն  էր հավաքել: Մի փոքրիկ հայելի էր, որում,  երևի,  ամեն առավոտ ինքն իր խորաթափանց աչքերն էր տեսնում:  Հասկանալի էր,  որ այստեղ ապրում է: Երևի իր երկրորդ տունն էր:

Տարբեր իրեր կային սենյակում, մեկը մյուսից հետաքրքիր, ու եթե բոլորը հերթով ուսումնասիրեի, օրս կվերջանար: Բայց իմ ուշարությունը սևեռվել էր  դեպի  «նա»: Մտածում էի՝ ինչ ասեմ, ինչ հարց տամ, որ իրեն էլ հետաքրքիր լինի պատասխանել, որ էլի «չփախչի» հարցերիցս: Մեկ էլ վեր կացավ ու քայլեց դեպի ներքև, կարծես այնտեղ չէի: Ինքն իրեն ինչ որ բան ասաց, բայց չհասկացա՝ ինչ:

«Ա՜խր, ա՛յ պապի, ինչո՞ւ ես կիսատ խոսում». ինքս ինձ մտածում էի:  Զգում էի, որ շատ ասելիք ունի, բայց անհասկանալի էր պահվածքը: Պատասխանում էր հարցերիս մի տեսակ սառնությամբ, բայց հայացքում էլ այնքան ջերմություն կար, որ անհնար էր չհասկանալ, որ սպասում էր հաջորդ հարցիս… Կարծես հարցիս պատասխանը կիսատ թողներ, որ էլի շարունակեմ հարցնել: Այդպես էլ ոչինչ հստակ չհասկացա:  Բոլորի հետ ժպիտով էր խոսում, կարծես պարզ ու հասարակ մարդ լիներ, բայց ինձ համար առեղծվածային տեսակ էր: Գուցե սխալ էին տպավորություններս, գուցե ուղղակի շատ էի կենտրոնացել նրա վրա, բայց մի բան հաստատ գիտեմ՝ հարցերս կիսատ չեն մնալու…

Երբ պիտի վերադառնայի տուն, մի  հայացք  գցեցի պապի վրա, որը երևի չնկատեց էլ, ու ինքս ինձ ասացի. «Սպասի՛ր, պա՛պ, էլի եմ գալու: Գալու եմ, որ մեր կիսատ թողած «գործը» ավարտին հասցնենք»…