aniharutyunyanarm

Հռոմից մեծ Երևան՝ մեծ խնդիրներով

Ես չգիտեմ՝ սիրո՞ւմ եմ Երևանը, թե՞ ոչ, բայց երբեք չեմ կարոտում: Չի պատահել այնպես, որ արձակուրդի ժամանակ գյուղում տանը նստած լինեմ, հանկարծ վեր թռչեմ, արագ հագնվեմ ու գնամ Երևան, որովհետև կարոտել եմ ու էլ չեմ դիմանում: Դե, յուրաքանչյուրի համար իր ծննդավայրն է հարազատ, բայց տարիներ շարունակ անընդհատ Երևան գնալ-գալը էլի ինձ համար սեր չի դարձել: Միգուցե խնդիրը իմ մեջ է, երևի ես շատ եմ կապված գյուղիս հետ, ու իմ սրտում նրանից բացի ոչ ոքի համար տեղ չկա: Ինչևէ:

Ես շատերին եմ տալիս առաջին տողի հարցը ուղղակի, հենց այնպես, բայց Երևանի խնդիրների մասին շատ քիչ եմ խոսում երևանցիների ու մարզաբնակների հետ: Հերթը խնդիրներին էլ հասավ, մենք էլ` հայերս, մի տեսակ սիրում ենք մեր խնդիրների մասին երկար խոսել, բայց նաև հետաքրքիր ու ճիշտ լուծումներ առաջարկելու տաղանդ էլ ունենք: Ես արդեն լսել եմ դրանք, դուք էլ կարդացեք։

Գայանե Պողոսյան, Երևան, դասախոս

-Ամենակարևորն այն է, որ մարդը, քաղաքացին բարեկիրթ լինի, մտածող լինի, սիրելը չասոցացնի կեղծ դրույթների հետ, սերը չլինի պլակատային, ռաբիզ երգերով չարտահայտվի, «այո՛» գոռալով չլինի:

Ամեն մեկը պատասխանատվությունը պետք է նախ իր վրա վերցնի, չսպասի, որ քաղաքապետը իր համար ինչ-որ բան է անելու. քաղաքապետն ընդամենը կազմակերպելու է աշխատանքը, իսկ այդ կազմակերպվող աշխատանքում ամեն մեկս ունենալու ենք մեր դերը, և ամեն մեկիս դերը մեզ բաժին հասած աշխատանքը լավ կատարելն է: Ամենակարևորն այն է, որ այդ ամենը անենք հաճույքով, մտածելով, որ սա իմ քաղաքն է, որ ես անում եմ ինձ համար, իմ երեխայի, հարևանի, քաղաքապետի համար, և երբ ամեն մեկս ունենանք մեր պատասխանատվության չափը և դրանք գումարենք իրար, կունենանք մի մեծ պատասխանատվություն ու հաստատ կունենանք այն Երևանը, որ բոլորս ուզում ենք տեսնել:

Երբ ես չեմ թափի թուղթը ու ասի, որ աշխատող կա, կմաքրի, երբ չեմ անցնի լացող երեխայի կողքով և ասի, որ ինքը մամա ունի, թող իր մաման մտածի, ամեն մեկի ցավը, ուրախությունը երբ կդառնա ընդհանուր, երբ կկարողանանք իրական շփման միջոցով գնահատել լավն ու վատը, ճանաչել մարդուն, խոժոռ կամ տխուր հայացքի տակից մարդու ցավը տեսնել, երբ կվերանա անտարբերությունը, և իշխող կդառնան ջերմությունը, սերը, փոխըմբռնումը, հարգանքը, անպայման մենք կունենանք լավ Երևան, և քաղաքապետից արդեն ոչ թե կպահանջենք, այլ կօգնենք նրան։

Մայա Չուխաջյան, Երևան, ուսանող

-Նախ, բնականաբար, այժմ մենք պետք է լուծենք քաղաքապետի խնդիրը, որ կարողանանք հերթով լուծել մնացած խնդիրները: Առաջին տեղում ինձ համար փողոցների մաքրության հարցն է: Ապրելով Կենտրոն համայնքում՝ շատ տհաճ է, երբ երեկոյան դուրս եմ գալիս զբոսանքի և տեսնում եմ լցված աղբամաններ, աղտոտվածություն, փողոցային առևտուր: Մեր երկիր` հատկապես հեղափոխությունից հետո, շատ-շատ են գալիս զբոսաշրջիկներ, և նրանց համար առաջին տպավորությունը շատ կարևոր է: Փողոցում վաճառում են ծխեցրած ձկներ, հաց, կաթնամթերք. հակահիգիենիկ վիճակ է ստեղծում այդ ամենը:

Ես եղել եմ տարբեր երկրներում. առավոտյան 6-ից սկսած, յուրաքանչյուր նորմալ երկրում, մաքրում են փողոցները, նույնիսկ հատուկ փոշեկուլներ են օգտագործում: Սինգապուրում, եթե ինչ-որ թղթի կտոր գցես կամ պատահական քո պայուսակից ընկնի, քեզ 600 դոլարի չափով կտուգանեն: Ուրիշ երկրներում շուկայական առևտուրը համակարգված է, հատուկ տեղեր են հատկացված, որ մարդկանց չխանգարի:

Ես ինչ-որ մեծ նշանակություն չեմ տալիս, թե ով կլինի քաղաքապետը` որպես անձ, Հայկ Մարությանը, թե ուրիշ մեկը: Կարևորը` իմ քաղաքը մաքուր լինի, մթնոլորտը լինի լավը, ու քաղաքապետը կարողանա լուծել քաղաքացու խնդիրները:

Մոնիկա Մարտիրոսյան, Երևան, դասախոս

-Ինձ համար համատիրությունների խնդիրն է առաջնայինը: Այսինքն` համատիրությունը պատասխանատու է շենքերի համար. ամեն շենք ունի իր պատասխանատուն: Մենք վարձ ենք վճարում քաղաքին շենքի մաքրության, աղբահանության համար, ունենք համատիրության ղեկավար, որ համակարգում է այդ բոլոր գումարները, տարեկան մուծումները` խնդիրների լուծման համար: Փաստացի այդ համակարգը չի աշխատում մեզ մոտ. բարձրահարկ շենքերում աղբահանություն չկա: «Սանիտեկը» ոչ մի համայնքում նորմալ գործունեություն չի ծավալում, բայց ոչ թե միայն «Սանիտեկին» պետք է մեղադրել, այլ համայնքին և համատիրությանը: Այսինքն` ինդուկցիայից դեդուկցիա մեթոդը պետք է գործի: Համատիրությունը հիմա ձևական բնույթ է գրում: Մի շենքում պետք է լինեն մի քանի լիազոր մարմիններ, որ ամեն ինչ կարգավորված աշխատի:

Քաղաքում մենք ունենք մշակույթի կենտրոններ, շախմատի դպրոցներ, տարբեր խմբակներ: Ավելի լավ է մենք մի փոքրիկ սիմվոլիկ գումար վճարենք, որ ամեն ինչ լինի որակյալ, քան անվճար ու անորակ: Հիմնականում նման խմբակներում պարզապես ժամավաճառությամբ են զբաղվում: Աճող սերնդին պետք է ճիշտ ու որակյալ դաստիարակել, քանի որ եթե մանկուց հիմքը ճիշտ չդրվի, հետագայում մենք մեր երկրի զարգացման համար նրանց վրա հույս դնել չենք կարողանա:

Թող տուգանեն, երբ ես, իմ երեխան, ուսանողը, որևէ մեկը աղբը կգցի գետնին, ինչ-որ մեկը կծխի և մնացորդները կթափի. նման դեպքերում հատուկ մարմինները գան և տուգանեն, ինչպես Գերմանիայում է: Ինչո՞ւ, երբ մենք գնում ենք Գերմանիա, աղբ չենք թափում` իմանալով, որ մեզ կտուգանեն, բայց գալիս ենք մեր քաղաք և կեղտոտում:

Եթե մենք ուզում ենք, որ Երևանը դառնա քաղաք, որտեղ մարդիկ ձգտում են գալ, ծառայությունների բնագավառներին պետք է ուշադրություն դարձնենք. լինի դա տաքսի ծառայություն, սրճարան, որևէ ռեստորան: Փաստացի այդ բնագավառը չի վերահսկվում: Մարդիկ սահմանում են այնպիսի գներ, որոնք թանկ են՝ աշխարհի հետ համեմատած:

Եվ ամենալուրջ խնդիրներից մեկը, որի հետ ես առնչվում եմ, փողոցային առևտուրն է: Նախ, շուկաները կորցրել են իրենց կոլորիտը: Մարդիկ փողոցում ձուկ են վաճառում, միրգ, պանիր, և ես հասկանում եմ, իհարկե, մարդիկ գումար են վաստակում, աշխատում են, բայց պետք է այնպես անել, որ լինի համակարգում, տարանջատում: Մի որևէ տարածք հատկացնեն, թեկուզ փոքրիկ գումարի դիմաց, որ սնունդ վաճառելու համար լինեն համապատասխան պայմաններ:

Ինձ համար Երևանի քաղաքապետը պետք է լինի կիրթ, փորձառու, դիվանագետ և մարդ, ով կարող է շփվել և լավ համակարգող լինել: Որքանով հասցրել եմ հետևել թեկնածուների ծրագրերին, կարծես թե ոչ ոք չունի Երևանի ծայրամասերի հետ կապված որևէ առաջարկություն:

Սոնա Սարգսյան, Արթիկ, ուսանող

-Մայրաքաղաքում ինձ դուր է գալիս հասարակության մտածելակերպը։ Կապ չունի՝ դու տանից դուրս ես գալիս կոկիկ հագնված, մազերդ հարդարած, թե ուղղակի տնային հագուստով ու գզգզված մազերով, քո արտաքին տեսքով համեմատաբար ավելի քիչ են կարծիք կազմում քո մասին, ինչը չէի ասի իմ ծննդավայրի` Արթիկի մասին: Երևանում ցանկացած ժամի, երբ չունես տրամադրություն կամ ուղղակի ուզում ես քայլել, կարող ես դուրս գալ քո փողոցում, քեզ մոտ գտնվող այգում զբոսնել, ու ոչ ոք չի ասի` էս աղջիկն ինչի՞ ա տնից դուրս եկել էս ժամին: Այստեղ ես համեմատաբար ազատ մտածելակերպի եմ հանդիպել:

Արթիկում, կարելի է ասել, քաղաքային տրանսպորտ չկա, ամեն ինչ իրար մոտ է, և Երևան տեղափոխվելուս առաջին տարում շատ դժվար էի հարմարվում երթուղայիններին, նախընտրում էի Կենտրոնից Զեյթուն ոտքով բարձրանալ, քան անգամ կանգնելու տեղ չունեցող երթուղայիններից օգտվել: Հիմա արդեն բավականին սովորել եմ, բայց կրկին խնդիր է գոնե նորմալ կանգնելու տեղ գտնելը:

Շրջաններից եկած երեխաների համար Երևանում սովորելը դժվար է, քանի որ տուն վարձելն այդքան էլ հեշտ չէ, հատկապես, երբ տանից 2-3 ուսանող կա, ու նաև ուսման վարձն է գումարվում: Կցանկանայի, որ իմ համալսարանը` մանկավարժականը, ունենար ապրելու համար բավարար պայմաններով հանրակացարան, որ գոնե մարզերի երեխաների համար ավելի հեշտ լիներ: