anush davtyan

Ճամբարական ջոկատավարի օրագիրը

Ճանապարհներով, ճանապարհներով,
Ես գնում եմ ու գնում եմ ճանապարհներով…

Գնում էի «Քյավառից Լեննական» ճանապարհներով, շատ խուճուճ էի գնում։ Քյավառ-Երևան-Երևան-Երևան-Լեննական։ Երևանում էնքան պտտվեցինք, որ Կիևյանից Մասիվ ընկած բոլոր շոգերի մեջ այրվեցինք։ Հետո վերջապես դուրս եկանք քաղաքից, ու մի հո՜վ, մի պատուհանից փչող քամի՜, ջա՜ն…

Գնում էի ճամբար։
Կյանքիս առաջին ճամբարն էր, բայց հենց սկզբից ջոկատավարի կարգավիճակով էի գնում։
«Շեն» հասարակական կազմակերպությունը և Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը միասին են կազմակերպում էս ճամբարը Եղնաջուր գյուղում, որը Թուրքիայի ու Վրաստանի սահմանին է։ Եկեղեցին ու «Շենը» իրենց ուժերով ու կամավորների (հիմնականում՝ սփյուռքահայ) օգնությամբ ֆինանսավորում են  ճամբարը։
Ամեն տարի գալիս է երեք հերթափոխ, ամեն մեկը 10 օր է մնում։
Երեխեքին ընտրում է ընկեր Լուսինեն։ Էս երեխեքը եկեղեցուն կից խմբակներ են գնում։ Ասենք՝ երգի, պարի, ասեղնագործության։ Ու այդ խմբակներից էլ ընտրում է երեխեքին։
Բայց տատիս որ խնդրի, ընկեր Լուսինեն մի երկու ուրիշ երեխա էլ կներառի: Դե, տատին ներսի մարդ է, 13 տարի ամեն ամառ գալիս է էստեղ ու բժիշկ է աշխատում։

Ես էլ պարապ էի լինելու էս ամառվա կեսը, որոշեցի գործ գտնել։ Իր ոտքով գործը չէր գալիս, սկսեցի ես ման գալ։ Տատիկին հարցրի՝ պատասխանատու ջոկատավարի կարք չունե՞ն։ Սկզբում ասել էր՝ չէ, բայց հետո մի տեղ ազատվեց, ինձ հրավիրեցին։

Ես երկու հերթափոխ եմ մնալու, միասին՝ 20 օր։ Հուլիսի կեսը անցկացնելու եմ ճամբարում՝ ինտերնետից ու հեռախոսի կապից կտրված։
Բայց այս խիտ գրաֆիկը հաստատ չի թողնի ոչ մի ազատ րոպե ունենալ։

Մի խոսքով՝ սպասեք ճամբարական ջոկատավարի օրագրին։