Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 4

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Երեխեքի առօրյան աշխատում ենք լցնել դասերով էլ։ Օրինակ՝ այսօր Վարդավառի մասին Աստվածաշնչից տեղեկություններ էր պատմում ջոկատավարներից մեկը՝ ընկեր Անին։

Քանի որ էս երեխեքը բոլորը եկեղեցու խմբակներ են գնում, իրենք ավելի լուրջ են մոտենում հավատքին ու աղոթքներին։
Մեր ճամբարի սարկավագն ասաց, որ մկրտվածները ամեն կիրակի կարող են ու պիտի եկեղեցի գնան՝ հաղորդություն ստանալու։
Ու քանի որ Վարդավառն էլ կիրակի օրն էր, մենք գնացինք ճամբարից մի 400 մետր հեռու մատուռը, որ 2000-ականներին էր կառուցվել։
Դրանից հետո երեխեքին հավաքեցինք ու գնացինք գյուղի մոտի հէկ-ը, որ մի 4կմ հեռու էր (տնօրենի ասելով շատ մոտիկ է, ուղղակի մենք սովոր չենք)։  Ճանապարհին ջոկատս խոստանում էր, որ ընկեր Անուշին ջրելու են։ Բայց հասանք տեղ, մոռացան ամեն ինչ, թռան գետը ու ոտից գլուխ ջուր դառան։ Ընկեր Անուշը չոր էր հետ վերադառնում, մինչև ջրի շշերը չհանեցին ու բոլոր կողմերից չջրեցին։
Ճամբարի բակում էլի մի լա՜վ ջրվեցին, հավեսները հանեցին։
Ճաշից հետո էլի «Պատմական լոտո» էինք խաղում։ Էս երեխեքը ահագին հետաքրքրասեր են, եթե ինֆորմացիան կարողանաս լավ մատուցել, ուշադրություն գրավել։ Կարգին ուրախացա, որ լոտոյից դուրս ասածներս հիշում էին, լատիներեն «veni, vidi, vici»-ն նույնիսկ հիշեցին։ (Մեր մեջ ասած՝ սովորեցրել եմ, որ էդպիսի օղի էլ կա):
Էս գնալ-գալով երկար օրվանից հետո քամվել էի։ Ասում եմ՝ երեխեք, թռանք քնելու, ասում են՝ վա՜յ, բա խաղալը։ Հարցրի՝ հոգնած չե՞ն, ասում են՝ չէ, ի՞նչ եք ասում։ Որտեղի՞ց սրանց այսքան էներգիա։ Էնքան շատ, որ գիշերը չեն քնում։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Հա, բան պատմեմ, բայց մեր մեջ մնա։
Գնացի տղաների սենյակ, որ հանգստացնեմ։ Էնքան էին աղմուկ անում, որ մինչև իմ սենյակ հասնում էր։ Ես ու ընկեր Վիլենան մտանք սենյակ, խոսում ենք դրանց վրա, որ աղմուկ չանեն։ Մեկ էլ զգամ, որ տարօրինակ են ծիծաղում սրանք։ Ի՞նչ արած լինեն։
Երկու հոգով մտել էին մեկի տեղերի մեջ, մեկին վերմակի տակ էին պահել։ Էն էլ ի՞նչ վերմակ։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Ասում ենք՝ Հաբեթ, թռար տեղդ։ Ասում է՝ հանված եմ, ամաչում եմ։ Ի՞նչ կլինեք էդ պահին։
Մի 5 րոպեից էլի մտա սենյակ, էս անգամ լավ էր, ազդվեցին։ Հիմա մենակ սենյակիս աղջիկների նուրբ խռռոցի տակ եմ քնելու։

Անուշ երազներ, ընկե՛ր Անուշ։