meri antonyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Հուշապատում

Այսօր արդեն տանն եմ, ու զգում եմ,  որ ինձ պակասում են դիլիջանյան հովն ու ճամբարական միջավայրի ջերմությունը։ Իդեալական դուետ-համադրություն էր հոգումս բարենպաստ կլիմա ստեղծելու համար։

Իհարկե, միայն հոգու եղանակով հիանալու համար չէինք մոտ հիսուն հոգի Հայաստանի տարբեր ծայրերից հավաքվել Դիլիջանում։ Եթե միայն դա լիներ, ես դժվար թե հիմա իմ տպավորություններով կիսվեի, որովհետև վաղուց արդեն զգացել եմ, որ ինձ համար առօրյա դարձած երևույթների գեղեցկությունն սկսում եմ չնկատել։ Ամեն նոր բանով հիանում եմ միայն առաջին տպավորության պահին, հետո ժամանակի հետ այն դառնում է սովորական, իսկ որ մի քիչ էլ սպասեմ, գուցե սկսի ձանձրացնել, ո՞վ իմանա։ Ու այլևս հարկ չեմ համարի գրել այդ մասին, ինչպես, օրինակ, չեմ գրում ջուր խմելուս, ոտքերիս վրա քայլելու կամ էլ, ասենք, ծանոթ մարդիկ հանդիպելիս նրանց բարևելու մասին։ Սովորական բաներ են, չէ՞։ Բայց չէ որ մեր ծնողներն իրենց աշխարհի տեր են զգացել, երբ մենք առաջին անգամ ինքնուրույն քայլեր ենք արել, խոսել, առաջին անգամ ատամ հանել,  առաջին անգամ դպրոց ենք գնացել, առաջին տառն ենք գրել, առաջին գերազանց գնահատականն ստացել, երբ առաջին անգամ արդեն այնքան ենք հասունացած եղել, որ մասնակցել ենք իրենց լուրջ խոսակցություններին, արդեն մեծավարի իրենցից խորհուրդ ենք հարցրել ու այդպես շարունակ։ Ճիշտ է, որովհետև դա եղել է առաջին անգամ։ Հիմա մեր ամեն քայլի կամ արտասանած բառի համար չեն ուրախանում, մեկ-մեկ գուցե շատ խոսելու համար էլ բարկանում են։

Մի բան կար մեր ճամբարում, որ թույլ չէր տալիս առաջին հիացական տպավորությանը ցրվել, ու հիմա ստիպում է ինձ գրել ավելի մեծ եռանդով ու սրտի ջերմությամբ, քան ճամբարական առաջին օրը կգրեի։ Առաջին պահին չես կարող միանգամից զգալ հետագա օրերի կուտակվելիք  ջերմության, հարազատության ու մտերիմ կապերի ամբողջ հոգեկան ուժը, չես կարող նախապես զգալ, թե ինչքան շատ ես ուզելու բաժանման պահը հետաձգել ու թե բաժանվելուց հետո էլ վերադառնալու ինչ մեծ ցանկությամբ ես հիշելու արդեն անցյալում մնացած մեկ շաբաթը։ Նշածս զգացողություններն աստիճանաբար են սողոսկում ներսդ, աստիճանաբար, դանդաղ՝ համատեղ աշխատանքի ընթացքում։  Ըհըն, աշխատանքը, տրիոն լրացնողը, ա՜յ ն երրորդը, որն էլ հենց թույլ չտվեց նման օրակարգով մի քանի օրերին դառնալ ուղղակի միօրինակ առօրյայով երկարուձիգ, անհետաքրքիր օրերի շարասյուն։ Շարասյուն ասվածը երկար բան է, չէ՞, թվում։ Հա՜ հա, հենց այդպես էլ կա, ինձ նույնիսկ մեկ օրն է այդքան երկար թվում, երբ որ զբաղմունքս ձանձրալի է լինում։ Բայց մեր օրերն ակնթարթի պես անցան, իսկ ակնթարթը ժամանակի չափման իմ իմացած ամենափոքր միավորն է (մի կողմ դնենք վայրկյանի մեկ հարյուրերորդական ու հազարերորդական մասերը, դրանք անուններ չունեն)։ Բայց աշխատանքը, մանավանդ թիմային աշխատանքը, որտեղ անդամները պատանիներ են (ու սա ամենևին էլ տարիքի հետ կապ չունի, խոսքը ներքին երիտասարդության մասին է)՝ ամեն մեկն իր աշխարհայացքով, հետաքրքրություններով ու հոգու հարստությամբ, երբեք չի կարող ձանձրալի դառնալ, նամանավանդ՝ մեդիա ոլորտում։ Ամեն պահի կա մի անսպասելի հետաքրքրություն, մի նոր դիպված, մի նոր ծանոթություն։ Մեր ճամբարականներից ում հարցնես իր, իր բնակավայրի կամ իր ընտանիքի մասին, կասի. «Արդեն էդ մասին գրել եմ, կարաս կարդաս»։ Իսկ մենք անհետաքրքիր բաների մասին չենք գրում… Դե պատկերացրեք, որ ամեն մեկն ունի իր սիրուն պատմությունը։

Բա այսպիսի միջավայրը երբևէ կհոգնեցնի՞։  Բա այսպիսի իրադարձության մասին չգրե՞ս նույն ոգևորությամբ, չհիշե՞ս ներսդ հուշերով տաքացնելով, մի քիչ էլ աչքերդ թրջելով, թեկուզ թող ամիսներ անցած լինեն…