Anushik Mkrtchyan

Ձմեռն Արագածում

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Ձմեռ: Մեղմիկ իջնում է ձյունը, երեխաներն ուրախ գնում են դասի և այլն: Այսպես միայն ֆիլմերում է լինում: Մեր գյուղում ձմեռը սահմանափակվում է միայն երեխաների խաղով՝ դպրոցի բակի առվակի վրա, որի ջրերը սառել են, և աշակերտների համար դարձել նեղ «սահադաշտ»: Կամ էլ՝ հինգ րոպեանոց դասամիջոցների հաշվին ձնագնդի խաղալով:

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Մեզ մոտ ձմեռը լավ ձյունառատ է լինում: Այնքան, որ երբեմն դասի չենք գնում: Երկու օրը մեկ են մաքրում ձյունը, իսկ այդ երկու օրում այն հասցնում է մինչև ծնկներդ բարձրանալ: Դե, պատճառն այն է, որ Արագած լեռը ամենամոտն է մեր գյուղին, այդտեղից էլ սառը հոսանքները թափանցում են գյուղ: Մենք այն ժամանակ ենք հասկանում, որ ձմեռը ուր որ է կգա, երբ սպիտակում են Արագածի լանջն ու գագաթները: Սիրում եմ ձմեռը: Չսիրելու միայն մի պատճառ կա՝ այն, որ դրսից ներս եմ մտնում ու ոչինչ չեմ տեսնում. գոլորշիով են պատվում ակնոցիս ապակիները:

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը` Անուշիկ Մկրտչյանի

Երբ մաքրում են փողոցները, հատուկ մեքենաներն այդ ձյունը հավաքում են փողոցի եզրերին: Մենք ընտրում ենք ամենաբարձր կույտն ու տոպրակի վրա նստած՝ սահում այդտեղից. տոպրակով ավելի սահուն է ստացվում: Արդեն մոտ մի շաբաթ է, ինչ ձյուն կա, իսկ աշակերտներն ավելի շատ են սկսել խաղալ: Դպրոցի բակում դասամիջոցներին ավելի շատ երեխաներ կան, բայց առվակը դեռ լավ չի սառչել: