Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 8

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Ութերորդ օրը մեծ կռիվ եղավ։
Օրվա ընթացքում մանր-մունր հրմշտոցները աճեցին ու դարձան մի լիարժեք «խփոցի»։

Մեր ճամբարում ամեն օրը բրազիլական սերիալից մի թողարկում էր։ Սկզբում երկու աղջիկ սիրում էին նույն տղային, հետո տղան ամեն մեկին առանձին-առանձին սեր խոստովանեց։ Հետո դրա մասին իմացավ ամբողջ ճամբարը, ու սկսվեց տասնօրյակի ամենաճոխ կռիվը։
Է՛լ էդ տղայի սենյակ գնալ-գալ, է՛լ գոռգռոցներ, է՛լ հրմշտոցներ, է՛լ դուռը շրմփացնել։ Բոլորը խառնվել էին էդ կռվին։ Ով հասցնում էր, խփում էր էդ տղային, որովհետև «իրեն հասնում ա»։
Էս ամեն ինչը լուծվեց մի կերպ, հանդարտվեցին բոլորով։ Մեկ էլ հաջորդ օրը էդ աղջիկներից մեկի (այսուհետ՝ Մարիամ) համար կռիվ են անում:

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Մի խումբ աղջիկներ մտել էին ֆուտբոլի դաշտ. անունով՝ իրենք էլ պիտի խաղային։ Իսկ իրականում մեր նկարիչ պարոն Սարգսին խնդրում էին, որ իրենց դիմանկարն անի։ Պրն Սարգիսն էլ, ախր, ինքն է ընտրում, թե ում նկարի։ Օրինակ՝ ինձ ինքն էր կանչել (հա, ես էլ եմ օգտվել էդ ակցիայից)։ Տղաներն էլ ջղայնացան, ասացին՝ դուրս գնացեք, խանգարում եք։ Աղջիկների հեչ պետքն էլ չէր։ Մեկը քաշեց Մարիամի թևից, որ գնա դաշտից, էդ սիրահարված տղան էլ չդիմացավ, բռունցքով խփեց քաշողի քթին։ Քաշողի եղբայրն էլ իր հերթին չդիմացավ, խփեց դրա բերանին։

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Ու էս ամեն ինչը էնքան արագ կատարվեց, որ նորմալ բան էլ չհասկացանք։ Մինչև իրարից պոկեցինք, տարանք մի կողմ, սրանք էլ ավելի բորբոքվեցին։
Հետո հատ-հատ ամեն մեկի հետ զրուցել ենք, որ տեսնեք, թե ով էր մեղավոր, ինչից սկսվեց ամեն ինչ։ Ու էս պատմության վերջում էդ սիրահարված տղային ուղարկեցին տուն, որովհետև մենակ մի օրվա մեջ արդեն երեք կռիվ արել էր։ Էդ տղան էլ, իմիջիայլոց, իմ ջոկատից էր։ Ու ընդհանրապես կապ չունի, որ մնացել էր ընդամենը երկու օր։