Հուշաղբյուր-խաչքար Վայքում

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Վահե Թադևոսյանը ազատամարտիկի որդի է, այժմ Վայքի ավագանու անդամ է: Նա ապրում և աշխատում է Վայքում:

-Ես ծնվել եմ Վայքում, սովորել եմ Վայքի առաջին դպրոցում: Մինչ օրս շարունակում եմ ապրել և աշխատել Վայքում: 2016 թվականից Վայքի ավագանու անդամ եմ:
Իմ հայրը Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից է եղել, այդ ժամանակ վիրավորվել է: 2016 թվականի քառօրյայի օրերին ես եղել եմ Ղարաբաղում: Չեմ եղել առաջնագծում, բայց զինվորներին ուտելիք և հագուստ եմ տարել:
Այդ ժամանակ հասկացա, որ ինքս էլ պետք է ինչ-որ բան անեմ իմ հանգստության համար: Արցախյան պատերազմը ես խորությամբ չէի ընկալում, որովհետև փոքր եմ եղել և ոչինչ չեմ հասկացել: Իսկ հիմա արդեն ամեն ինչ հասկանալով իմ հոգու պարտքը համարեցի կառուցել հուշաղբյուր-խաչքար: Ինչ-որ տեղ նաև հերոսների ծնողների համար, որ վստահ լինեն, որ իրենց որդիների անունն ու պատիվը միշտ բարձր է պահվելու:
Հուշաղբյուր-խաչքարը կառուցել ենք այնտեղ, որտեղից զինվորներ ենք ճանապարհել բանակ, ովքեր գնացել են հայրենիքի սահմանները պաշտպանելու և զոհվել են: Այդ զինվորների թվում եղել է Սարգիս Խալաֆյանը:
Երբ դեռ նոր էինք սկսել կառուցման աշխատանքները, զոհված զինվորների ծնողներ եկան: Անդրանիկ Զոհրաբյանի ծնողը եկավ, հանդիպեցինք, հարցրեց, թե ինչ եմ անում, չնայած` մինչ իմ պատասխանելը նա, տեսնելով խաչքարը, արծիվը, արդեն հասկացել էր:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

2017 թվականի նոյեմբերի 1-ին Վայքի զորամասի հարևանությամբ բացվեց Ապրիլյան պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հերոսներին նվիրված հուշաղբյուր-խաչքարը, որտեղ ամփոփված են անմահների անունները: Հուշարձանի տեղադրումը նպատակ ունի հավերժացնելու հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիների սխրանքն ու քաջագործությունը: Հուշաքարը խաչի և թրի միաձուլում է, և խորհրդանշում է հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիներին:
Խաչքարի բացումն արեցին հենց զոհված զինվորների մայրերը:
Բացմանը ներկա էին զինվորների ընտանիքները, Քյարամ Սլոյանի մայրը և եղբայրը, Ռոբերտ Աբաջյանի պապը, Անդրանիկ Զոհրաբյանի և մյուս զոհված զինվորների ծնողները, տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, իմ ընտանիքը և ինձ հարազատ շատ մարդիկ:
Հուշահամալիրի բացման օրը Վայքի համայնքապետարանի կողմից ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական գործողությունների ընթացքում զոհված հերոսների հարազատները պարգևատրվեցին պատվոգրերով։
Հուշահամալիրի հետ կապված` մտածում եմ շարունակել կառուցման աշխատանքները, որոշ բաներ ավելացնել:
Իմ նպատակը եղել է զինվորների ծնողներին ճանաչելը, նրանց հետ շփվելը: Եվ եթե լինում են առիթներ, ես գնում հանդիպում եմ զինվորների ծնողներին, նրանց հետ ջերմ հարաբերություններ ունեմ:
Այս տարի ապրիլի 2-ին էլ միջոցառում տեղի ունեցավ, որը նվիրված էր հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված մեր զինվորներին: