anush davtyan

Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 6

Մտադրվել էինք տարբեր դասեր անել երեխեքի հետ։ Բայց ինչպես համարյա ամեն օր,  պլանները լրիվ խառնվեցին։

Դասերի համար հատկացված ժամին, երբ մենք պիտի զբաղվեինք ամեն մեկս իր ջոկատով, ճամբար այցելեց Հայր Սուրբը ու բերեց եկեղեցու երգչախումբը։ Ասում էր, որ ամենաշատը 12 րոպե կտևի։
Քառասուն րոպե անց Հայր Սուրբը հարցրեց.
-Հոգնա՞ծ եք, երեխե՛ք։ Դե լավ, շատ չտանջեմ ձեզ, քարոզ չեմ կարդա։ Կարդա՞մ։
Ու սկսեց քարոզ կարդալ, ինչը տևեց էլի մոտ 20 րոպե։
Երեխեքը հալվել էին սեղաններին, զգացվում էր, որ տանջվում էին։
Երեխաներին ակտիվացնելու համար երեկոյան որոշեցինք մի բան անել։ Տանգոյի երեկո կազմակերպեցինք։
Նախօրոք երեխեքին բացատրում էի, թե ոնց պիտի տղան կանգնի, ոնց՝ աղջիկը։ Հետո տղաների հետ առանձին զրույց ունեցանք, որ ֆուտբոլից հետո գնան, մաքրվեն, լվացվեն, սիրուն հագնեն, որ աղջիկներն ուզենան իրենց հետ պարել։
Էս տղերքը գնացին, զուգվեցին-զարդարվեցին, օծանելիքները ցանեցին, ակնոցները դրեցին ու ներկայացան դահլիճ։
Աղջիկներն էլ ոնց կարում, սիրունանում էին։ Ճամպրուկների խորքերում պահած էն լավ-լավ շորերը հանեցին, հագան, մազերը թափեցին, հավաքեցին, էլի թափեցին, էլի հավաքեցին, վերջապես հանգստացան։ Եկավ ներքև իջնելու պահը, սրանք հրաժարվում են։
Էս երեխեքը էնքան էին վախենում, որ իրենց պարի չեն հրավիրի, որ նախընտրում էին չգնալ։ Հերթով համոզելով տարել եմ դահլիճ։ Ով զույգ չուներ, բոլորին զույգ ենք գտել, ջոկատավարներն ու տնօրենն էլ են պարել, որ նստած մարդ չմնա։ Բայց մեկ է, կային էնպիսի դեմքեր, որ տղաներին քացով խփում, հեռու էին ուղարկում։
Մի խոսքով, կռվով-դավով սրանց պարեցրինք։ Ուրախացան ահագին։ Պարելու ժամանակ երեխեքը բամբասում էին, թե ով ում հետ է ընկերություն անում։ Իրար հետ պարողները գրեթե միշտ իրար ընկեր-ընկերուհի էին։ Ու էս բրազիլական սերիալը մենք ամեն օր ենք նայում։

Ամեն դեպքում օրը շատ հագեցած է անցնում, եթե մի քանի դրամա ենք խառնում։ Երեխեքն էլ խոսելու առիթ են ունենում երեկոյան տանգոյի ժամանակ։