Ճամբարական ջոկատավարի օրագիրը. օր 9

Լուսանկարը՝ Անուշ Դավթյանի

Օրը սկսվեց սովորականի պես։ Մարզանքից, նախաճաշից ու սանիտարական ժամից հետո, երբ եկավ դասերի ժամանակը, ամեն մեկն իր ջոկատն առավ, գնաց մի սենյակ, որ զբաղվի հետները։

Մենք գնացինք ճաշարան, որտեղ դաշնամուրն է դրված, որ երեխեքին դաշնամուրի դաս տամ։

Մի թեթև խոսեցի նոտաներից, օկտավաներից, դիեզներից ու բեմոլներից։ Հետո «Жили у бабуси» երգը սովորեցրի մի քանի հոգու։ Ընդհանուր գոհ մնացին։

Քիչ անց եկան ու բոլորիս կանչեցին դուրս. դիմացի սար արշավի էինք գնալու։ Օրը ցուրտ էր, ամպամած ու քամոտ։ Վերցրինք տաք շորեր, ջուր ու էլի տաք շորեր։ Պիտի արշավի գնայինք դիմացի սարը։

Երբ բոլորը հավաքվեցին, սկսեցինք աստիճանաբար բարձրանալ։ Սարը ահագին բարձր էր, ու էդ խոտերի միջով բավականին դժվար էր գնալը։ Ես վերջից էի քարշ գալիս։

Պարոն Արտաշից՝ մեր սարկավագից, սովորեցի, որ սարը ոլոր-մոլոր ճամփեքով են բարձրանում, ոչ թե ուղիղ մի գծով, որ չհոգնեն։ Հետդարձին արդեն ավելի խելոք գտնվեցինք։

Բարձրանալու ամբողջ ճանապարհին ջոկատիս Հասմիկը ծաղիկներ էր քաղում ինձ համար։ Բայց սարի գլխին երկու րոպեով մենակ թողեցի ծաղկեփունջս, էլ չգտա։ Հետադարձին Հասմիկը նորից քաղեց համարյա նույն ծաղիկներից, որ տեղը լրացնի։

Սարի գլխին երգում էինք «Գինի լից»-ն ու «Թամզարա»-ն։ Զրուցում էինք տարբեր բաներից, ծաղիկներ էինք հավաքում, հետո ամեն մեկը իր «սիրածին» էր տալիս էդ ծաղիկները։

Հետդարձին արդեն դիմացից էի գնում, առաջին խումբն էի իջեցնում։ Ահագին արագ իջանք, հասանք տեղ ու սկսեցինք շատ արագ հաց դնել, որովհետև ճաշի ժամից ուշացել էինք։

Հանգստի ժամին, երբ ջոկատավարներով հույս ունեինք հանգստանալու, ճամբար ձի բերեցին։

Երեխեքը հերթով նստեցին վրան, պտտվեցին բակի դիմացի հատվածով։ Ջոկատավարներն էլ օգտվեցին էդ ակցիայից։ Մերը բոնուսով էր բայց. շենքի շուրջբոլորը լրիվ պտտվել ենք։

Ես էնքան էի լարվել, որ իջնելուց դեռ հինգ րոպե հետո էլ մկաններս ձգված էին։ Առանց էդ էլ վախենում էի, որ կընկնեմ, մի բան էլ ճանապարհին տնօրենի շունը դուրս թռավ։ Մտածում էի ձին կխրտնի, բայց չէ, լավ պրծա։ Վերջում լարվածությունից չէի կարողանում իջնել էդ ձիուց, գերադասում էի մնալ վրան։

Էս հագեցած օրվա վերջում «դիսկոտեկ» կազմակերպեցինք, որ երեխեքը լիցքաթափվեն։ Պարեցին, ուրախացան։ Վերջում էլ բոլորս միասին ազգային պարեցինք։ Լավ ստացվեց։ Նախորդ օրվանից հետո էս մեկը հաջողված էր։ Վաղը վերջին օրն է լինելու էս հոսքի հետ։ Տեսնենք՝ ոնց կանցնի։