Ձյուդոն` որպես հոբբի

Մեզանց շատերը, եթե ոչ բոլորը, մանուկ հասակում ունեցել ենք մեր հերոսները: Իմ հերոսները շատ էին` «Սարդ մարդը», «Հալկը», «Հզոր ռենջերները» և այլն: Ցանկանում էի լինել հզոր, ինչպես Հալկը, կամ խիզախ Սարդ մարդու պես, և հաճախ նմանակում էի նրանց: Երբ դարձա ութ տարեկան, հասկացա, որ ես եմ իմ հերոսը և սկսեցի հետաքրքրվել, թե ինչպես «ուժեղ տղա» դառնալ: Այդ ժամանակ մեր գերդաստանում գործում էր չգրված մի օրենք` բոլոր տղաները պետք է զբաղվեին սպորտով, իսկ ավելի կոնկրետ` ձյուդոյով: Եվ քանի որ ես բացառություն չէի, նույնպես սկսեցի զբաղվել ձյուդոյով: Առաջին տպավորություններս այնքան էլ հուսադրող չէին, որովհետև նորեկ էի և բոլորին թե’ ֆիզիկապես, թե’ տեխնիկապես զիջում էի: Սակայն նոր ընկերներս ինձ ոգևորում էին և հույս տալիս, որ դա դեռ սկիզբն էր:

Անցնում էին օրեր, շաբաթներ, ամիսներ, և ամեն անգամ ավելի ուժեղ էի ինձ զգում: Հիշում եմ, մի անգամ մեր խմբակի առաջատարներից մեկին հաղթեցի և ամբողջ պարապմունքի ընթացքում այնքան ոգևորված էի, որ կարծես օլիմպիական չեմպիոն էի դարձել:

Անցնում էին տարիներ, մեր խմբակ շատերը հաճախեցին, շատերը ձյուդոյից հեռացան, սակայն ներկայիս խումբը տարիների ընթացքում հավաքվեց, և Հրազդանում շարունակում է սպորտային ոգին վառ պահել:

Ձյուդոյի հիմնադիրը Ճապոնացի Ձիգարո Կանոն է: Ձյուդոն ճապոներենից թարգմանվում է որպես ճկուն ճանապարհ, սակայն այստեղ միայն ճկունությունը բավարար չի, հարկավոր են ֆիզիկական տվյալներ, և ամենակարևորը` հարգանք դիմացինի նկատմամբ; Եթե քեզ բնորոշ չէ հարգանքը, ուրեմն դու ձյուդիստ չես կարող համարվել: Այս առիթով Ձիգարո Կանոն ասել է. «Չհարգելով դիմացինիդ` նվաստացնում ես քեզ»:

Ներկայում ձյուդոյով զբաղվելու պայմանները Հրազդանում համեմատաբար լավ են, քան նախկինում, սակայն գրեթե բացակայում է պետական ֆինանսավորումը, որը իր հետևանքներն է ունենում: Ճիշտ է, կան չեմպիոններ ովքեր ֆինանսավորում են ստանում, սակայն երկրորդ կամ երրորդ տեղերը զբաղեցրած մրցանակակիրները այն չեն ստանում: Վատ վիճակում է գտնվում նաև մարզասրահի գույքը: Սակայն այս ամենը չի խանգարում մեզ մարզվել և զբաղվել սիրած սպորտաձևով: Մեր խմբակը տվել է Հայաստանի, Եվրոպայի, Աշխարհի և ամենակարևորը` օլիմպիական  բազմաթիվ չեմպիոններ ու մրցանակակիրներ:

Տարիներն անցնում են, տարիների հետ ձյուդոյից հեռանում են շատերը, բայց մի բան հաստատ է. ինչպես բնության մեջ ոչինչ հենց այնպես չի անհետանում, այլ մեկը փոխարինվում է մյուսով, այդպես էլ Հրազդանում միշտ կհայտնվեն ձյուդոյի նոր սիրահարներ…