received_249461202427399

Ձեռքդ տուր՝ օգնեմ

Սաստիկ շոգ է, հարավային ջերմ քամին մեղմորեն գգվում է հսկա Արմաղանի ուղղաձիգ լանջերին։ Գավառի ավագ դպրոցի աշակերտներով և ուսուցիչներով համալրված արշավախումբն արդեն մեկ ժամ համառորեն մարտնչում է անհաղթահարելի թվացող բարձունքի դժվարությունների դեմ։ Շատերս արդեն ուժասպառ ենք, մեզ հետ բերած ջրի պաշարները սպառվում են, իսկ Արմաղանի երկնամուխ գագաթը դեռ բավականին հեռու է։ Գնալով շնչելը դժվարանում է, հանգստանալու համար լանջին տեղ-տեղ նստած մարդիկ կռիվ են տալիս ներսից ըմբոստացող հանգստանալու անհագ պահանջի հետ և մեծ դժվարությամբ փորձում վեր կենալ։

received_2133276443603773

-Ձեռքդ տուր՝ օգնեմ,- ամեն անգամ լսվում է դպրոցի տեսուչի ձայնը՝ լի կարեկցանքով և օգնելու պատրաստակամությամբ։

Օգնում է, ապա համբերատար սկսում բացատրել հնարքներ, որոնց միջոցով վեր բարձրանալն ավելի դյուրին է դառնում և քիչ ժամանակատար։

Նայում եմ ներքև։ Շատերն են հետ մնացել։ «Ուր որ է կհասնեն»,-մտածում եմ և ճիգեր գործադրում հաջորդ վերընթաց քայլս անելու համար, բայց հանկարծ ուշադրությունս գրավում է տարօրինակ մի բան, ինչը քիչ անց հիացնում է ինձ։ Ընկեր Հարությունյանը, նույն ինքը՝ դպրոցի տեսուչը, որը նույնպես հավանաբար շատ հոգնել էր ու գրեթե գագաթին էր հասնում, վեր բարձրանալու փոխարեն ներքև է իջնում։ Հայացքով ուղեկցում եմ նրան։ Անտրտունջ հասնելով ամենավերջում մնացած աշակերտին՝ զրուցելով նրա հետ աննկատ արագացնում է քայլերի տեմպը, ու հավասարվում են Արմաղանի լայնույթով տարածված արշավախմբի մնացած անդամներին։

Վերջապես գագաթին ենք հասնում ու համոզվում, որ այդքան ճանապարհն իզուր չենք անցել։ Մեր առջև բացվում է մի չքնաղ տեսարան. չորս կողմդ լեռներ ու բլուրներ, առջևումդ՝ Արամաղանի գագաթին՝ վանք, քիչ հեռու՝ խառնարանային գեղեցիկ լճակ… Առաքելությունն իրականացված է, ուստի պետք է հաղթական շուրջպար բռնել, ազգագրական և քնարական երգեր երգել։

received_1054006958110692

Վարընթաց ճանապարհն ավելի հեշտ էր. Արմաղանի լանջերը աստիճանների նման շերտավորված են, ու հնարավոր է նաև վազելով ցած իջնել։

Դեռ չի մթնել, մայրամուտ է։ Վարդագույնի ու նարնջագույնի բոլոր երանգները խառնվել են նուրբ երկնագույնին ու հորիզոնին պար են գալիս՝ հոգեպարույր տրամադրություն ստեղծելով։ Տղաներն արդեն փուռ են դրել, մի քանիսը խաղեր են խաղում, մնացածը պարում են, երգում…

received_268789883608958
Ավագ դպրոցում ավանդույթ դարձած համադպրոցական արշավները, միջոցառումները միշտ ուսուցողական բնույթ են կրում։ Օրվա վերջում մտովի դասավորում եմ օրվա լավագույն ցաքուցրիվ տպավորություններս ու փորձում դրանց կարևորություն տալով մտապահել։ Վերլուծում եմ. լեռան գագաթը մեր նպատակներն են, որոնց ձգտում ենք հասնել։ Շատերը կեսից հոգնում են, ցանկանում հետ դառնալ, հետո փոշմանում և մինչև վերջ գնում։ Հա, մի բան էլ. ողջ ճանապարհին մեր ընթացքին ուժ էր հաղորդում ընկերասիրությունը, ձեռք մեկնելու պատրաստակամությունը, որովհետև ուսուցիչն էլ, դպրոցի տեսուչն էլ, քո դասընկերն էլ, ուրիշ դասարանի աշակերտն էլ մի ընտանիք են դառնում, երբ վստահությամբ ասում են՝ ձեռքդ տուր՝ օգնեմ։

_20180929_202544