arxiv

Ձկնորսը

Ժամը երեքը կլիներ, երբ որոշեցինք ձկնորսության գնալ: Գնացողներս երեք հոգի էինք` ես, եղբայրս` Արմենը, և Բագրատը: Նա տարիքով մեզանից շատ ավելի մեծ է, բայց հաճույքով համաձայնեց մեզ հետ գալ: Բագրատը ձկնորսություն շատ է սիրում: Մենք պայմանավորվեցինք մի քանի րոպեից հանդիպել: Ես և Արմենը վազեցինք տուն, որ պատրաստվենք:

-Մա՛մ, գնում ենք ձկնորսության,- ուրախ հայտարարեց Արմենը:

-Ի՞նչ, ո՞ւր,- հարցրեց մայրիկը:

-Ոչ մի ձուկ,- արագորեն մեջ ընկավ տատս,- ամեն օր այնքան դժբախտ պատահարներ են լինում, փոքր երեխաներ են խեղդվում:

-Էս կողքի գետն ենք գնում, ի՞նչ պիտի լինի որ: Համ էլ` Բագրատն էլ է գալիս,- դժգոհ պատասխանեցի ես:

-Չէ՛, չէ՛, չէ՛: Ես հիմա քո հորը կզանգեմ, տեսնեմ` թողնու՞մ է, թե՞ ոչ:

Բայց մինչ մեծերն այս հարցը «կլոր սեղանի» շուրջը կքննարկեին, մենք արդեն մեր սենյակներում էինք: Ինձ դիմավորեց կատուն: Ես նրան մի կողմ հրեցի. «Քո զահլեն չունեմ»: Քիչ հետո պատրաստ էի: Վերցրի դույլը և մեր իսկ սարքած կարթը: Շուտով Արմենն ու Բագրատն էլ եկան, ու մենք ճամփա ընկանք:

-Առաջին անգա՞մ ես ձուկ բռնելու գնում,- հարցրեց Բագրատը:

-Ըհը՛,- պատասխանեցի ես:

-Իսկ ո՞ր ճանապարհով ենք գնալու,- հարցրեց Արմենը:

-Պետք է սրանով գնանք: Տեսել եք, չէ՞, որ այստեղ երկու գետերը իրար են միանում:

-Հա՛, ինչպե՞ս չենք տեսել: Ամեն օր գետում լողում ենք,- գլուխ գովեց Արմենը:

-Բայց մենք այդտեղ չենք գնում: Որտեղ ձուկ ենք բռնելու` ջուրն ավելի մաքուր է:

Շուտով տեղ հասանք: Ես ու եղբայրս հանեցինք մեր պատրաստած կարթերը և կեռիկը գցեցինք ջուրը: Իսկ «գլխավոր ձկնորսը» որսում էր ինչ-որ բարդ սարքով: Սկզբում շատ ոգևորված էինք: Նույնիսկ մի քանի մանր-մունր ձուկ բռնեցինք. մի մասին հետագայում բաց թողեցինք, իսկ մյուսներին օգտագործեցինք իբրև խայծ` ավելի մեծ ձկներ բռնելու համար: Ցավոք սրտի, մեծ ձկներն այդպես էլ չէին գայթակղվում: Մենք գրեթե չէինք խոսում: Բագրատը խախտեց լռությունը:

-Հը, ինչպե՞ս եք,- թարմացնող ձայնով հարցրեց նա:

-Կանք, էլի,- սառած աչքերով պատասխանեցի ես:

-Խնձոր չե՞ք ուզում,- գրպանից հանեց մի քանի խնձոր:

-Տո՛ւր մեկը,- ասացի ես և սկսեցի կեղտոտ ձեռքերով ուտել խնձորը:

-Լսի՛ր, ճի՞շտ ես ասում, որ առաջին անգամ ես ձկնորսության,- կրկին հարցրեց Բագրատը:

-Դե ասացի` հա՛, էլի: Չեմ հասկանում` ամեն ինչ այդքան վա՞տ եմ անում,- նեղացա ես:

-Չէ՛, ուղղակի առաջին անգամվա համար կարևոր է տպավորությունը: Բայց ոչինչ, շուտով «ղայդին» ձուկ ենք բռնելու:

-Մի՛ մտահոգվիր, ինձ դուր գալիս է:

Դրանից հետո էլի շատ ժամանակ անցավ, իսկ ձուկ չկար: Ամեն մեկս իրարից հեռու կանգնել, մտածում էինք: Բանն այն է, որ ձկնորսության ժամանակ անշարժ ու լուռ նստել է պետք: Ուրիշ բան չէր մնում անելու` բացի մտածելը: Մենք էլ մտածում էինք: Ձկնորսության ժամանակ մտածելը շատ հետաքրքիր է: Հանգիստ մտածում ես, մեկ էլ լողանը թպրտում է, և մտքիդ թելը կտրում: Հետո տեսնում ես` ձուկ չկա, սկսում ես ուրիշ բանի մասին մտածել: Ձուկն էլ, ասես չխանգարելու համար, իր գոյության մասին չի հիշեցնում:

Արդեն մութն ընկնում էր, և մենք որոշեցինք տուն վերադառնալ առանց ձկան: Ճանապարհին մի սատկած օձի ձագ գտա: Վերցրեցի և որոշեցի կամ պայուսակ կարել, կամ գոտի, կամ էլ թե չէ` կոշիկ: