Ձեռքը՝ բնության զարկերակին

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Գրող, լրագրող, բնապահպան Սուրեն Հայրապետյանը դեռևս 5 տարեկանից մեծացել է արջերի հետ։ Նա եղել է Հայաստանի շատ ու շատ վայրերում և ուսումնասիրել կենդանական աշխարհն ու բուսականությունը: Գիտի, թե որտեղ են բնակվում օձերը, ձայներով ճանաչում է թռչուններին և վայրի կենդանիներին։

Օրերս նա Գավառում էր նոր ուսումնասիրությունների համար: Այստեղ նրան մշտապես հյուրընկալում է մեր հայրենակից, բանաստեղծ Լևոն Բլբուլյանը, որը տպավորված է լրագրող-բնապահպանի աշխատանքից, թե ինչպես է նա ամեն թուփ, ամեն ծառ, ամեն միջատի նկատում անմիջապես, լուսանկարում և հետո այդ ամենը հրաշալի մատուցում գրքերում: Նրա բնորոշմամբ՝ Սուրեն Հայրապետյանը հրաշալի է հասկանում բնությունը, նրա մեծ ու փոքր, անգամ անտեսանելի արարածների լեզուն և մշտական շփման մեջ է նրանց հետ:

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Սուրեն Հայրապետյանը Սևանի ավազանում ուսումնասիրութjուն է կատարել նաև երիտասարդ տարիներին և առանձնահատուկ վերաբերմունք ունի այստեղի բնաշխարհի նկատմամբ: Նա ցանկանում է քայլելով ուսումնասիրել Սևանի ավազանը, որպեսզի հնարավորինս մանրամասն ներկայացնի ավազանի բնաշխարհի ինքնատիպ գեղեցկությունն ու, իր բնորոշմամբ, դրախտային միջավայրը: Սուրեն Հայրապետյանի խոսքով՝ մարդն այստեղ իրեն զգում է շատ թևավորված և կարողանում է վայելել Աստծո տված գեղեցկությունը:

Սուրեն Հայրապետյանը հեղինակ է բնության մասին պատմող 8 գրքի և 20 ժողովածուի։ Վերջերս լույս տեսած նրա «Բնության ձայնին ունկնդիր» և «Ծանոթ ու անծանոթ ճամփեքին» գրքերը ընթերցողը կարող է գտնել նաև «Նոյյան տապան» գրատանը, Երևանի կետրոնական և հանրային գրադարաններում: «Ծանոթ ու անծանոթ ճամփեքին» գրքում նա յոթանասուն էջ է նվիրել երկու տարի առաջ Գավառում կատարած ուսումնասիրություններին: Գրքի օրինակներ կան նաև Գավառի գրադարաններում:

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Սուրեն Հայրապետյանը կարծում է, որ կարևորը գրքերի քանակը չէ, այլ այն, որ կարողանա իր ասելիքը մատուցել իր ընթերցողներին այնպես, որ նրանք իր գրքերի միջոցով կարողանան ճանաչել, պահպանել այն ամենը, ինչ տրված է մեզ և փոխանցել դրանք մյուս սերունդներին։

Սուրեն Հայրապետյանի «Բնության ձայնին ունկնդիր» գրքի խմբագիր, արձակագիր Վանիկ Սանթրյանը հեղինակի մասին ասում է. «Նրա ստեղծագործություններում տեղ չունեն փչոցները, մտացածին, հնարովի դրվագները, որոնք չեն բխում կենսափորձից»: Դրանում հավաստիացա անձամբ, երբ ուսումնասիրությունների ժամանակ ուղեկցում էի նրան: Լուսանկարելուն զուգահեռ Սուրեն Հայրապետյանը միանգամից շշնջում էր իր գրքերում զետեղելիք տեքստերը, որոնք բացառապես արտահայտում էին տեսածը:

Լուսանկարը՝ Վարդգես Խաչատրյան

Լուսանկարը՝ Վարդգես Խաչատրյանի

Օրինակ՝ թրթուրի մասին նա գրել է. «Ի՜նչ հանգիստ է ձեռքերումս՝ խելոք մանկան պես: Կառչելու, քնելու տեղ էր փնտրում, կլորվում էր, շուռումուռ գալիս, մատներս քորում: Պետք էր մի ճար անել, ապահով վայր տեղափոխել, բայց ու՞ր…»: Այսպես նա ապրում էր յուրաքանչյուր միջատի, թրթուրի, կոճղի և ամեն տեսածի հետ:

Լուսանկարը՝ Վարդգես Խաչատրյանի

Լուսանկարը՝ Վարդգես Խաչատրյանի