Nane Eghiazaryan

Հուլիսի չորսին

Հուլիսի չորսին Եղեգնաձորի զորամասում տեղի ունեցավ մատուռի բացում: Ներկա էին հիմնականում ժամկետային զինծառայողները: Իսկ ես ներկա էի որպես իմ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու երգչախմբի անդամ: Պարզվեց, որ մատուռի գաղափարը զորամասի հրամանատարն ունեցել էր վաղուց, բայց չէր գտել այն կառուցելու ճիշտ ժամանակը: Եվ, վերջապես, ճիշտ ժամանակը եկել էր. հուլիսի չորսին Եղեգնաձորի զորամասի 20-ամյակն էր, և նոր Սուրբ Գրիգոր Տաթևացի մատուռի բացումը:

Շոգ էր, բայց մարդկանց երեսին դժգոհության մի նշույլ էլ չկար, չնայած՝ շատերը կանգնած էին արևի տակ: Մատուռը կառուցելիս ամեն զինվոր իր ներդրումն էր ունեցել, իսկ ֆինանսապես օգնության էին հասել շատ բարերաներ: Թեմի առաջնորդն ասաց, որ դեռ շատ այսպիսի մատուռներ են բացվելու, ու մի անգամ ևս նշեց, թե ինչքան կարևոր և ամուր է ազգ-եկեղեցի-բանակ-հայրենիք կապը:

Դե, մեր երգչախումբը երգեց, ավարտվեց միջոցառումը, և մենք վերադառնում էինք Ջերմուկ, երբ որոշեցինք գետի ափի մոտ մի փոքր զովանալ: Կանգ առանք մեզ հարազատ Արփայի ափերին: Ընկերուհիս անընդհատ չորս կողմն էր նայում, և ինչ-որ բան էր փնտրում, հետո երևի իր ուզածը չգտնելով՝ ինձ հարցրեց, արդյոք մոտակայքում աղբարկղ կար: Ես էլ նայեցի շուրջս ու տեսա տոպրակների ու էլի պիկնիկից հետո մնացած աղբի հետքերը, իսկ երբ ուզում էի նրան պատասխանել, հանկարծ մեր երգչախմբի փոքրիկ անդամներից մեկը ուրախ-զվարթ ասաց.

-Չե՞ս տեսնում, ամբողջ շրջակայքումդ աղբ է: Ուրիշ մարդիկ գցել են, դու էլ գցիր նրանց պես:

Ճիշտ է, մենք նրան բացատրեցինք, որ շրջակայքը աղտոտել չի կարելի, բայց գուցե ուրիշ այդպիսի շատ-շատ երեխաներին բացատրողներ չգտնվեն: