anahit badalyan tonakan

Հրաշք չի լինի

Ահա և 2018-ը: Այն 2018-ը, որին սպասել եմ, որի հետ հույսեր կան, որը, սակայն, եկավ արագ ու մի քիչ էլ անսպասելի: Առաջին անգամ զգացի, որ եկող տարին անցնող տարվա շարունակությունն է, այլ ոչ՝ նոր ու մաքուր էջ: Սա նոր ու մաքուր էջ է միայն նրանց համար, ովքեր ծնվել են այս վերջին տասնվեց օրերի ընթացքում ու համարվում են 2018-ականներ: Իսկ մնացածի համար սա տրամաբանական շարունակությունն է կիսատ թողած գործերի, չասված խոսքերի, չարդարացված հույսերի ու չիրագործված նպատակների համար: Մենք չենք սկսելու պայքարել մեր նպատակների համար նորից, մենք պարզապես շարունակելու ենք պայքարել, մենք չենք հորինելու նոր խոսքեր՝ մեր սրտում եղածն արտահայտելու համար, այլ ուղղակի ասելու ենք այդ խոսքերը 2018-ին՝ նոր տարում:

2018-ին մենք մեծանալու ենք ևս մեկ տարով՝ ինչպես որ ամեն տարի է լինում, էլի տոնելու ենք մարտի ութը, սեպտեմբերի քսանմեկը, մայիսի ինը, հունիսի մեկը ու էլի լիքը տոներ, ինչպես որ միշտ ենք տոնել: Նոր տարվա հետ չեն փոխվում մեր նախասիրությունները, նպատակներն ու ցանկությունները, մենք ուղղակի սկսում ենք դրանց նորովի նայել: Չհավատաք, թե նոր տարին ուրախությամբ կլցնի բոլոր տխուր սրտերը: Ամեն սիրտ ինքն է իր ուրախության ու տխրության «հովանավորը»: Ամանորը չի հաշտեցնի նրանց, ովքեր վիճել էին նախորդ տարում, եթե նրանք ինքները չուզենան հաշտվել:  Մարդիկ չեն փոխվի, չար մարդիկ չեն բարիանա, ու ոչ էլ մեղավորները կզղջան մի հրաշքով: Չարերը բարիանում են, եթե ինքնաքննադատաբար են իրենց վերաբերվում, մեղավորները զղջում են, եթե խիղճ ունեն, իսկ մարդիկ… Մարդիկ, վախենամ՝ երբեք էլ չեն փոխվում: Նրանք ուղղակի ժամանակի հետ բացահայտում են իրենք իրենց: Եթե երբեմնի բարի մարդը չար ու անսիրտ  է դարձել, նշանակում է՝ նրա մեջ այդ չարությունը եղել է, պարզապես նոր է բացահայտվում՝ այս կամ այն պատճառով:

Ու վերջապես, եթե երազանքներ ունեք, մի մտածեք, թե դրանք կատարվելու են, եթե նոր տարվա գիշերը ձեր մտքում պահել եք: Իսկ եթե կատարվեն էլ, ապա իմացեք, որ դա այն ջանքերի շնորհիվ է, որ թափել եք նախորդ տարիներին:

Ամանորը հեքիաթ չէր, ու ոչ էլ կախարդանք: Ես արդեն բավական մեծ եմ, որպեսզի հասկանամ դա: Ու երանի նրանց, ովքեր իմ գրածը կարդում են, բայց ոչ մի ասածիս չեն հավատում, որովհետև չեն զգում ասածներս:

Հ.Գ. Իսկ իրականում ես էլ եմ երազանք պահել: