anush davtyan

Հօգուտ աշխատավորների

Մի մասի մոտ ամառային արձակուրդները սեպտեմբերին են սկսվում։ Հնարավոր է, որ դա գալիս է հասունանալու անդարձ գործընթացի հետ, երբ արդեն էական չէ, թե շաբաթվա որ ամիսն է, կամ տարվա ինչ եղանակ էր պատուհանիդ հետևում երեկ, ու ինչ կլինի երկու օր հետո, կարևորությունը կորցնում են թվերն ու ժամերը, և ուղղակի սկսում ես պահով ապրել։ Մոռանում ես, որ մանկապարտեզի տարիքից ամառը «հանգստանալու» ամիս էիր համարում, որովհետև հիմա գործը միշտ է, եղանակ ու շաբաթվա օր չի ճանաչում։ Մոռանում ես էդ մոտեցումը և ուղղակի տվյալ պահն ես հարմար գտնում աշխատանքից «թռնելու» համար։

Բայց մյուս կողմից կարող է քեզ «թռցնեն» հենց էդ նույն աշխատանքից։

Կրճատումները համաճարակի պես հերթով խոցում են տարբեր շրջաններ, մեկից մյուսն են անցնում ու վերջում շատ հանկարծակի քեզ էլ են հասնում։

Ես դեռ երկար չեմ սովորել բուհում, բայց էս կարճ մեկ տարում ինձ արդեն հասանելի բացատրել են, որ ես ապագա գործազուրկ եմ, հուսազուրկ ու անդառնալի գործազուրկ։ Ես անգամ տրամադրվել էի, որ լինելու եմ տան միակ անդամը, ով էդպես էլ կարգին աշխատանք չի ունենա, իսկ էն կարճ ընթացքներում, երբ «ՍԱՍ»-ի դրամարկղում մանր տամ հաճախորդին կամ ավելի մեծ չափսի շալվար տանեմ հանդերձարան, անընդհատ մտածելու եմ էդ անիմաստ գործը թողնելու մասին։ Մի խոսքով՝ լինելու եմ մեր օջախի պաշտոնական անգործը։ Բայց ինձ ոչ ոք չէր ասել, որ մեր տանը էդ պաշտոնի վրա արդեն աչք կա դրած։

Մոտ երկու ամիս առաջ էր, որ իմացանք հայրիկի աշխատավայրի կրճատումների մասին։ Հետո պարզվեց, որ բոլոր աշխատողներին հեռացնելու են. նոր բան են ստեղծում մարդիկ։ Տեսչական մարմին։ Տեսչությունը երևի էլ էն չէր, նոր շունչ էին հաղորդում։ Լուծարված պայմանագրերի մենակ մի մասն են վերականգնելու տասը օրից մինչև երկու ամիս ժամանակահատվածում, իրենց նոր «մարմնում» տեղ ու գործառույթ են տալու։ Իսկ թե որո՞նք, էդ մի բանը չեն ասում, իհարկե։ Դեռ պարզ չէ։

Հիմա հայրս ավելի շատ (լիքը) ազատ ժամանակ ունի, ինչ ուզի, կարող է անել։ Բայց օրվա հիմնական մասը ես նրան գտնում եմ բազմոցին, համակարգչի առաջ կամ դրսում՝ ճոճին։ Ծանր եմ տանում էդ փաստը, բայց հիմար կատակների տակ չի զգացվում։ Ասում եմ, որ հիմա գոնե պիտի տանը շատ գործ անի, ամեն կերպ օգնի բոլորին, որ արդարացվի անգործությունը, բայց իրականում զգում եմ, որ իր համար էլ է դժվար, ու լեզուս էդքան երկարացնելու տեղը ավելի լավ է՝ ես օգնեմ։

Հայրս ասում է, որ քանի ձեռքը գումար կար, էդ շրջանում պիտի հասցնեինք վարորդական իրավունքի քննության գնալը։ Չէի պատկերացնում, բայց իրականում ահագին գումար արժի մինչև կյանքիդ վերջ ղեկը անարգել բռնելու ցանկությունը։ Ես էլ նրան պատասխանում եմ, որ պապիկը գումար կտա կամ եղբայրս։ Չեմ բարձրաձայնում, բայց վերջին հաշվով իմ «բանկն» էլ կարող է ուսանողական վարկեր տրամադրել, մինչև բանը բանի գա։

Հիմա տանը հաշիվը 2:4 է. երկու անգործով չորս աշխատավորի դեմ ենք դուրս եկել։ Աշխատավորները հաղթում են, բայց դրանից մնացածները չեն տխրում։ Լավ է, չէ՞։