lia avagyan

Հուլիսյան հիշողության և սահմանապահի կամքի ուժի մասին

Հուլիսյան դեպքերից մեկ ամիս է անցել: Հրետակոծության հետևանքները շտկվում են, գյուղացիները նորից ու նորից իրենց՝ բեկորից վնասված տներն են կարգի բերում։ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը ամենաշատ վնաս կրած գյուղերից է, այստեղ ամեն երրորդ տան լուսամուտը կամ գույքը վնասված է։ Չնայած հակառակորդի հասցրած ավերածություններին՝ գյուղում արդեն վաղուց անցել են բնականոն կյանքին․ մոշը հանդից են բերում, թզից՝ մուրաբա սարքում։

Չնայած այս ամենին՝ ոչինչ չի մոռացվել․ ո՛չ փամփուշտների ձայները, ո՛չ էլ այդ օրերին անցկացրած անքուն գիշերները։ Ամեն մեկիս վրա այդ հրետակոծության օրերը մի հետք են թողել։ Օրինակ՝ շատերի համար գիշերվա ժամը չորսը ամենահանգիստ քնի ժամն է, երբ սկսվում է երազանքների յոթերորդ երազը, իսկ ինձ համար արդեն մեկ ամիս է՝ այդ ժամը ասոցացվում է «հրետակոծություն» բառի հետ, որովհետև գրեթե միշտ այդ ժամին էր սկսվում մեր՝ հետակոծության յոթերորդ երազը։

Ոչինչ չի մոռացվել, այդ հիշողությունն է գյուղացուն ուժ տալիս, որ հրետակոծությունից ավերված իր պապական տունը նորից ոտքի կանգնեցնի, որ հակառակորդին առիթ չտա մտածելու՝ մենք կոտրվել ենք։ Մենք չենք կոտրվել, հակառակ դեպքում տները չէին վերանորոգվի, կովերը էլի արոտավայր չէին ուղարկվի, երեխաները բակերում չէին խաղա, մուրաբաները ձմեռվա համար չէին պահեստավորվի։ Այս ամենը տեսնում են և՛ հայ զինվորը, և՛ հակառակորդը։ Մեր զինվորին դա ուժ ու տոկունություն է տալիս, իսկ հակառակորդը ևս մեկ անգամ համոզվում է, որ ձախողվել է։ Ի վերջո միշտ չէ, որ թանկարժեք սպառազինությունն է հաղթում։ Միշտ հաղթում է հնարամտությունը, կամքի ուժը ու հայրենասիրությունը, սա է մեր հաղթանակի բանաձևը։