Հուզող հարցեր եւ խնդիրներ. Աբովյան

Ինձ հուզում է մերօրյա պատանիների ինքնահաստատվելու և ինքնագնահատականը բարձր պահելու խնդիրը, հանուն որի ընկնում են տարբեր շրջապատներ, սկսում են ծխել և խոսել ոչ պատշաճ հայերենով:
Իմ դասարանում կան մի քանիսը, ովքեր նույնպես փոքր տարիքից սկսել են իրենց այդպես պահել, և չնայած նրան, որ գիտակցում են, որ դա անօգուտ է և վնասակար, չեն կարողանում դուրս գալ այդ ամենի միջից: Մնացածն էլ, ովքեր փորձում են հեռու պահել իրենց այդ ամենից, այդպիսի տղաները ճնշում են գործադրում և ծաղրական խոսքերով վիրավորում նրանց ինքնասիրությունը:
Նման իրավիճակներից խուսափելու համար, իմ կարծիքով պետք է հատուկ դասընթացներ անցկացնել մարդկանց մտածելակերպը փոխելու համար:

Էսթեր Մանուկյան

***

Ինձ հուզում է իմ շրջապատում օրեցօր ահագնացող աղքատությունը:
Շատ երեխաների համար սեպտեմբերի մեկը և դրան նախորդող մի քանի օրերը երջանիկ օրեր են, քանի որ նրանց համար գնում են նոր հագուստ, պայուսակ և այլ իրեր: Սակայն մի ստվար զանգվածի համար այդ օրը այնքան էլ երջանիկ չէ, քանի որ կարիքի պատճառով շատ ծնողներ չեն կարողանում իրենց երեխաներին կրթության տալ: Երեխաները երազում են դպրոց գնալ, կրթվել, շփվել իրենց հասակակիցների հետ:
Մի ընկեր ունեի, որի հետ ծնված օրվանից միասին էինք մեծացել: Երբ առաջին անգամ դպրոց պետք է գնայինք, ծնողներս ինձ գնել էին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր:
Մի օր էլ սովորականի պես խաղում էինք, երբ նրան հարցրի.
-Անի, ծնողներդ քեզ ի՞նչ նոր իրեր են գնել դպրոցի համար:
Անին մի պահ նայեց աչքերիս, հետո գլուխը թեքեց և ցածր ձայնով շշնջաց.
-Գիտե՞ս, Լիլ, ես այս տարի չեմ կարող դպրոց գալ:
-Բայց ինչո՞ւ, չէ՞ որ մենք երազում էինք միասին սովորել:
Անին որոշ ժամանակ լուռ էր, գլուխը կախել էր, և ես հանկարծ նկատեցի արցունքի մի կաթիլ գլորվեց և ընկավ նրա դողացող ձեռքերի վրա: Նա պատասխանեց.
-Լիլիթ, ես դպրոց չեմ գալու, որովհետև չունեմ նոր հագուստ, պայուսակ, տետրեր, գրիչեր…
Ես լռեցի…
Այդ օրվանից շատ տարիներ են անցել, և ես հիմա հասկանում եմ Անիին, նաև հասկանում եմ, որ այդ ժամանակ շատ դժվար ու ցավոտ էր նրա համար:

Լիլիթ Վարդանյան

***

Ինձ շատ է հուզում այն, որ փողոցում ինձ մոտենում են շատ տարեց մարդիկ և գումար մուրում: Ես չեմ ցանկանում տեսնել այդ տարեց մարդկանց փող մուրալիս, որոնք, համոզված եմ, բոլորը շատ լավ մարդիկ են, և ժամանակին աշխատել են մեր երկրի համար: Այսօր նրանք ուղղակի ցանկանում են պետությունից աջակցութուն ստանալ, տաքուկ տուն և սնունդ ունենալ:
Մենք մեր դպրոցի տնօրեն ընկեր Քեշիշյանի հետ գնացել էինք ծերանոց: Ես շատ ազդվել էի, երբ տեսա միայնակ ծերերին լացելիս: Նրանք ասում էին. «Էրեխե՛ք ջան, խնդրում ենք, չթողնեք ձեր տատիկ-պապիկներին, ծնողներին դրսերում, մեղք են»: Դա ինձ մեծ ցավ է պատճառում:
Նաև ես խնդիր եմ համարում այն, որ այդ ծերերի մեջ կան պատերազմի վետերաններ, որոնք ժամանակին կռվել են հանուն հայրենիքի, իսկ հիմա ստանում են այնքան փոքր թոշակ, որը չի հերիքում անգամ կոմունար վճարների համար, և նրանք ստիպված մնում են սոված:
Ես կցանկանայի բարձրացնել մի հարց, որը ինձ նույնպես շատ է հուզում: Մեր դպրոցը շատ վատ է ջեռուցվում, և ես ստիպված եմ լինում դասերին նստել վերարկուով: Քանի, որ ես դասերին նստում եմ վերարկուով, վերարկուս շատ շուտ է կեղտոտվում, ստիպված եմ լինում գոնե շաբաթը մեկ լվանալ:
Ինձ թվում է, ես ճիշտ եմ անում, որ տեղեկացնում եմ այս մասին, քանի որ 17.am-ում չկան արգելված թեմաներ:

Լիոնելլա Սարգսյան

***

Ինձ հուզում է ժամանակս: Ժամանակը այնքան արագ է անցնում, որ ոչինչ չեմ հասցնում, երբեմն մտածում եմ, որ ժամանակը այնքան թանկ է, որ չեմ ուզում այն անիմաստ վատնել: Երբեմն մեղադրում եմ ինձ, որ չեմ հասցնում որոշ բաներ ասել, նրա պատճառով, որ ժամանցին և հանգստին միգուցե շատ ժամանակ եմ տրամադրում:
Աչքս թարթում եմ, և արդեն օրը մթնում է, շաբաթը, ամիսը վերջանում է, իսկ ես մեծանում ` կարծես բացթողումներ անելով, կարևոր բաներ չեմ անում:
Ժամանակը երբեք չես կարող հետ բերել, շատ է լինում, որ ափսոսում եմ անիմաստ անցկացրած իմ ժամանակի համար և ցանկանում եմ հետ տալ ժամանակը: Մտածում եմ, որ երբ մեծանամ, միգուցե ափսոսեմ, որ ժամանակին ինչ-որ բան չեմ արել:
Չեմ սիրում ափսոսել, դրա համար էլ ուզում եմ այնպես պլանավորել ժամանակս, որ հետո չափսոսեմ:

Լուսինե Արևյան