Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր երկրորդ

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Չնայած «վեր կաց»-ը 8:30 էր, մեր սենյակում բոլորը 7:30-ից արթուն նստած էին, զրուցում էին։

Ես սուսուփուս կարդում էի, երեխեքը մեկընդմեջ հարցնում էին.
-Ընկե՛ր Անուշ, բոթա՞ս հագնենք, թե՞ չստիկ։
-Ընկե՛ր Անուշ, մազերս սպես հավաքած սիրո՞ւն է։
-Բա հիմա ո՞ւր ենք իջնելու։
-Լվացվենք, հետո՞ մարզանք, թե՞ հակառակը։
Ու նման լիքը-լիքը շատ-շատ հարցեր, որոնց բոլորի պատասխաններն անպայման պիտի ունենար ընկեր Անուշը։

Օրվա հերթապահ ջոկատն առաջինն էր՝ իմը։ Ավելի շատ երևի հնարավոր չէր վազել էդ երեխեքի հետևից, քան ես արեցի։ 12 հոգի են, մենակ երկուսը չէին ուզում գործ անել։ Մնացածից, եթե մեկին բան չտաս, պոչի նման ման են գալու, էնքան են ասելու «Բա ե՞ս ինչ անեմ», մինչև որ մի գործ չտաս։
Մեզնից հասնում էր մաքրել էն ննջարանը, որում քնում ենք, խոհանոցը՝ ոտքից գլուխ, միջանցքները, մեծ դահլիճը, գրադարանն ու դասասենյակը։ Կոնկրետ ես պիտի նշանակեի էդ բոլոր մաքրողներին, կանգնեի իրենց գլխին, որ գործից «չթռնեն»։
Որ շատ երկար չպատմեմ, ուղղակի ասեմ՝ մի ժամ ու մի քիչ ավելի վազել եմ ճամբարի տարածքով, գործ եմ տվել բոլորին, հերթով հետևել եմ ու ստուգել (ապրեն խոհանոց մաքրողները, ի դեպ, փոշիները սրբելու տեղը խառնել էին, պատուհան էին մաքրում երեխեքս)։ Մի քանիսին սովորեցնում էի ավել անել. չհավանեցին։ Բայց փոշիները շատ հավեսով էին սրբում։

Էսքան մաքրելուց ու սրբելուց բացի՝ ամեն հաց ուտելուց 15 րոպե առաջ ու վերջացնելուց 15 րոպե հետո օրվա հերթապահ ջոկատից 2 հոգի իրենց ջոկատավարի հետ մնում են խոհանոցում։ Սկզբում դնում են ուտելիքը, հետո՝ հավաքում ափսեները, մաքրում սեղաններն ու գետինը։ Հա, մի բան էլ, ետճաշիկը բաժանում է օրվա հերթապահ ջոկատավարը, չգիտես ինչու։
Խոհանոցը ճաշարանից մի պատ է բաժանում՝ երկու բացովի պատուհաններով։ Պատուհանը ծեծում ենք, խոհարարները ներսից բացում են, ճաշը տալիս, հետո մենք շարում ենք սեղաններին։
Ետճաշիկը, «վիձիծե լի», էնքան բարդ բան է, որ ջոկատավարը պիտի բաժանի։ Պլաստմասսայից ափսե, վրան երկու հատ թխվածքաբլիթ, երկու կոնֆետ ու մի վաֆլի։ Մի խոսքով։

Հա, մեկ էլ կշռվելու եմ տարել ջոկատիս էսօր, բուժզննման մյուս մասն էլ հետո կանցնեմ։ Էդ կշռվելը մի պատմություն էր։ Երեխեքը չգիտեին՝ ինչի համար են գնում, մտածում էին՝ սրսկվելու։ Հուզվել էին, նեղվել, ջոկատավարներից մեկն էլ, փոխանակ հանգստացնի, ասում էր.
-Հա, մե՜ծ ասեղով սրսկելու են ձեզ, չէ՞,- ու ինձ է նայում, որ ասեմ՝ հա։ Թո  բա թե։
Մյուսն էլ ավելացնում է՝ հա՜, մախաթ ասեղով։ Խեղճ երեխեքը քիչ էր մնում լացեին։ Լավ է, շուտ ասացին, որ ուղղակի կշռելու են։

Ընդհանրապես, կոպիտ են երեխեքի հետ։ Վիլենան՝ ջոկատավարներից մեկը, դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցչուհի է աշխատում։ Սուլիչը հետն է բերել, տեռոր է անում իր ջոկատում, երբ բոլորս իրար հետ ենք, մեզ մոտ էլ։ Էս աղջիկը թե էդ ոնց է գոռում, էլ սուս։ Ձայնը լավն է, երգում է սիրուն, բայց որ սկսեց գոռալ, կչկչոց է դառնում անտանելի։ Իսկ ինքը գոռում է ամեն ազատ պահի։

