Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 3

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Երբ քո ջոկատը հերթապահ չի, առավոտը բարի է։

Էսօրվա համար ծանր գործեր չկային, օրվա պլանը մշակել էինք երեկ գիշերը, մնում էր իրագործելը։ Եղանակը մի քիչ վատն էր, դրսում շատ չխաղացին, թե չէ՝ ամեն ինչ հարթ անցավ։
Առավոտյան մարզանքը ես եմ վարել, թու-թու-թու, լսում էին, սուս էին երեխեքը, լավ անցավ։
Դասերի ժամին «Պատմական լոտոյից» քարտեր էինք վերցրել, ջոկատներին սովորեցնում էինք հարցերի պատասխանները։ Ձեռքի հետ էլ ինչ հասցնում՝ պատմում էի հարակից թեմաներից։ Դարվինիզմից էլ ենք խոսել, ըմբշամարտից էլ, կիթառի լար էլ ենք հասցրել պոկել։ Ամեն ինչ արել ենք։
Մինչև հանգստի ժամը շատ թե քիչ լավ էր ամեն ինչ։ Բայց հանգստի ժամին գժվեցին երեխեքը։ Պատերն էին մագլցում, մահճակալներն էին շարժում՝ չնայած, որ արդեն 3-րդ օրն է, իսկ իրենք ամեն օր ամեն ազատ ժամի տեղափոխություն են անում։
Երկու սենյակ պատժվել էին, ետճաշիկից հետո մի ժամ չխաղացին, սենյակներում մնացին։
Էդ ընթացքում չպատժված տղաներր դրսում ֆուտբոլ էին խաղում, աղջիկներն էլ ինձ հետ ներսում էին։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Սպրոտլանդիա էի արել երեխեքիս համար։ «Վազք՝ արգելքների հաղթահարումով» էի սարքել ձեռքի տակ եղած միջոցներով՝ պարանով, օղակներով։ Ժամանակ էի պահում, վազելով անցնում էին, հետո գնդակը պիտի ամենաշատը 3 փորձից գցեին զամբյուղը։
Զարմացա, բայց տղաների մի մասին էլ հետաքրքրեց էս խաղը։
Հետո ջոկատիս ավագին վոլեյբոլով հաղթեցի, նեղսրտած եկավ «ռեվանշի»։ Նորից հաղթեցի, մտածեցի՝ հերիք է։
Մի քանիսին սեղանի թենիս խաղալ սովորեցրի, ճամբարի լավ խաղացողի հետ խաղացի, բայց էլի հաղթեցի։
Մի պահ մտածում էի. «Չեմ խղճում էս երեխեքին, հաղթում եմ, կարող է՝ նեղվեն»։ Բայց հետո ասացի՝ լավ դե, խաղում ենք հիմա։
Աջ ու ձախ բոլորի հետ 3 ժամ խաղացինք ջոկատավարներով, մեր էներգիան սպառվեց, երկրորդ շունչը վերջացավ, իրենք դեռ թռվռում էին։
«Պատմական լոտոյի» սովորածներն ամրապնդեցինք, մի քիչ էլ թռվռացին ու գնացին ընթրելու։
Սրանից հետո սկսվեց «կաշը»…
Վայրենի ձայների վրա ընկեր Լուսինեն եկավ (մեր խոհարարը ու համատեղությամբ ճամբարը հովանավորող եկեղեցու աշխատողը, ով ընտրում է ճամբար եկող երեխեքին): Ընկեր Լուսինեն երեխեքի ահ ու սարսափն է։ Իրեն հունից հանելը ամենաբարդ բանն է։ Բայց էս անբնական ձայների վրա ինքն էլ զայրացավ։
Երեխեքի վրա ահագին խոսեց, որ ագրեսիա ու չարություն կա մեջները, դրա համար մարդկային ձայներ չեն հանում։ Իսկ դրա տեղը ինքը ուզում է զրնգուն ծիծաղ լսի ու իրար հանդեպ հարգանք։
Էսօր, իրոք, համը հանել էին։ Կռիվների քանակն էլ նորմայից ավել էր։ Տնօրենը սպառնաց, որ մյուս օրվա Վարդավառին գետի մոտ չի տանի (լեզուները կուլ գնաց սրա վրա):
Նախատեսել էինք, որ բժշկուհին՝ տատիկս, մրսելու մասին մի երկու խոսք ասի նախքան գնալը, բայց չտեղավորվեցինք ժամանակի մեջ։
Տատիի մոտ «անիմաստ» հիվանդներ շատ են գնում։
-Ընկա թևիս վրա, երեխեքը վրայովս անցան, թևս ցավում ա։
-Ես բան չեմ արել, ոտքս բռնվել ա։
Ու նման թեթև բաներ։ Տատին էլ հերթով վիրակապ է փաթաթում, երեխեքն էլ գիտեն, թե դա է բուժելու ձևը. արագ լավանում են։
Էսօր շատ խոսեցինք երեխեքի վրա, բայց տեղին էր, շատ էին կատաղել։
Տեսնենք՝ վաղը ոնց կպահեն իրենց։
Մինչ վաղը, ժողովո՛ւրդ։