Հողի կանչը

Հողը երեխայի պես գրկում է ոտքերդ ու ասում՝ ինձ մենակ մի թող։

Դուշման Վարդան

 

Ինձ մենակ մի թող… Չէ՞ որ քոնն եմ ես, քո մոր պես անգին, հոգուդ պես ծանոթ, անցյալի պես հին ու երեկվա պես մոտ, ինձ մենակ մի թող…

Վաչիկը լսեց հողի կանչը, մնաց մինչև վերջ։

Վաչիկ Անդրանիկի Ղարիբյանը ծնվել է 2001թ հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Շատ ընկերասեր, խելացի ու կենսուրախ երիտասարդ էր։  Մայրը պատում է.

-Դպրոցում ինչ չարաճճիություն էլ աներ, միևնույն է, ժպիտը դեմքին տուն էր գալիս և ասում. «Մամ, ծնողական ժողով է, կգաս խնդրում եմ»։

Վաչը, ինչպես կոչում էին նրան ծնողները, իրենց միակ որդին էր։ Իսկ իրենց դուստրը՝ Վաչի կրտսեր քույրը, հպարտանում էր եղբոր ցանկացած փոքր թվացող ձեռքբերմամբ ու հաջողություններով։

9-ամյա կրթությունն ավարտելով՝ Վաչիկն ուսումը շարունակել է Գավառի պետական Գյուղատնտեսական քոլեջի համակարգչային շահագործման բաժնում և, 2 տարի սովորելով, ստացել է տարկետման հնարավորություն, որպեսզի ընտանիքի հետ մեկնի Ղազախստան։ Բայց երբ հասավ իր ծառայության տարին, նա ցանկացավ հետ վերադառնալ, որպեսզի զորակոչվի Հայոց բանակ։

Չնայած որ հնարավորություն ուներ մեկ տարի հետո ծառայության անցնել, Վաչիկն այնուամենայնիվ վճռում է.

-Ուզում եմ ընկերներիս հետ գնալ, որ միասին էլ հետ գանք։

Ծնողները չհանդիմանեցին տղայի ընտրանքը և շուտով նրան ուղարկեցին Հայաստան։

2020թ. հունվարի 9-ին Վաչիկը զորակոչվում է բանակ։ Ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ գյուղի մերձակայքում գտնվող զորամասի դիվիզիոնում, որպես հրետանու վարորդ, սակայն պատերազմի ընթացքում, իրավիճակից ելնելով, իր վրա է վերցրել այլ պարտականություններ ևս։

Ընտանիքի անդամները պատմում են, որ Վաչիկը միշտ գոհ է եղել  ծառայությունից, իսկ սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական հարձակման ժամանակ նրանց փոխանցել է.

-Մի անհանգստացեք, մեզ մոտ ամեն ինչ լավ է, ես մեծերի հետ եմ։

Մարտական գործողությունների ընթացքում նա խոցել է 2 տանկ և 1 շտապ օգնության մեքենա։ Մեկ ամիս մարտնչելով՝ Վաչիկը վիրավորվեց գրադի հարվածային ալիքի հետևանքով, ստանալով ներքին օրգանների տարբեր վնասվածքներ։ Առաջին օգնություն ստացել է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում, ապա տեղափոխել են Երևանի Միքայելյան վիրաբուժական կենտրոն։ 8 ժամ տևած վիրահատությունից հետո երկու օր գիտակից վիճակում է եղել, տեսել և ճանաչել է մորը, սակայն 13 օր կյանքի ու մահվան կռվում Վաչիկը չդիմացավ և նոյեմբերի 7-ին միացավ հայոց անմահ հերոսներին։

Պատերազմի ավարտից հետո ծառայակից ընկերները պատմել են, որ հերոս Վաչը պատերազմի օրերին եղել է Մատաղիսի դիրքերից մեկում, մոբի ծառայողների հետ։ Նրա մասին հիշելիս ասել են.

-Մեր ժուլիկ, ժպտերես Քյավառն էր։

Հավերժ փառք ու խոնարհում մեր հերոսներին, ովքեր մեր մեջ միշտ ներկա են, ովքեր պարզապես լսեցին հողի կանչը ու չցանկացան նրան մենակ թողնել…