Մյուս ջոկատավարը՝ Անին, ոչ ձայն է հանում, ոչ էլ։ Մեկ-մեկ տեղի-անտեղի գոռգռում է, ավելի շատ, ձևական։ Էխ, թերանում եք, ընկե՛ր Անի։

Ես չեմ կարողանում գոռալ իրենց վրա։ Նախ, ձայնս չի լսվում, հետո էլ ամենամեծ երեխաներից 7 տարով եմ մեծ, իմ բոյի մարդիկ են (ես չինար չեմ), իրենց վրա գոռամ, անիմաստ կլինի, չեն էլ լսի։ Ես հանգիստ եմ խոսում, բացատրելով, ընկերական, որ ճնշված չզգան իրենց։ «Ստռախ գանյատ» անելու չենք եկել։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Տնօրենն էլ, օյ, խիստ է շատ։ Շատ է գոռգոռում։ Իր ճամբարում իր կանոններն է թելադրում, բան չասացի, բայց երեխա են, դե, էդքան խիստ չի կարելի։ Էսօր, լավ է, ծնունդ ունեինք, թե չէ՝ ուզում էր պատժել բոլորին՝ երեկոյան պարերից զրկելով։ Ինձ թվում էր՝ գոնե թխվածք կունենանք, գոնե մի կտոր, բայց չէ։ Մենակ շրջանով կանգնեցինք, «Տարեդարձ է այսօր» երգեցինք։ Վերջ։

Վայ, հա, էսօր «Թամզարա» պարն էինք սովորեցնում։ Էդ էլ ուրիշ պատմություն էր։ Մտել էի շարքի մեջ, որ կողքից նայեն քայլերին, հեշտ սովորեն։ Մյուս ջոկատից Ռուբենի հետ ծանոթացա։ Հրաշք երեխա։ Էնքան բան գիտի, էնքա՜ն էներգիա ունի։
Բողոքում էր, որ անհետաքրքիր պարեր ենք սովորեցնում, սրտով չէր, շատ էր նեղվել։
Իրիկունը, որ լատինո միացավ, փորձում էի ջոկատիս աղջիկներին պարացնել, որ չամաչեն, գան կենտրոն, անկապ շարժվեն թեկուզ երգի տակ. կարևորը՝ մասնակցեն, չքաշվեն։ Էս Ռուբենը ծաղկեց, ակտիվացավ, դահլիճի մեջտեղը սկսեց պարել։ Եկել է՝ հետս պարի։ Բալետի, բրեյքդանսի շարժումներ է ցույց տալիս։ Մի քիչ գովեցի, ուրախացավ։

Շրջանով կանգնել էինք, որ տնօրենը, էլի ու էլի խոսի էս երեխեքի վրա։ Ռուբենը կողքիս էր։ Սկզբում բողոքում էր, որ մանկական գաղութ է եկել։ Բայց հետո ասաց՝ եկող տարի էլ կգա ու խնդրեց, որ ես էլ գամ։ Հետո նեղացավ, թե ինչի իրենց ջոկատը չեն ընտրել, առաջիններին եմ վերցրել։ Դեհ, էդպես ստացվեց։ (Գլուխ չեմ գովում, բայց էլի են ասել, որ լավ կլիներ ես լինեի իրենց ջոկատավարը. կոկորդ ճղելով չի, վախեցնելով չի):

Մի խոսքով՝ չեմ ընդունում էս վերաբերմունքը, որ հաշվի չեն առնում երեխաների անհատականությունը: Երեխաներն էլ շատ տարբեր են, տարբեր մոտեցում է պետք։ Լացողի կողքով անտարբեր անցնելը կամ՝ «ոչինչ, մի՛ լացիր» ասելը չի օգնել ու չի էլ օգնելու։

Իսկ էսքանից հետո գիշերը ժողով անել ու ասել՝ երեխեքի վրա աշխատեք չգոռալ, խոսեք հետները, տեսեք՝ ինչ հետաքրքիր բաներ կպատմեն, էդ ուղղակի երկերեսանիություն է թվում։
Հա, էս գյուղը՝ Եղնաջուրը, Վրաստանի ու Թուրքիայի հետ սահմանակից է։ Չիվիլլի նախկին անունն էլ թուրքական էր։ Մեզ առաջին օրը հաշվառեցին, որ իմանամ, թե քանի հոգու նկատի ունենան իմ պաշտպանության տակ։

Էսօր էսքանը, սահմանից բարևներ։