Mane Babajanyan

Ձմռան հետ սկսվող խնդիրներ

Ահա նորից ձմեռ է, բայց այս անգամ սովորականից ավելի ձնառատ ու ցուրտ: Դե, ճանապարհներն էլ, մեղմ ասած, անմխիթար վիճակում են:
Այսօր ճանապարհին գրեթե ամեն քայլափոխի հանդիպեցի մեքենաների, որոնք կանգնել ու չէին կարողանում շարժվել տեղից՝ ձյան ու սառույցի պատճառով:
Մայթերի վրա ձյունը սառել, կպել էր գետնին, ու քայլելիս պետք է մեծ զգուշությամբ ընտրես քայլերդ, որպեսզի գետնին չհայտնվես: Էլ չասեմ, որ տասնհինգ րոպե տևող ճանապարհն անցա մեկ ժամում, որովհետև քայլում էի շատ դանդաղ և զգույշ, որ չընկնեմ:

Տարեց մարդկանց այս օրերին դրսում գրեթե չես հանդիպի, երիտասարդներն են վախենում դուրս գալ տանից, էլ ուր մնաց ծեր մարդիկ: Փողոցի մի կողմից մյուսն անցնելն անհաղթահարելի խնդիր է դարձել, մանավանդ այն մարդկանց համար, ովքեր իրենց հետ ստիպված քարշ են տալիս կիլոգրամներ կշռող տոպրակներ, դե, Ամանոր է: Հա, այսօրվա տեսածս ամբողջ դեպքերի մեջ մի դեպք միայն մեծ ազդեցություն գործեց ինձ վրա ու մտածելու տեղիք տվեց:
Եղեգնաձորի կենտրոնական փողոցներից մեկում կանգնած էին մեքենաներ, ու երբ կարմիր լույսը փոխվեց կանաչի, մեքենաները շարունակեցին իրենց ընթացքը, բայց մի մեքենա մնաց կանգնած, ավելի ճիշտ՝ ջանք չէր խնայում, որ մեքենան «պոկվի» տեղից, բայց ապարդյուն: Անիվները պտտվում-պտտվում, բայց չէին կարողանում առաջ շարժվել, պատճառն, իհարկե, չմաքրված ճանապարհներն էին: Բայց սա պատմության մի փոքր մասն է միայն: Երբ մի փոքր մոտեցա մեքենային ՝ առաջինը, որ գրավեց ուշադրությունս, վարորդի վրդովված հայացքն էր, որն ասես վայրկյան առաջ ուզում էր շարժվել, կարծես թե շտապում էր: «Երևի Նոր տարվա պատրաստություն են տեսնում, րոպե առաջ ուզում են տուն հասնել, շատ գործ կունենան՝ բա ամեն ինչ տեղը տեղին չանե՞ն»,- մտածեցի ես ու դեմքիս մի սառն ու արհամարհական ժպիտ հայտնվեց, որի համար, ի դեպ, հետո շատ զղջացի:
Իրականում պարզվեց, որ մեքենայի հետևում նստած է վարորդի կինը՝ գրկին իրենց երեխան, որը հազիվ 2-3 տարեկան լիներ: Ինչպես հասցրի հասկանալ այդ ընթացքում, նրանց մեքենային մոտեցած երիտասարդի ու վարորդի զրույցից, փոքրիկը երեք  օր է, ինչ ջերմում է, և ոչ մի կերպ չեն կարողանում իջեցնել ջերմությունը: Ստիպված երեխային ուզում են տանել հիվանդանոց: Երիտասարդն օգնեց մեքենան շարժել տեղից, ու երեխային հասցրին հիվանդանոց: Չգիտեմ՝ հիմա փոքրիկն ինչ վիճակում է, բայց հուսով եմ, որ լավ է արդեն:
Բայց այս ամենը չէր լինի, եթե փողոցները փոքր-ինչ բարվոք վիճակում լինեին: Եթե այդ երիտասարը չմոտենար, ո՞վ գիտի, թե մեքենան դեռ որքան կմնար կանգնած, մանավանդ, երբ ներսում հիվանդ երեխա կար:
Երբ ձյունից մաքրված չեն երկրորդական ու ծայրամասային փողոցները, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ կենտրոնական փողոցներն են այդ վիճակում, որտեղ երթևեկությունը գրեթե չի դադարում, իրոք անհանգստացնող խնդիր է: Իսկ ո՞վ պետք է զբաղվի այդ հարցով: Չգիտեմ:
Եկեք Նոր տարուն ոչ թե մրցակցության մեջ մտնենք միմյանց հետ, թե ում սեղանն է ավելի ճոխ, ում պատրաստած տոլման է ավելի համեղ, ով մի միրգ ավել կամ պակաս դրեց սեղանին, այլ փորձենք ավելի ուշադիր ու ներողամիտ լինել մեզ և մեր շրջապատում գտնվող մարդկանց նկատմամբ: Չէ՞ որ Ամանորի կախարդանքը միայն ուտելու ու իրար զարմացնելու մեջ չէ, եկեք պահենք տոնի իրական խորհուրդը: