arxiv

Ձախողված փախուստը

Ես շատ եմ լսել դասից փախչելու մասին: Բոլոր փախչողները պատմում են, որ հուզվում են. հանկարծ միջանցքում կամ դպրոցի մուտքի մոտ ուսուցիչը չհանդիպի: Սիրտդ սկսում է արագ աշխատել: Խիղճդ ասում է. «Դու պետք է գնաս դասի և ուշադիր լսես ուսուցչիդ»: Մանկական չարաճճիությունը մյուս կողմից հորդորում է. «Հետաքրքիր է, փախի՛ր, գնա՛ թեկուզ տուն, ոչ մի վատ բան էլ չի լինի»: Ես էլ եմ ցանկանում ապրել այդ զգացմունքները: Եվ ահա…

-Էրեխե՛ք, էսօր անպայման թռնում ենք,- ասաց Աննան:

-Ո՞ր դասից,- հարցրեց Կարենը:

-Ռուսերենից:

-Հաստա՞տ, թե՞ էլի դասարանի կեսը մնալու է:

-Չէ, բոլորով:

-Բա մատյա՞նը,- հարցրի ես:

-Կտանեմ ուսուցչանոց:

-Բայց ի՞նչ կասես:

-Մի բան կհորինեմ:

-Օրինակ՝ ի՞նչ:

-Դե…

-Ավելի լավ է` մատյանը չտանենք, թո՛ղ դասարանում մնա: Պահարանում կդնենք:

-Հետո ո՞վ է հետ գալու, որ մատյանը տանի ուսուցչանոց:

-Ես պարապմունքի եմ, կտանեմ:

Զանգը հնչեց: Պատմություն էր: Չնայած դասարանում տաք էր, բայց մենք արդեն հագել էինք վերարկուները, դրել գլխարկները և ձեռնոցները, որպեսզի դասամիջոցին դրա վրա ժամանակ չկորցնենք: Իմիջիայլոց, պայուսակներն էլ էինք գցել մեր ուսերին: Այդպես 40 րոպե արևոտ դասարանում վերարկուներով նստելուց հետո վերջապես զանգը հնչեց: Մենք մի վայրկյանում դուրս եկանք դասարանից: Դասարանում մնացել էին մի քանի հոգի, որոնք դեռ հագնվում էին: Մենք նրանց շտապեցնում էինք: Վերջապես բոլորով, կազմ ու պատրաստ, կանգնած էինք աստիճանների վրա` ամենավտանգավոր մասում, որտեղից ուսուցիչը հեշտությամբ կարող էր մեզ տեսնել: Որոշեցինք դպրոցից դուրս գալ խմբերով:

Վերջապես բակում ենք: Որոշեցինք արագ հեռանալ, քանի չենք փոշմանել, բայց…

-Երեխե՛ք, բա որ բարկանա՞ն:

-Վերջ, ես գնացի, ինչ ուզում եք, արեք,- զայրացա ես:

Այսքան կազմակերպված փախուստ և հետ վերադառնա՞լ, երբե՛ք: Սակայն, քանի որ նրանք բոլորը նորից դասարան գնացին, ուզած-չուզած ես էլ գնացի: Երևի ամեն օր այս սցենարը կրկնվում է: Ես ամեն օր որոշում եմ, որ հաջորդ օրը անպայման փախչելու եմ, սակայն միշտ հետ եմ կանգնում այդ որոշումից: Ինչո՞ւ: Ես էլ չգիտեմ: Բայց համոզված եղեք, վաղն անպայման պիտի փախչեմ, թեկուզ` մենակ: Երևի միտքս չեմ փոխի:

Նարինե Դանեղյան 13 տ., 2004թ.