Margarita Khazaryan new

Հույսով դեպի առաջ

Ամեն նոր տարի երազանք ենք պահում,  որ այդ տարին լինի անկրկնելի, լավ իրադարձություններով լի: Եվ 2020-ը իսկապես դարձավ այն տարին, որը բոլորս էլ ցանկանում էինք, որ մնա անկրկնելի. թող այլևս երբեք իր նմանը չլինի:

Ոչ մի անգամ այսչափ ցավոտ չի եղել տարին ամփոփելը, քանի որ այս տարի, իսկապես, կորուստները ստվերում թողեցին մեր բոլոր ուրախ հիշողությունները, ձեռքբերումները: Որքա՜ն երազանքներ ունեինք այս տարվա հետ կապված: Իհա՛րկե, գուցե դրանցից որոշները կատարվեցին, բայց պատերազմը մեզ այնպիսի դաս տվեց, որ երբեք չենք կարողանալու մոռանալ: Մենք հասկացանք, որ միշտ խաղաղությունը պետք է վեր դասենք ամեն տեսակի ցանկությունից, հասկացանք, որ անձնական բոլոր երազանքները իմաստազրկվում են, երբ զավակն ես մի երկրի, որի որդիներից շատերը ուղղակի անմահանում են: Պատերազմը անջնջելի ձեռագրով բոլորիս սրտերում երեք տառ թողեց ՝ ՑԱՎ:  Ի վերջո, հասկացանք, որ եթե ուրիշ երկրներում հնարավոր է ապրել պատերազմին զուգընթաց և գոնե մի փոքր  երջանիկ լինել, ապա մեր պարագայում դա բացառվում է: Ազգայինը վեր է դարձել անձնականից, եթե ոչ բոլորի, ապա գոնե շատերի համար:

2020-ը չափից դուրս սառեցրեց մեզ ու մեր հոգիները և իր իրավահաջորդի՝ 2021-ի ուսերին մեզ բոլորիս ջերմացնելու պարտականությունը թողել: Համավարակն ու պատերազմը ձեռք ձեռքի տված մեզ մեկս մյուսից բաժանեցին, ստիպեցին վերանայել ու գնահատել կյանքը, մեր սիրելիներին: Երևի այնքան էինք արժեզրկել ամեն ինչ, որ մեզ թափ տվող ձեռքեր էին անհրաժեշտ:

Ուղղակի ցանկանում եմ լռեցնել ներսումս եղած այն տագնապը, որ գուցե այս գալիք տարին ևս մեզ ուրախացնելու առիթներ առանձնապես չտա, վախենամ, թե 2020-ը ընդամենը գովազդը լինի:

Ակնթարթորեն անցավ այս տարին, և հետ նայելով հասկանում եմ, որ մենք չհասցրեցինք ապրել: Այս տարին բոլորիս ուղղակի պարտադրեց սրտատրոփ սպասել նրա ավարտին, հուսալ, որ այլևս չենք տեսնելու այս վատ ու դժնդակ օրերը, որոնք  տեսանք այս տարի և ամբողջովին զգացինք նրա դառը համը:

Ամեն տարվա նման այս տարի չենք կարողանա երջանիկ ժպիտներով շնորհավորել իրար, այս տարի ամեն ինչն էր ուրիշ…

Տարին ավարտելու եմ մեր բոլոր հերոսներին շնորհակալություն հայտնելով ու հույսով դեպի ապագան նայելով:

2021, քեզնից շատ բան չեմ խնդրում, միայն մեր անմահացած հերոսների հոգիներին հանգստություն ու երկրիս էլ խաղաղություն բեր…