Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 5

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Նախաճաշից ու սանիտարական ժամից հետո երեխեքին բաժանեցինք ջոկատներով, որ դաս անենք։

«Մանանայում» սովորած խաղը, որ իրարից անկախ մի քանի բառ ենք վերցնում ու դրանցով փորձում ենք պատմություն գրել, ես փորձարկում էի երեխեքի վրա։ Հանձնարարեցի 10 րոպեում պատմվածք գրել, բայց էնպես, որ կարդամ, բան հասկանամ էդ գրածից։
Մի մասը լավ էլ կարողացան։ Ճամբարի տնօրենն էլ հավեսով կարդում էր գրածները։ Վերջում էլ ջոկատի լավագույններին կոնֆետ տվեցի որպես մրցանակ։
Ճաշից հետո գնացինք արշավ։ Էս անգամ ուրիշ սար արդեն։ Ճամբարի հետևով դուրս եկանք, երկար ճամփա գծելով գնացինք սար։ Էնքան էլ սիրուն ուղիղ գծով էինք գնացել, հպարտանում էինք մեզնով։
Մինչև գագաթ ճանապարհը շատ երկար չէր, բայց դժվար էր։ Էդ սարի մոտով գետ է հոսում, ու դրա համար կողքերը լրիվ ճահիճ է դարձել։ Իրար օգնելով, հրելով, քաշելով՝ մի կերպ հասանք սարի փեշերին։
Աստիճանաբար վերև էինք բարձրանում, տեղ-տեղ կանգնում էինք, որ շունչ քաշենք։ Երեխեքն էլ անդադար քաղում էին լիքը-լիքը ծաղիկներ, տալիս էին կամ ջոկատավարներին, կամ իրենց հավանած աղջիկներին։ Վերջում ծաղկեփունջս մի կեպ էի պահում։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Որ հասանք գագաթին, էդ ինչ սիրուն տեսարան բացվեց… Արփի լիճն էր։
Բացի սիրուն տեսարանից՝ բոլոր օպերատորների կապը մաքսիմալ լավ բռնում էր։ Էս ճամբարը Բերմուդյան եռանկյունու պես է լրիվ։ Ներսում մեկ կապ կա, մեկ չկա։ Եթե կա էլ, հատուկ կետերում. օրինակ՝ ճաշարանի անկյունում, տղաների սենյակի վերջին պատուհանի մոտ, ջոկատավարներից մեկի սենյակի դռան հետևից։

Սարի գլխին երեխեքին մի քիչ ազատություն տվեցի, զանգեցին տուն։ Ջոկատիցս մեկը մոտեցավ, ասում է՝ ընկե՛ր Անուշ, մամաս ուզում է խոսի Ձեզ հետ։ Վերցրի հեռախոսը։ Մաման ասում էր, որ իրա աղջկան նկարեմ, հետո վայբերով նկարները ուղարկեմ իրեն։ Թե բա՝ հուշ ա, թող մնա։

Հետդարձի ճանապարհին ջոկատիցս մի տղա ու մի աղջիկ իրար ձեռք բռնած էին գնում։ Մաքուր օդը մտերմացնում է մարդկանց։ Ու իրենց պատմությունը ընդամենը մի փոքր մաս է էս սիրային տարբեր խաղերից, էս բրազիլական սերիալից, որ կա ճամբարում։
Ամեն առավոտ տեղի «բիբիսիները» տեղեկացնում են, թե ինչ է կատարվել էդ գիշերվա ընթացքում։
Ամեն ցերեկ տեղի «բիբիսիները» պատմում են, թե ինչ նոր արկածներ են եղել պատանի սիրահարների կյանքերում։

Պարապ չենք մնում էստեղ։ Ուրախանում ենք երեխեքի պատմություններով։