alla davtyan yerevan

Ձմեռ է…

Արդեն քանի ժամ է` քնել էի, մեկ էլ զգամ՝ սարսռեցնող ցուրտը մտել էր սենյակս, ձյան փաթիլները բաց պատուհանից ներս էին թափանցում։ Արթնացա, մոտեցա պատուհանին, որ փակեմ և անցնեմ իմ գործերին, բայց երեխաների ուրախ ճիչերը, դաշտի մեջտեղում պատրաստած ձնեմարդը, ստիպեցին, որ երկար կանգնեմ և հիանամ այդ հրաշքով։ Գետնին նայելով՝  հասկացա, որ արդեն մի քանի ժամ կլինի, ինչ ձյուն է գալիս։ Այգիներն ու պուրակները՝ սպիտակ շղարշը ուսերին գցած, պատրաստվում էին պարահանդես գնալ, բայց մարդիկ կարծես խանգարեին՝ ցեխոտ կոշիկներով քայլելով հագուստի վրայով։

Ընկերուհիս, ինձ տեսնելով, եկավ պատուհանի մոտ.

-Ա՛լ, արի՛, ճիշտ է, ցուրտ է, բայց հաճելի է։ Արի՛, համ էլ կքայլենք դեռ չքայլած ձյան վրայով, հա՛, համ էլ ձնեմարդուկին նայիր, մենք ենք պատրաստել, լավ է եղել, չէ՞: Մնում է՝ կողքի բակի տղաները չգան քանդեն, ինչ է, որ մենակ իրենց բակում լինի, չեմ սիրում այդպիսիներին։

-Բարև, Ան, ես քիչ ուշ կմիանամ ձեզ, իսկ ձնեմարդուկի համար մի անհանգստացեք, հլը թող փորձեն, այնպես ձնեմարտ կկազմակերպենք, որ էլ մեր կողմերը չեն երևա։

-Ա՛յ, ճիշտ ես։

Փակեցի պատուհանը, մտա հյուրասենյակ։ Մայրս էլի մոռացել էր միացնել տոնածառի լույսերը: Սիրում եմ, երբ տոնածառի լույսերը լուսավորում են տունը: Միացրի և գնացի հագնվելու, մինչ ձեռնոցներս և գլխարկս կդնեի, Ձմեռ պապիկի նամակն էի փնտրում: Պետք է փոստատարին տայի, ճիշտ է, դեռ մի քանի օր կա տոներին, բայց մինչև հասնի Լապլանդիա…

Արագ հագնվեցի և դուրս եկա տանից, մեկ էլ դըմփ… Ձնագնդին ուղիղ գլխիս…