Hripsime Vardanyan

«Հպարտություն և նախապաշարմունք»

Այս գիրքը կարդացել եմ մեկ շնչով: Կարդալիս նկատում էի, որ դեմքիս լայն ժպիտ կա, կամ զայրույթից այլայլվել եմ. ապրել եմ այս գրքի յուրաքանչյուր տողը: Խոսքս Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» գրքի մասին է: Գիրքը սկսվում է երկխոսությունով, որտեղ տիկին Բենեթը իր ամուսնուն պատմում է քաղաք եկած նոր վարձակալի մասին: Վարձակալը հարուստ և երիտասարդ պարոն Բինգլին էր: Տիկին Բենեթին այս լուրը շատ էր երջանկացրել, քանի որ նա ուներ հինգ դուստր՝ Ջեյնը, Էլիզաբեթը, Մերին, Լիդիան և Քեթին: 

Գրքի սկիզբը կարդալիս ձեզ կթվա, թե ամբողջ գիրքը Ջեյնի մասին է, բայց այն Էլիզաբեթի և պարոն Դարսիի՝ վաձակալի ընկերոջ մասին է:

Սկզբում, երբ պարահանդեսի ժամանակ Էլիզաբեթի ընկերուհին նրան պատմում էր պարոն Դարսիի մասին, ինչպես Էլիզան (Էլիզաբեթը), այնպես էլ ես, չսիրեցի պարոն Դարսիին: Նա հպարտ, քմահաճ, եսասեր և սիրելու կարողությունից զուրկ մարդու տպավորություն էր թողնում: Սակայն գրքի գործողություններն այնպես են զարգանում, որ թե՛ Էլիզան, թե՛ ընթերցողը տեսնում են պարոն Դարսիի իսկական բնավորությունը և նրա թաքցրած զգացմունքները:

Զրույցը՝ պարոն Դարսիի և Էլիզայի միչև գրքի կուլմինացիան է, երբ պարոն Դարսին բացատրում է, թե ինչու է նա այդպիսին՝ սառը, հպարտ և եսասեր.

-Ես չեմ կարող, ոչ էլ հարկավոր է, որ մտքիցս դուրս մղեմ այնտեղ ներխուժած ցավոտ հիշողությունները: Ամբողջ կյանքումս եսասեր եմ եղել, գոնե այդպես ապրել եմ, թեև սկզբունքներս այլ են եղել: Երեխա ժամանակ ինձ սովորեցրել են, թե ինչն է ճիշտ, բայց չեն սովորեցրել բնավորությունս շտկել: Ինձ բարձր սկզբունքներով են դաստիարակել, բայց թույլ են տվել, որ դրանց հետևելիս լինեմ հպարտ և մեծամիտ:

Այս խոսքերը փոխեցին Էլիզայի պատկերացումները: Եվ մի օր (երևի գրքի իմ ամենասիրելի հատվածում) պարոն Դարսին սիրո խոստովանություն է անում Էլիզային: Պարոն Դարսիի խոսքերից հետո ես փակեցի գիրքը: Մոտ տասնհինգ րոպե ուղղակի ժպտում էի: Չգիտեմ՝ ինչու:

Արդեն երկար ժամանակ էր՝ վերջացրել էի գրքի ընթերցանությունը: Բայց աչքերիս առջև էր իմ պատկերացրած պարոն Դարսին՝ բարձրահասակ, հպարտ հայացքով, մի փոքր թեք ժպիտով. ես գտա իմ սիրած հերոսին:

Գրքում բնության գեղեցիկ նկարագրությունները շատ չեն, այս գիրքը գեղեցկացնում են երկխոսությունները և մարդկանց տարբեր բնավորությունների նկարագրերը: Գիրքը այդպես չի ավարտվում, դեռ շա՜տ հետաքրքիր դեպքեր են տեղի ունենում, սակայն ավելի լավ պատկերացնելու համար կցանկանամ, որ կարդաք: