lilit vardanyan

Ձկները, շատակեր գորտը, կրիան ու երազանքները

Հիշում եմ, որ ժամանակին մենք ձկներ էինք պահում: Միջանցքում կար մի ակվարիում, որի մեջ փոքրիկ ձկնիկներ էին: Ու վերջ: Չեմ հիշում, թե երբվանից էինք մենք ձկներ պահում: Բայց դրանք իմ առաջին կենդանիներն էին: Ես շատ էի սիրում կերակրել ձկներին և հետևել նրանց ուտելու ընթացքին:

-Հերիք ա կերակրեք, ձկներն արդեն կուշտ են,- ասում էին ծնողներս:

Մի օր եղբայրս ու հայրիկը գնացին շուկա և այնտեղից չինական գորտ բերեցին: Այդ գորտը սպիտակ էր և տարօրինակ տեսք ուներ: Մի քանի շաբաթվա ընթացքում մենք նկատում էինք, որ ձկները քչանում են, իսկ գորտը գիրանում էր: Արդեն ձկների կեսից շատը պակասել էր: Հերթական ձկնիկի անհետացումից հետո մտածում էինք՝ ինչ անել գորտի հետ: Հայրիկը զայրացավ և գորտին գցեց զուգարանակոնքի մեջ: Մենք երկար ծիծաղում էինք: Հետո ես հարցրի.

-Բա գորտին ի՞նչ ա լինելու:

-«Կանալիզացիայում» կապրի,- ասացին հայրիկն ու եղբայրս:

Հետո հայրիկը նոր ձկներ գնեց: Որոշ ժամանակ անց մենք հոգնեցինք ձկներ պահելուց, և հայրիկը նրանց կենդանիների խանութ տարավ:

Իսկ 2009 թվականին մենք կրիա գնեցինք, որովհետև Արամը (եղբայրս) գերազանց ավարտել էր 2-րդ դասարանը և ուզում էր կրիա պահել: Կրիան երկկենցաղ էր: Դրա համար էլ ակվարիումի մեջ մի քիչ ջուր ու ավազ լցրեցինք և նրան դրեցինք մեջը: Հետո նրա համար բակից մեծ քար գտանք: Ես և եղբայրս կրիային անվանեցինք Կրյոշ (իսկ ինչպե՞ս կարելի էր ավելի լավ անուն հորինել կրիայի համար): Այդ տարի ամռանը մենք կրիային իջեցնում էինք բակ: Իմացանք, որ խոտ էլ է ուտում: Ես ու Արամը նրան դնում էինք բազմոցի վրա, որ բարձրանար: Դնում էինք մեջքի վրա, որ հետ շրջվեր ու ասում էինք, որ նրան տարբեր հնարքներ ենք սովորեցնում: Շատ ուրախ էինք անցկացնում ժամանակը՝ տեսնելով, թե մեր կրիան ինչ լավ է ընտելանում:

Իսկ ձմռանը նա երկարատև քուն մտավ: Այդպես մենք նրան 6 տարի խնամեցինք: Բայց վեց տարի անց մենք արդեն հոգնել էինք նրան խնամելուց: Ակվարիումի ջուրը շաբաթներով չէինք փոխում: Չէինք կերակրում: Հետո մենք որոշեցինք, որ հերիք է նրան տանջել: Կրյոշին տարանք շուկա և վաճառեցինք տիրոջը:

Մենք էլ ոչ մի կենդանի չպահեցինք:

Երբ ես փոքր էի, երազում էի շուն ունենալ: Հիշում եմ, որ մենք նույնիսկ գնացել էինք վերնիսաժ՝ շներին նայելու: Մի խելացի շուն տեսանք, որը լպստեց և հոտ քաշեց իմ կոշիկներից:

-Իմ հոտը կհիշի, չէ՞,- հարցրի ես:

Որոշել էի, որ այդ շանը պիտի գնենք:

Բայց ծնողներս ինձ չէին թողնում շուն պահել: Երբ հարցնում էի՝ ինչու, նրանք պատասխանում էին, որ պապիկը չի սիրում կենդանիներ, ու հետո, այդ շունը մի օր կսատկի: Ծնողներիս կարծիքով, ես դեռ փոքր էի այդպիսի պատասխանատվություն կրելու համար:

Մտածում էի՝ կարելի է պուդել պահել: Իսկ երբ ես պուդել տեսա ու իմացա, թե ինչ աշխույժ ու ագրեսիվ է, փոշմանեցի:

Շուն ունենալու պատմությունը շատ հին է ու երկար: Ես վաղուց մոռացել էի այդ երազանքի մասին:

Հիմա ես ավելի շատ ուզում եմ կատու ունենալ: Կատուն հանգստացնում է նյարդերը: Չնայած, ես չեմ սիրում կպնել կենդանիներին: Չնայած, իմ կարծիքով, կատուները եսասեր են, հավատարիմ չեն ու մտածում են միայն լավ տիրոջ, տաք վերմակի ու համեղ նախաճաշի մասին:

Կենդանիների հետ կապված միակ բանը, որ մինչև հիմա երազում եմ՝ կյանքում գոնե մի անգամ ձի նստելն է: Գիտե՞ք՝ երբ սկսվեց իմ սերը ձիերի հանդեպ: Ես մոտ 6 տարեկան էի:

-Մամ, ես ինչի՞ տարի եմ ծնվել,- հարցրի ես:

-Ձիու: Ավելի շուտ՝ ծովային ձիու:

Ես այդ ժամանակ ծովառյուծի պատկերացրի: Բայց հետո իմացա, թե ինչ է ծովային ձին:

11 տարեկանում կարդացի «Երեք հրացանակիրները» ու ես էլ ուզեցի ունենալ դ’Արտանյանի՝ ամբողջությամբ սև, ճակատին սպիտակ աստղաձև նշանով ձիուց:

Իսկ եթե ճիշտն ասեմ՝ ես չգիտեմ, թե կոնկրետ երբվանից սկսվեց իմ սերը ձիերի հանդեպ:

2016 թվականին Աղվերանի մեդիա ճամբարում ես մասնակցեցի Նուշիկի ու իր ձիու մասին ֆիլմի նկարահանմանը: Նուշիկը պատմում էր իր ձիերի մասին: Տեսա, թե ինպես էր ձին հասկանում իր տիրոջը: Իմացա, թե ինչ խելացի կենդանիներ են ձիերը: Նուշիկը խոստացավ, որ նկարահանումներից հետո ամեն մեկս հերթով կնստենք ձիու վրա: Ես շատ ուրախացա: Իմ երազանքը կկատարվեր:

Բայց իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ մենք շուտ գնացինք և չնստեցինք ձիու վրա:

Հուսով եմ՝ այս տարի կկատարվի իմ երազանքը, որովհետև որոշել եմ ամռանը ձիարշավի դասերի գնալ: