Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 9

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Առաջին հոսքի վերջին օրն էր։ Նախապատրաստել էինք տարբեր բաներ երեխեքի համար։ Թեթև օլիմպիադա անցկացրինք՝ արագ փորձություններով։

Կազմել էինք ցուցակ, որ ամեն ջոկատից ամեն երեխա գոնե մեկ անգամ մասնակցի։ Մոտ տասը-տասնմեկ փորձություն էինք մշակել։ Օրինակ՝ ալյուրով լցված ափսեի միջից բերանով գտնել կոնֆետը, բայց էս ամեն ինչը փակ աչքերով։ Կամ ով ավելի արագ կուտի բուլկին, ով ավելի արագ կառանձնացնի ոսպը սիսեռից։ Մի քանի հատ էլ թիմային ունեինք։ Օրինակ՝ ով ավելի արագ կարող է բաժակից թեյի գդալով ջուր խմեցնել դիմացինին կամ ծիրանի կորիզները կոտրել ու տալ մյուսին։

Էսքանից ամենադժվարը երևի բուլկին էր։ Մի քիչ չոր էր, երեխեքը տանջվելով էին ուտում. կուլ չէր գնում։ Հետևից գոռում էին. «Կե՛ր, կե՛ր»։ Բայց ում է պետք, եթե չեն կարողանում։

Էսպես էլի մի քանի բան, որ համ սովորեն իրար հերթ տալ, համ էլ թիմային աշխատանքի ունակություն ունենան։

Փորձություն կար, որ պիտի փուչիկ փչեն արագության վրա։ Դրա հաջորդ փուլում, էդ փչած փուչիկներին նստելով, պիտի պայթեցնեին։ Բայց էս երեխեքը էնքան էին ակտիվացել, որ ասացին՝ մենք քթով էլ կարանք։ Ու որոշեցին քթով անել։ Էնքան էլ լավ չէր ստացվում։ Մեկը փորձեց կծել էդ խեղճ փուչիկը, բայց բան չստացվեց։

Ժյուրի ունեինք, որ գնահատում էր երեխեքին։ Փորձություններից մեկը վարունգը ձևավոր կճպելն էր։ Ժյուրին իր ճաշակով գնահատեց ու միավորը տվեց էն թիմին, որի կճպած վարունգը հավանել էր։ Բայց մեր մեջ ասած՝ շատ վատ էին ձևավորել, անտանելի վատ։

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Օրվա վերջում երեխեքը հայտարարեցին, որ մեզ համար միջոցառում են ուզում անել։ Փոքր ներկայացում, որին մի օրում պիտի պատրաստվեին։ Փորձերից մեկին ներկա էի։ Որոշել էին հարուստների ու աղքատների փոխհարաբերությունների մասին բեմադրություն անել։ Գործողություններր դպրոցում էին լինելու՝ դասարանի երեխեքի միջև։ Բայց ցավոք սրտի, էդպես էլ չհասցրին պատրաստվել։ Կիսատ մնաց։ Համենայնդեպս, մենք իմացանք, որ իրենք խելոք մտքեր էլ են ունենում, ոչ թե մենակ՝ չարություն ու կռիվ են անում։

Էդ նոտայի վրա գնացին քնելու, որ առավոտը զարթնեն ու ճամփա ընկնեն։ Նոր հոսքը պիտի գար, ու էդ ավտոբուսով գնային հին երեխեքը։

Լիքը-լիքը գրկեցինք իրար, «ես Ձեզ կկարոտեմ»-ներ լսեցինք։ Բարի ճամփա ասացինք և ուղարկեցինք Գյումրի։

Հա, երեխեքից մեկի մաման խնդրել էր, որ նկարեմ իր աղջկան, հետո նկարներն ուղարկեմ ինտերնետով։ Քանի օր անցել է, բայց դեռ ինձ գրում է, որ իր աղջիկը անդադար պատմում է, թե ինչ լավ էր ճամբարում, թե ոնց է կապվել ինձ հետ։ Անկեղծ ասած՝ էնքան էլ չեմ հավատում, որովհետև հեչ լսող չէր էդ երեխեն։ Բայց որ ամեն մեկը հետը մի լավ բան տարել է, դրանում համոզված եմ։