anushik mkrtchyan

Հողամասի շրջանը համարում եմ փակված

Ինչպես գիտեն շատերը՝ մեզ մոտ Ապարանում, այս ընթացքում կարտոֆիլի ցանքով էին զբաղվում: Իրականում, դա հետաքրքիր է անցնում, եթե հետաքրքիր ես դարձնում, բայց եթե ինձ պես ունեք եղբայր, որը ամեն հարմար առիթի խոսում է, ուրեմն կձանձրանաք:

Ուզում եմ մի քիչ խոսել մեր ընտանեկան խոհանոցից:

Երբ ինչ-որ գործ դուք պետք է անեք, բայց էնպես է ստացվում, որ ուրիշն է անում, ավելի բծախնդիր եք դառնում ու ձեզ թվում է, որ մի բան էն չի լինի: Դե ոնց շատերդ, էնպես էլ պապին էս տարի ինչ-ինչ պատճառներով չէր կարող մասնակցել ու իր գործը հանձնարարված էր ուրիշին: Երբ տանը չէր լինում, մենք աշխատում էինք՝ որոշելով, թե գալուն պես ինչ արձագանք կտա: «Կասի՝ էսքան ժամանակ է՞ս եք արել: Չէ՛, չէ՛, կասի՝ լավ էլ գնացել եք առաջ»: Որոշում, որոշում ենք, ու գալիս է պապին: Բոլորս սրտատրոփ սպասում ենք, թե ինչ պիտի ասի:

-Ապրեք, գնացել եք առաջ, բայց էս գլուխները լավ չեք փակել, շատ հող լցրեք:

IMG_20200519_142305_2

Երբ հասել ես հողամասի վերջին ու հոգնածությունդ գլուխ է բարձրացնում, ալարում ես վերջին 5 թումբն էլ անել: Էդտեղ տատին, թե բա՝ էշը կերել եք, պոչն ա մնացել:

Մեզ հետ աշխատելիս կլսեք նաև «մի հաշվեք թմբերը, որ արագ վերջացնեք, բայց ասեմ, որ մնաց 25 թումբ», «էսքանը արել ենք, էս ի՞նչ ա՝ չանենք», «որ արագ աշխատենք, ավելի շուտ կգնանք տուն», «սոված եմ, հոգնեցի», «ո՞վ ա թռնում կոֆե դնելու», «լավ դե, թամբալություն մի՛ արա» ու էսպիսի շատ հայտնի տողեր:

Ես սովորաբար կարտոֆիլն եմ շարում, ու ասում են, որ բավականին արագ, մանավանդ, երբ գնահատող պապիկդ էդտեղ կանգնած է, սկսում ես մոռանալ, որ ձեռքիդ կես կիլոգրամ դույլ կա, որովհետև ինչքան էլ պնդեք, միևնույնն է, ուրախանում ես, երբ քեզ գովում են: Ի դեպ, արագ կարտոֆիլ շարել-հավաքելը մեր գյուղում առավելություն է, ու եթե այնպես է ստացվում, որ ուզում եք գալ մեր գյուղ, սովորեք կարտոֆիլ ցանել ու հավաքել:

IMG_20200519_142529_9

Մեկ-երկու տարի առաջ կաշկանդվում էի, երբ հողամասում աշխատում էի: Դե, ինձ չեն ստիպել ու չեն ստիպում հողամասում աշխատել, բայց եթե գնում էի, ամաչում էի: Իհարկե, հիմա բացարձակ էդպիսի բարդույթ չունեմ, բայց ուզում էի ասել, որ գյուղում կան նաև մարդիկ, ովքեր, ենթադրենք, երեկ են ավարտել իրենց հողամասի գործը, բայց քեզ էնպիսի հայացքով են նայում, ոնց որ հենց նոր Լոնդոնից ժամանած զբոսաշրջիկներ լինեն, որոնք ոչ մի բանից տեղյակ չեն ու եկել են զուտ նայելու:

Բայց կատակը մի կողմ, երբ ջուր խմելու պատրվակով գնում եմ ու նստում հեռվում, նայում եմ, թե ինչպես են աշխատում: Իրականում էնքան սիրուն է աշխատող մարդուն նայել, չես ձանձրանում, ու ինձ հույս եմ տալիս, որ ես էլ եմ էդպես սիրուն տպավորություն թողնում ու գնում եմ դույլի մոտ՝ կարտոֆիլ լցնելու:

IMG_20200519_142238_0

Ինչևէ: Նյութը գրում եմ հողամասից տանջված գալուց 15-20 րոպե հետո: Կարտոֆիլ շարելու ընթացքում, հիշում եմ, լավ մտքեր ունեի գրելու համար, հիմա մոռացել եմ: Դե, էսքանով նյութս ավարտեմ՝ վերջում ավելացնելով բոլորին օրհնող տատիս խոսքերը.

-Բոլորի ցանածը ուրախությամբ լինի, լավ լինի, օրհնված, բերքատու ու «բարաքյաթով»:

IMG_20200519_141409_3