Milana Gevorgyan

Հույսի ավտոբուսն ու վերջին կանգառը

Տարին ունի չորս եղանակ, ու ամենացուրտ եղանակը ձմեռն է: Եթե տաք չհագնվենք, ուրեմն՝ բարև՛, թոքաբո՛րբ, ցտեսությո՛ւն, ձնագնդի ու ուրախ ձմեռային արձակուրդներ: Բայց արի ու տես, որ բոլոր եղանակներին էլ կարող ես «բարև՛, թոքաբո՛րբ» ասել: Ուրեմն վերցնում ես 200 դրամ, նստում Հրազդանի 3-րդ համարի ավտոբուսն ու թաթիկով հաջող անում բոլորին: Եթե ուզում ես ընկնել «սկվազնյակի տակ», ուրեմն նստիր ավտոբուսի վերջում, որովհետև 2 մետր լայնությամբ ու 3 մետր բարձրությամբ անցքերից քամին ուղիղ մեջքիդ է փչում: Աղոթելով ենք նստում, որ ուժեղ քամի չլինի ու մեզ չքշի, տանի: Մեկ-մեկ մտքովս անցնում է հագնել Superman-ի համազգեստը ու ավտոբուսի մեջ ինձ հերոս զգալ: Դե, մեկ է՝ քամի է, իսկ այդպես ավելի դրամատիկ է: Աշնանը ես ինձ նույնիսկ Մերի Փոփինս եմ զգում: Վերցնում եմ անձրևանոցը և նստում (ավելի ճիշտ՝ կանգնում) ավտոբուս, որովհետև տանիքից ջուր է կաթում: Ախր, մազերիս դարդն էլ չեմ, այլ մրսելու եմ ու դեղատնից դուրս չգամ:

Լրիվ պատկերասրահ է՝ ինչ նկար ասես կգտնես՝ Ռեմբոյի նկարներից մինչև ռենջերների ու «Winx»-ի նկարները: Բոլորս էլ ավտոբուսով էքսկուրսիա գնալիս նստել ենք տանից բերած աթոռին, որովհետև տեղ չի եղել նստելու: 3-րդ համարի ավտոբուսում նոստալգիա է՝ հինը, ուղղակի նորովի: Ասֆալտի պատճառով ավտոբուսն ասես դժոխքի ճանապարհով ընթանա: Այդ իսկ պատճառով էլ ողնաշարս 90 աստիճան պտույտ է կատարում դեպի հյուսիս (հա, մեր ավտոբուսում հնարավոր է), իսկ «սկվազնյակի տակ» ընկած հոգիս դուրս է գալիս մարմնիցս: Թոքերս ու աղիքներս ժամանակավորապես տեղերով փոխվում են:

Շաբաթ, կիրակի օրերին ես ինձ զգում եմ թոշակի սպասող տատիկի պես, այսինքն՝ 3 ժամ կանգառում սպասում եմ, մինչև թոշակս, է՜, ավտոբուսս գա: 3-րդ համարի ավտոբուսը «Chanel» օծանելիքի գործարանն է հիշեցնում՝ բոլորի «օծանելիքները» խառնվում են իրար: Ավտոբուսում նաև գրկախառնության օրեր են լինում: Վճարում ենք 100 դրամ ու գրկում ում ուզում ենք, երբ ու ոնց ուզում ենք: Անգամ հատուկ ավտոբուսյան դիետաներ կան. այնքան նիհար պիտի լինես, որ կարողանաս մի նեղլիկ նստարանին 4 հոգու հետ տեղավորվել:

Կանգառների մասին էլ խոսեմ: Կանգառներում գործում է «քյարթ style-ը», այսինքն՝ մենք նույնիսկ նստելու տեղ չունենք. կա՛մ պիտի «բոյ քաշենք», կա՛մ «պպզած նապաստակ» խաղանք: Մեր խեղճ կանգառների խեղճ պատերին «Ազատ դեմոկրատներ», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան» և այլ կուսակցությունների պաստառներն են ընտրություններից մնացած: Ու միայն ձախ անկյունում իր համար անդարդ փակցված է «Վերանորոգում էժան գներով. սանտեխնիկ Կարո» հայտարարությունը: Հիմա հարց. «ի՞նչ է սև արկղիկում», կամ ո՞վ է լուծելու կանգառների ու ավտոբուսների հարցը՝ սանտեխնիկ Կարո՞ն, թե՞ մեր իշխանությունները:

Կարճ ասած՝ ցուրտ եղանակին չեն մրսում, այլ մրսում են 3-րդ համարի ավտոբուսում: 3-րդ համարի ավտոբուս. քո՝ «Դեպի հիվանդանոց երկու-շաբաթյա ճամփորդության ավտոբուսը»: Հա, մոռացա ասել. «Ուր որ գնաս, հետդ կգամ, հենց որ կանչես՝ մոտդ կգամ…»: Չէ, երգելը՝ չեմ երգում, ուղղակի ավտոբուսի երաժշտական փոստարկղից մի հատված էր։