Mari Baghdasaryan malishka

Հորինելով աշնան մեղեդին

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Ինչ-որ տեղ աշունը շտապել է, ինչ-որ տեղ՝ ուշացել։

Աշնան ու անձրևի մասին գրելը դարձել է առօրյան լրացնող զբաղմունք։ Ժամանակի ընթացքում կուտակված մտքերը այցի են գալիս նոր աշուններում։ Հա, համալսարան գնալու ճանապարհին հասցնում եմ երգեր լսել։ Դա մոտ երկու ժամ է տևում, այդ երկու ժամում լինում է այնպես, որ նույն երգը մի քանի անգամ եմ լսում, երևի նմանեցնում եմ ապրումներիս։

Օրեր առաջ Ջերմուկում էի։ Ցուրտ էր, ձյուն էր եկել, ճոպանուղու վերևում ձյան շերտ էր մնացել, արևին երևի չէր հաջողվել այն հալեցնել։

Գունավոր անտառը մի քանի մետր բարձրությունից հեքիաթային էր թվում։ Եթե անկեղծ, չեմ սիրում նույն վայրը մի քանի անգամ գնալ, ձանձրալի է։ Մենք հաճախ շտապում ենք ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի հետ հանդիպման, ուշանալ չենք սիրում, սպասեցնել՝ նույնպես, բայց ուրիշ ի՞նչ ձևով կարելի է հասկանալ, որ ինչ-որ մեկը միշտ կսպասի քեզ՝ հաշվի չառնելով անձրևն ու ձյունը, որ քաղաքի աղմուկից հեռու ինչ-որ սրճարանում, ինչ-որ մեկը նախօրոք թեյ կամ տաք շոկոլադ է պատվիրել, ու քեզ է սպասում։ Մտքերս եկան ու խառնվեցին իրար, ինչ-որ բան պակասում է, ինչ-որ մեկը հեռու է կիլոմետրերով։ Պակասում է ժամացույցս, որ երեք տարի ձեռքիս կապված էի թողել, և որը կոտրվեց շաբաթներ առաջ։ Պակասում է մեկն, ով ինչ-որ ժամանակ աշնան մեղեդին էր հորինում։

Այսպես խառը մտքերով շարունակում եմ քայլերս, կոնկրետ ինչ-որ տեղ չեմ գնում, բայց Գորիսում մի տեղ կա, որտեղ մուսաս հաճախ է այցելում, ի դեպ, միշտ հուշում է, որ շարունակեմ գրել գիրքս։ Ապագա քննի՞չ, լրագրո՞ղ, թե՞ գրող, հիմա մուսայիս ո՞նց բացատրեմ, որ ինքս էլ չեմ կողմնորոշվում, ու արդեն նոր մասնագիտություն ընտրելու մասին եմ մտածում։

Նայում եմ շուրջս՝ անծանոթ մարդիկ են, անծանոթ հայացքներ։ Իսկ նստարաններից մեկին տակառը ձեռքին նստել է մեծն Մհեր Մկրտչյանը։ Ժպիտը դեմքին՝ հետևում է քաղաքի անցուդարձին, նույն ժպիտով նայում է իր կողքին նստող ծերունիներին ու երիտասարդներին, և թե ինչ է մտածում՝ գիտի միայն ինքը։

Նստում եմ Մհեր Մկրտչյանի կողքին, և կիթառը, որ հետս էր այսքան ժամանակ, հուշում է, որ ժամանակն է նվագելու։ Նվագում եմ։ Մկրտչյանը կրկին ժպտում է։ Իսկ թե որ երգի նոտաներն են կիթառի լարերին կյանք տալիս, թող հայտնի լինի միայն ինձ և նրան։