arman arshak

Հոկտեմբեր, հետո դեկտեմբե՞ր

Հերթական աշնանային երեկոն է, իսկ ես վերադառնում եմ տուն:

Այսօր քաղաքը մառախլապատ է, մռայլ ու տխուր: Ճանապարհի հողամասերում վառվող տերևակույտի ծուխը հիշեցրեց, որ արդեն նոյեմբեր է: Վաղուց նոյեմբեր ասելիս հիշում եմ մառախուղի, ցրտի և որ ամենակարևորն է, վառվող տերևակույտերի ծխի և դրա հոտի հետ: Հոկտեմբերը շա՜տ սիրելու պատճառով չեմ սիրում նոյեմբերը: Այն կարծես հոկտեմբերից հետո տգեղ վերջակետ լինի աշնան համար:

Հիշում եմ՝ հինգերորդ կամ վեցերորդ դասարանում, երբ աշխարհագրությանս ուսուցչուհին բացատրեց չորս տարին մեկ փետրվարի՝ մեկ օր ավել ունենալու պատճառը (յուրաքանչյուր տարի 6 ժամով ավելի է, այդ իսկ պատճառով չորս տարին մեկ տարվա մեջ մեկ օր շատ է լինում), ես հասկացա, որ կյանքում կայուն չեն անգամ օրերը, ժամերն ու տարիները: Եթե տարին ունի ավել վեց ժամ, ապա այն բաշխելով օրերի մեջ՝ կասենք, որ օրը 24 ժամ չէ: Ու այդպես հասկացա, որ մարդն անիմաստ հորինել է օրերը, ժամերը, այնինչ դա տիեզերական նորմերին այդքան էլ հարմար չէ:

Եվ այսպես քայլելով մառախլապատ ու ծխի հոտով պատված քաղաքում՝ մտածում էի աշնան, հրաշալի հոկտեմբերի ու տգեղ վերջակետ նոյեմբերի մասին, արդյունքում հասկացա, որ հրաշալի կլիներ, եթե տարին ունենար 11 ամիս ու դրանցից ամենագեղեցիկը՝ հոկտեմբերը, տևեր 61 օր: Արդյունքում կստացվեր հոկտեմբերից հետո դեկտեմբեր: