anush davtyan

Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր առաջին

Երեխեքիս վերջնական պառկեցրի, հեռախոսս վերցրի, որ գրեմ։ Ուրեմն…

Կեսօրին դուրս եկանք Գյումրիից, շարժվեցինք դեպի Եղնաջուր (հին անունով՝ Չիվիլլի):
Ցերեկը հասել էինք արդեն, հենց սկզբից տարան հաց ուտելու։ Կերանք ու անցանք գործի։
Աշխատանքային առաջին պայմանագիրը ստորագրելը շատ հաճելի էր, ինչ խոսք, բայց դրանից պարտականությունները չեն թեթևանում։

Ջոկատների բաժանեցինք երեխեքին, իմ 12-հոգանոց ջոկատն առա, գնացի առանձին սենյակ։ Փորձում էի բոլոր կանոնները հասկացնել, ասում էի, որ չվազեն, իրար չվիրավորեն, չխփեն ու էլի նման բաներ։ Իհարկե, բանի տեղ չէին դնում։ Ամեն մեկը իր դարդին մնաց. կռիվ էլ արեցին, լացեցին էլ։ Կոնֆետներով «բուժում էի»։

Պարզել եմ, որ ջոկիս ուղիղ կեսը նկարել է սիրում։ Գրիչները բերեցի, ասացի՝ творите։ Երեխեքից մեկը՝ Աշոտը, ասում է.
-Ընկե՛ր Անուշ, ընձի նկարե՛ք։
Զգուշացրի, որ վատ եմ նկարում, բայց դե թուղթը վերցրի ու սկսեցի։ Նկարում եմ, նայում է, ասում.
-Ես սենց սիրո՞ւն եմ։
Ասում եմ.
-Հա՜, չնաշխարհիկ ես։

Մեր ջոկատի անունը «Դուխովներ» դրեցինք, կարգախոսն էլ՝ «Մեկը բոլորի, բոլորը մեկի համար»: Մի որոշ ժամանակ դասասենյակում մնացինք, ծանոթացանք, խոսեցինք։ Երեխեքի հետ մի քիչ խաղացի, մինչև ընթրիքի ժամն եկավ, իջանք ներքև։ Հետո դիսկո էինք արել իրենց համար։ Պարում էին, վազում իրար հետևից։ Ջոկիցս երկու եղբայր լացեցին։ Գնացի սենյակ, ասում եմ՝ ի՞նչ ա եղել։ Ձայն չեն հանում։ Սենյակից բոլորը դուրս եկան, երեքով մնացինք, սկսեցի պարզել։
Փոքրը մամային էր կարոտել, մեծն էլ մյուսի լացելը տեսավ, չդիմացավ։ Մի խոսքով, «ասեցինք-խոսեցինք», ծիծաղեցին, ուրախացան, իջանք դահլիճ։

Քանի վերմակիս տակ մտած գրում էի, սենյակիս երեխեքը խոսում էին անընդհատ (ամեն ջոկատավարի մի սենյակի են կցել, որ կարգուկանոն պահպանի)։ Հինգ րոպեն մեկ երեխեքը հիշում են, որ ընկեր Անուշը սենյակում է, մտածում են՝ քնած եմ, ասում են՝ շըշշ, ու իբր լռում են։ Կես րոպեից էլի են խոսում։
Հա, Արևը հեքիաթ է պատմում, որ բոլորը քնեն։
Դե, բարի գիշեր։